Pegasus. ինչպե՞ս են թիրախավորել Հայաստանը

20 Հլս 2024

2020 թվականից ամռանից մինչև 2023-ի աշուն Pegasus լրտեսող ծրագրի միջոցով Հայաստանում թիրախավորվել է մի քանի հարյուր անձ՝ պետական, քաղաքական, տնտեսական, հանրային գործիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Այս մասին տեղեկանում ենք «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» հրապարակած նոր զեկույցից, որը համակարգված տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանում Pegasus լրտեսող ծրագրի կիրառության մասին։

Թիրախների շարքում են եղել հանրապետության առաջին երեք դեմքերը՝ երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրանց ընտանիքների անդամները։

Հայաստանյան օգտատերերը Apple-ի ծանուցումները սկսել են ստանալ 2021 թվականի նոյեմբերից, սակայն այդ ծանուցումներում հստակեցված չէին հարձակվողները կամ ինչ տեխնոլոգիա է կիրառվել, ինչը բացահայտելու համար լրացուցիչ ուսումնասիրություն իրականացվեց։

Access Now-ի, CyberHUB․Am-ի, Տորոնտոյի համալսարանի Munk School of Global Affairs-ի (the Citizen Lab), Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի և թվային անվտանգության գծով հետազոտող Ռուբեն Մուրադյանի համատեղ հետաքննության արդյունքում 2023 թվականի մայիսին հայտնի դարձավ 12 դեպքերի մասին, երբ Apple-ի զգուշացնող ծանուցումներ ստացողների iPhone-ները փորձաքննության ենթարկեցին, և հետազոտողները պարզեցին, որ նրանք թիրախավորվել են Pegasus լրտեսող ծրագրի կողմից:

Հայտնի է, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը թողարկում և վաճառում է իսրայելական NSO Group ընկերությունը: Pegasus-ն օգտագործում է բջջային սարքերի անվտանգային խոցելիությունը՝ չթույլատրված մուտք գործելու համար։ Թիրախի սմարթֆոնում ներկառուցվելուց հետո, Pegasus-ը հարձակվողին թույլ է տալիս մուտք ունենալ օգտատիրոջ գաղտնաբառեր, կոնտակտներ, օրացույց, տեքստային հաղորդագրություններ, զանգեր, անգամ՝ միացնել հեռախոսի տեսախցիկը և խոսափողը՝ սարքի մոտակայքում առկա իրավիճակը արձանագրելու համար:

CyberHUB․Am-ի ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ հայաստանյան տարբեր նախկին և գործող պետական պաշտոնյաների, պատգամավորների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների ավելի քան երկու հարյուր iPhone-ներ ստացել են սպառնալիքների մասին Apple-ի ծանուցումները։ Ընդ որում, հայաստանյան փորձագետները, ուսումնասիրելով Apple-ի ծանուցումները ստացած անձանց տասնյակ հեռախոսներ, նախնական եզրակացության են հանգել, որ դրանց ճնշող մեծամասնությունը թիրախավորված է եղել Pegasus-ով, թեև հայտնաբերվել են նաև այլ կիբեռլրտեսական ծրագրերով թիրախավորումներ ևս։ Ընդ որում, Pegasus֊ի կիրառումը հատկապես ակտիվ է եղել հայ-ադրբեջանական սրացումների՝ պատերազմի, սահմանային բախումների, հայ-ադրբեջանական առանցքային բանակցությունների, հայաստանյան ներքաղաքական լարվածության ժամանակաշրջանում, ինչն առաջին հիմքերից էր կասկածելու, որ Հայաստանում, Հայաստանի դեմ ծավալվող կիբեռարշավների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։