Ի՞նչ են նշանակում Apple-ի նախազգուշացնող ծանուցումները

18 Մյս 2024

2024 թվականի ապրիլի 10-ին Apple-ը նախազգուշացնող ծանուցումներ ուղարկեց 92 երկրներում iPhone-ների օգտատերերին։ Տեքստում ասված էր. «Apple-ը հայտնաբերել է, որ դուք լրտեսող ծրագրի թիրախում եք, որը փորձում է հեռակա կարգով ներթափանցել ձեր Apple ID-ի հետ կապված iPhone։ Այս հարձակումը, ամենայն հավանականությամբ, ուղղված է ձեր դեմ՝ հաշվի առնելով, թե ով եք կամ ինչով եք զբաղվում: Թեև հնարավոր չէ բացարձակ որոշակիության հասնել նման հարձակումների հայտնաբերման ժամանակ, սակայն Apple-ը վստահում է այս նախազգուշացմանը։ Խնդրում ենք, լուրջ վերաբերվել»:

Նման ծանուցումներ Apple-ը ուղարկում 2021 թվականից: Նախորդ ալիքը 2023 թվականի հոկտեմբերին էր:

Ի՞նչ է լրտեսող ծրագիրը

Լրտեսող ծրագրերն օգտագործվում են տարաբնույթ սարքեր (առավել հաճախ՝ սմարթֆոններ) ներթափանցելու, դրանց նկատմամբ հսկողություն հաստատելու նպատակով: Նման ծրագրերի միոջոցով չարագործներն ի վիճակի են սարքից տեղեկություններ քաղել՝ առանց օգտատիրոջ համաձայնության: Լրտեսող ծրագրերի միջոցով ժողովված տվյալները այնուհետև կարող են փոխանցվել որևէ երրորդ կողմի․ սովորաբար, պետական կառույցներին:

Ներթափանցման լայն կարողություններ ունեցող այդ ծրագրերն ի վիճակի են ցանկացած ծավալի տվյալներ «տեղափոխել» ձեր սմարթֆոնից՝ գրեթե հետք չթողնելով, և օգտատերը առանց համապատասխան մասնագիտական ուսումասիրության դժվար թե տեղեկանա այդ մասին։

Այդպիսի ծրագրերի մշակումն ու կիրառությունը ողջ աշխարհում այլևս այն աստիճանի է հասել, որ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, արդեն նաև՝ կառավարություններ ջանքեր են գործադրում լրտեսող ծրագրերի արգելման համար, քանի դեռ այս ուղղությամբ մարդու իրավունքների համապարփակ պաշտպանությունը չի ձևակերպվել ու կիրառվել միջազգային ու ներպետական մակարդակներում:

Արդյո՞ք նման ծանուցումը նշանակում է, որ սարքը վարակված է լրտեսող ծրագրով

Apple-ի նախազգուշացնող ծանուցումը կարևոր նշան է, որ սարքը թիրախավորվել է լրտեսող ծրագրի միջոցով: Օրինակ, Apple-ի ծանուցումների նախորդ փուլերից հետո Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան (Security Lab) և քաղաքացիական հասարակության խմբերը՝ Access Now-ն և Citizen Lab-ը, թվային փորձաքննության են ենթարկել նման ծանուցումներ ստացած անձանց սարքերը: Բազմաթիվ են դեպքերը, երբ ստուգումները հաստատել են լրտեսող ծրագրերի առկայությունը:

Այս առումով գլխավորապես գործ ենք ունեցել Pegasus ու այլ լրտեսող ծրագրերի հետ, որոնք կիրառվել են Հնդկաստանում, Սերբիայում, Հորդանանում, Հայաստանում և բազամթիվ այլ երկրներում:

Հարկ է նշել՝ նախազգուշացնող ծանուցումը նշանակում է, որ Apple-ը կարծում է, թե փորձ է արվել վարակել սարքը: Այն չի նշանակում, թե հարձակվողը կարողացել է սարքում տեղադրել լրտեսող ծրագրեր: Միայն թվային քրեագիտական ուսումնասիրությունը կարող է հաստատել վարակումը:

Ստացել եմ Apple-ի ծանուցումը ի՞նչ անել

CyberHub.Am-ը առաջարկում է թվային աջակցություն հատկապես ռիսկային գոտում գտնվող իրավապաշտպաններին, քաղհասարակության ներկայացուցիչներին, լրագրողներին՝ նամանատիպ սպառնալիքների պարագայում։

Եթե քաղհասարակության անդամ եք, լրագրող և ստացել եք Apple-ի ծանուցումը, կարող եք կապվել մեզ հետ՝ թվային համապատասխան աջակցություն ստանաու համար։

Հայտնի է նաև, որ օրինակ, Amnesty International-ի Security Lab-ը և Access Now Helpline-ը նույնպես տրամադրում են նմանատիպ աջակցություն։

Չեմ ստացել Apple-ի ծանուցումը, սակայն անհանգիստ եմ ի՞նչ անել

Եթե չեք ստացել Apple-ի ծանուցումը, բայց առկա են պատճառներ ենթադրելու, որ սմարթֆոնը կարող է թիրախավորվել լրտեսող ծրագրերի կողմից, կարող եք, օրինակ, iPhone-ում միացնել Lockdown mode-ը (կողպման ռեժիմը)՝ լրացուցիչ պաշտպանության համար:

Անշուշտ, նախընտրելի է դիմել թվային անվտանգության համապարփակ աջակցություն ստանալու համար։

 

Սույն հրապարակման հիմքում այս նյութն է։