Ինտերնետի անջատումներն 2023–ին՝ աշխարհում և Արցախում

16 Մյս 2024

2023 թվականին աշխարհում արձանագրվել է ինտերնետի անջատումների 283 փաստագրված դեպք՝ 39 երկրներում։

Access Now-ն իր «Ժողովրդավարության անկում, բռնության աճ․ ինտերնետի անջատումները 2023-ին» զեկույցում անդրադարձել է վերջին տարում աշխարհում տեղի ունեցած բռնության իրադարձություններին, բողոքի ակցիաներին, ընտրական գործընթացներին, բնական աղետներին և կոնֆլիկտներին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախ) համատեքստին։

2021-ին աշխարհում կոնֆլիկտներով պայմանավորված ինտերնետի անջատումների փաստագրված դեպքերը եղել են 19-ը, 2022-ին՝ 36, իսկ 2023-ին՝ 76 դեպք։ Այս կայուն և շարունակական աճը մտահոգությունների առիթ է հանդիսանում բոլորիս համար։ Գնալով մեր կյանքի տարբեր ասպեկտները ներթափանցում և փոխկապակցվում են թվային աշխարհի հետ, ինչը նշանակում է, որ հասարակության կախվածությունը համացանցից մեծանում է, մյուս կողմից, ինտերնետի անխափան աշխատանքն ու կապի մեջ լինելը դառնում են առաջնային մարտահրավերներ։ Երկրների իշխանությունները նման քայլերը վերագրում են ազգային անվտանգությանը, հանրային ապահովությանը, ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարին, մինչդեռ իրականում դրանք քայլեր են ուղղված քաղաքացիների ճնշմանը, նրանց լռեցնելուն և վերահսկելուն։

Screenshot -- Number of countries where shutdowns occurred, 16May2024

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մոնիթորինգային արդյունքները ցույց են տվել, որ 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներում տեղի է ունեցել ինտերնետի անջատումների 7 դեպք, 2022-ին` 36 (8 երկիր), 2023-ին՝ 18 (4 երկիր)։ Վերջինս վերաբերում է Ուկրաինային, Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքմենստանին։ Այստեղ մենք կկենտրոնանանք Ադրբեջանի վրա, որտեղ փաստագրվել է անջատումների և սահմանափակումների 5 դեպք, որոնցից 4-ը Լեռնային Ղարաբաղի տարածքում իսկ 1-ը՝ Ադրբեջանում՝ ՏիկՏոկի արգելափակումը մարդու իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի ֆոնին։

2022-ին Լեռնային Ղարաբաղի էսկալացիան և 9 ամիսներ շարունակվող բլոկադան, ապա 2023-ի սեպտեմբերից 120,000 խաղաղ բնակչության բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը Ադրբեջանի կողմից ուղեկցվել են ինտերնետի անջատումներով, որոնք ուղղված են եղել տեղեկատվության շրջանառման և արտաքին աշխարհի հետ կապի բացառմանը։ Այսպիսով․

  • Արգելափակման շրջան.

Շրջափակումը և դրան հաջորդած ինտերնետի անջատումները բնակչությանը թողել են առանց կապի համար կարևոր կապուղիների հասանելիության: ՄԱԿ-ի փորձագետներն ընդգծել են, որ շրջափակումը հանգեցրել է լուրջ ռիսկերի և զգալիորեն վտանգել է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը:

  • 2023-ի բռնի տեղահանում

Բռնի տեղահանմանը զուգահեռ իշխանությունները խափանել են ինտերնետ հասանելիությունը Ֆուզուլիի շրջանում և արգելափակել մուտքը դեպի TikTok ամբողջ Ադրբեջանում՝ տեղեկատվության հոսքը վերահսկելու համար: Այս խափանումները տևել են ավելի քան մեկ ամիս:

  • 2023-ի սեպտեմբերի 20

Ռմբակոծությունների ֆոնին, ադրբեջանական իշխանությունները Ստեփանակերտ քաղաքում անջատել են բջջային և ինտերնետ հասանելիությունը։ Զեկույցները նաև ցույց են տվել, որ խափանումներ են եղել մի քանի այլ շրջաններում ևս, թեև դրանք վերջնականապես չեն կարող հաստատվել:

Այս և մի շարք փաստագրված այլ դեպքերը ցույց են տալիս, որ ինտերնետի անջատման ու սահմանափակմանն ուղղված միջամտություններն օրինաչափորեն զուգահեռվում են բնակիչների նկատմամբ բռնության և հումանիտար հանցագործությունների գործողություններով։ Դեպքերի փաստագրման մանրամասներին կարող եք ծանոթանալ Access Now-ի «Ժողովրդավարության անկում, բռնության աճ․ ինտերնետի անջատումները 2023-ին» զեկույցում։

Նշում*զեկույցը մշակվել է #KeepItOn արշավի շրջանակում, որի անդամ են հանդիսանում 334 կազմակերպություն՝ աշխարհի 106 երկրներից։ Զեկույցում միայն ներառված են այն դեպքերը, որոնք փաստագրվել են Access Now-ի և կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից, ինչը նշանակում է, որ դրանում հիշատակված թվերը չեն ներառում չբացահայտված դեպքերը։

 

Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան

——————————

Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: