Ռուսաստանում սմարթֆոնները ազատազրկման պատճառ են դարձել

19 Մրտ 2024

Ռուսաստանցի իրավապաշտպանները ահազանգում են՝ երկրում ավելի շատ քրեական գործեր են հարուցվում քաղաքացիներին պատկանող սմարթֆոններից կորզված տեղեկատվության հիման վրա՝ նամակագրություն, SMS-ներ, տարաբնույթ ֆայլեր։ «Ձեզից կարող են պահանջվել ստուգման հանձնել ձեր հեռախոսը՝ սահմանը հատելիս, ոստիկանական բաժանմունքում, տան խուզարկության ժամանակ և անգամ փողոցում՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ»,- կարդում ենք «Сетевые свободы»-ի հաղորդման մեջ:

Այս խնդրին կարող են բախվել նաև հայաստանցիները, հատկապես լրագրողները, իրավապաշտպանները և քաղհասարակության ներկայացուցիչները, ովքեր որևէ պատճառով կորոշեն մեկնել Ռուսաստան։

Ի՞նչ է կատարվում

Ըստ ռուսաստանցի իրավապաշտպանների, մարդկանց սմարթֆոններից կորզված տեղեկությունները, տվյալները օգտագործվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից քաղաքական հետապնդումների համար՝ ռուսական բանակի մասին «կեղծիքների» տարածման կամ «ծայրահեղական կազմակերպությունների» դեմ պայքարի քողի ներքո։։

Օրինակները աստիճանաբար շատանում են։

Կալուգայի մարզի բնակիչ Իրինա Չեռնիկովան ձերբակալվել է ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Նրա հեռախոսում՝ ամպային պահոցում հայտնաբերվել է «Весна» շարժման թռուցիկների օրինակներ։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել անցած ամիս ռուսաստանյան բանտում իր մահկանացուն կնքած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած ФБК կազմակերպության հաղորդագրությունների հղումները հրապարակելու համար։

ԱՄՆ ու Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինան ձերբակալվել է պետական ​​դավաճանության մեղադրանքով՝ ուկրաինական հիմնադրամին 50 դոլար նվիրաբերելու համար, որի մասին տեղեկատվությունը հայտնաբերվել է նրա հեռախոսում՝ SMS-ի տեսքով։

Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ձերբակալված երիտասարդը, ով իր սմարթֆոնում լուսանկար ուներ՝ ծիածանի գույներով շապիկով, տուգանվել է 1 900 ռուբլի (մոտ 8 հազար դրամ)՝ ԼԳԲՏ անձանց «ծայրահեղական խորհրդանիշները» ցուցադրելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային մեղադրանք է ներկայացվել երկու քրեական գործի շրջանակում՝ որպես «օտարերկրյա գործակալ» չներկայանալու և ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու համար։ Մեղադրանքները առաջադրվել են ոստիկանության կողմից առգրավված նրա սմարթֆոնից ներբեռնված տվյալների հիման վրա։

Ինչպե՞ս է Ռուսաստանում ոստիկանությունը «մուտք գործում» ձեր հեռախոս

Իրավապաշտպաններն ընդգծում են, ռուսաստանյան օրենսդրության համաձայն, առանց դատարանի թույլտվության ձեր սմարթֆոնը կողպեքից հանելու՝ «բացելու» և դրա բովանդակությունը ցուցադրելու պահանջը դեռ անօրինական է։ Նույնիսկ եթե ձեր հեռախոսը առգրավված է (օրինակ, վարչական կալանքի տակ եք, կամ խուզարկության ժամանակ, անգամ՝ քրեական գործով ձերբակալվելու ժամանակ), իրավունք չկա ձեզանից պահանջել կողպեքից հանել ձեր սմարթֆոնը: Սակայն Ռուսաստանում իրականությունն այլ է՝ որպես կանոն, սպառնալիքների ներքո մարդիկ համաձայնում են ցույց տալ իրենց սմարթֆոնների պարունակությունը։

«Կարող է պատահել, որ ոստիկանը կանգնեցնի ձեզ և պահանջի մուտքագրել *#06#՝ ձեր հեռախոսի IMEI-ը պարզելու համար՝ օրինակ, արդյո՞ք ձեր սմարթֆոնը գողացված է: Դուք պարտավոր չեք ձեր հեռախոսը տալ որևէ մեկին և «բացել» այն։ Բայց կան ավելի բարդ իրավիճակներ, երբ մարդկանց բերման են ենթարկում բողոքի ցույցի ժամանակ, և նրանցից պահանջում՝ «բացե՛ք» ձեր հեռախոսը, և ձեզ բաց կթողնենք, իսկ եթե «չբացեք», կնստեք մինչև առավոտ։ Կամ ձեզ կարող են կալանավորել օդանավակայանում և սպառնալ, որ թույլ չեն տա գնալ, օդանավ բարձրանալ, եթե «չբացեք» ձեր հեռախոսը»,- ներկայացնում է «Сетевые свободы»-ն։

Իրավիճակը կարող է ավելի լուրջ լինել․ քննիչը կարող է պահանջել «բացել» հեռախոսի կողպեքը՝ սպառնալով ձերբակալել՝ չհեռանալու մասին ստորագրության փոխարեն։ Սպառնալիքները կարող են ուղեկցվել հոգեբանական ճնշումներով, նաև՝ բռնությամբ։

«Հայտնի են դեպքեր, երբ [ռուսաստանցի] իրավապահները ոլորել են մարդու ձեռքերը և մատը դրել հեռախոսի սենսորի վրա կամ երկար պտտել այն դեմքի առջև՝ սպասելով, որ Face ID-ին աշխատի»,- ասված է «Сетевые свободы»-ի հաղորդագրությունում։

Ինչպե՞ս է ոստիկանությունը զննում է հեռախոսը հատուկ ծրագրերի միջոցով

Ստանալով ձեր սմարթֆոնը՝ ոստիկանը նախ կարող է բովանդակության, այսպես ասած, տեսողական զննում անցկացնել։

Միգուցե, ամեն ինչ, իրոք, սահմանափակվի IMEI-ը ստուգելով։ Բայց ռուսաստանցի իրավապահները կարող են անցնել ձեր Facebook և հարցեր տալ ձեր գրառումների մասին, օրինակ՝ ինչո՞ւ եք աջակցում «ծայրահեղական կազմակերպությանը»: Այնուհետև, կարող են մուտք գործել Signal-ի, WhatsApp-ի, Telegram-ի ձեր օգտահաշիվ, որոնել «Путин», «Навальный»․ «Украина», «война» բառերը՝ որևէ «հակապետական» գրառում գտնելու նպատակով:

Սակայն աստիճաբավար ավելի շատ են ի հայտ գալիս վկայություններ՝ հատկապես այն մադրկանց կողմից, ովքեր հատում են Ռուսաստանի սահմանը, կամ որոնց ձերբակալել են բողքի ակցիայի ժամանակ, թե իրենց սմարթֆոնները միացված են եղել համակարգչին։ Սա նշանակում է, որ սմարթֆոնները ստուգվել են հատուկ ծրագրերի միջոցով։

Ոստիկանությունը կարող է ստուգում անցկացնել՝ այսպես կոչված, կիբեռքրեագիտական գործիքների՝ հատուկ ծրագրերի միջոցով, որոնք պատճենում են ձեր սմարթֆոնի պարունակությունը, օրինակ, կես ժամվա ընթացքում, որից հետո սարքը կարող են վերադարձնել և առանց ձեզ՝ վերլուծել ձեր սմարթֆոնի պարունակությունը:

Հայտնի է, որ այդ նպատակով ռուսաստանյան իրավապահները հաճախ օգտագործում էին տեղական «Мобильный криминалист эксперт»-ի ծրագիրը կամ իսրայելական «Cellebrite» ընկերության ծրագրային ապահովումը, սակայն վերջինս, օրինակ, դեռ 2021 թվականին հայտարարեց Ռուսաստանի պետական մարմինների հետ աշխատանքի դադարեցման մասին։

Ի՞նչը կարող է վտանգավոր լինել ձեզ համար ձեր իսկ հեռախոսում

«Сетевые свободы»-ից զգուշացնում են ձեր սմարթֆոնում ամենից մեծ վտանգը պարունակում են SMS-ները, հավելվածները և բաց վիճակում գտնվող ձեր օգտահաշիվները։ Օրինակ, շատերի մոտ մեսենջերներում կարող են պահպանված լինել տարիների պատմություն ունեցող հաղորդագրությունները։

Թեև ձեր գրագետ օգտագործումը՝ քեշերի կանոնավոր մաքրելը, հաղորդագրությունների ինքնաոչնչացման ռեժիմի միացումը, համեմատաբար ապահով զննարկիչների (browser) կիրառումը նվազեցնում է ռիսկերը, սակայն հարյուր տոկոսանոց երաշխք չէ, որովհետև կան ծրագրեր, որոնց օգնությամբ հնարավոր է վերականագնել «ջնջված» տեղեկությունը։ Երբ դուք ջնջում եք որևէ տվյալ, նշվում է, թե այն «ջնջված է», սակայն, իրականում, ֆայլերը ֆիզիկապես չեն ջնջվում, և հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է մի կողմ դնել «ջնջված» պիտակը և վերականգնել ֆայլը։ Թեև սա էլ երաշխավորված չէ, և շատ բան կախված է, թե որքան նոր է սմարթֆոնը, արդյո՞ք թարմացված է հեռախոսի օեպարցիոն համակարգը և այլն։

Ոչ թե խուճապի մատնվել, այլ լինել իրազեկված

Գոյություն ունեն մի քանի կանոնններ, որոնց հարկ է հետևել՝ սմարթֆոնով օգտվելու պարագայում, հատկապես, եթե հատկապես ռիսկային խմբում եք և կարող են առգրավել ձեր հեռախոսը։

  • Նախ՝ հասկացեք, թե ինչպես է աշխատում տվյալ հավելվածը, ծրագիրը։
  • Հաղորդագրությունների պարագայում ի սկզբանե (default) միացրեք նամակները, տվյալները ինքնաոչնչացնող ռեժիմը։
  • Մի թույլատրեք, որպեսզի սմարթֆոնում հիշվեն ձեր գաղտնաբառերը։
  • Հիշեք՝ ձեր սմարթֆոնը խոցելի է, ուստի՝ վտանգավոր ձեզ համար։

Սակայն գլխավորը՝ ձեր սմարթֆոնը փակ պահելն է, որը կարող է ազատել շատ գլխացավանքներից։ Անգամ Ռուսաստանում առանց դատարանի որոշման հեռախոսը «բացելը» դեռ անօրինական է։

Եվ ամեն դեպքում՝ հարկ է պահպանել սառնասրտություն։

 

Սույն հրապարակման աղբյուրը։