Տարեսկզբից բազմաթիվ հայաստանցիներ չափազանց գրավիչ աշխատանքի առաջարկներ են ստանում WhatsApp հավելվածի միջոցով։ Զրուցակիցները ներկայանում են որպես այս կամ այն կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ (HR), նշում են, թե հեռավար և ազատ գրաֆիկով աշխատանք են առաջարկում՝ օրինակ՝ հավանել գրառումներ և էջեր, դառնալ հետևորդ, կատարել մեկնաբանություններ, թողնել դրական հետադարձ կապ և այդ ամենի միջոցով արագ ու հեշտորեն վաստակել գումար։

Ներկայացված օրինակներում նման առաջարկներ ստացվել են Հորդանանից (+962), Հարավային Աֆրիկայից (+27), Ադրբեջանից (+994), Նիգիերիայից (+234) և Սիրիայից (+963)։
Այսպես կոչված՝ աշխատանքի առաջարկն ընդունելու դեպքում խաբեբաները առաջադրանքներ են տալիս և առաջին մեկ–երկու առաջարկը կատարելու համար որոշ գումար են փոխանցում, այդպիսով մոտիվացնելով պոտենցիալ զոհին, իսկ հետո առաջարկում են անցնել հաջորդ մակարդակ և լուրջ գումարներ վաստակելու համար կատարել վճարում, որը սովորաբար շատ ավելի մեծ գումար է, քան վաստակածի հանրագումարը։
Հարձակման լոգիկան հետևյալն է․
- Կապվում են ձեզ հետ, գալիս համաձայնության։
- Դուք կիսվումք եք ձեր բանկային քարտի տվյալներով, որին պետք է կատարեն փոխանցումները։
- Միանում եք խմբին, որտեղ տրվում են առաջադրանքները։
- Կատարում եք առաջադրանքները և խմբում տեղեկացնում այդ մասին։
- Ստանում եք գումարը։
- Հաջորդ առաջադրանքը ․․․․։
- Շարունակելու համար ձեզանից պահանջվում է վճարում կատարել իրենց առցանց դրամապանակին։
- Վճարումից հետո խումբը ջնջվում է, դուք՝ արգելափակվում։
\
Իսկ մենք շարունակում ենք իրազեկել ձեզ համացանցային վտանգների վերաբերյալ, որպեսզի պաշտպանեք ձեր անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները։ Մի՛ տրվեք հեշտ գումար վաստակելու մոլորություններին։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան
——————————
Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ—ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: