16 Փտր 2024
2024-ի փետրվարի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Պոդչասովն ընդդեմ Ռուսաստանի» գործի մանրամասներն ու վճիռը։ Ռուսաստանի կառավարության օրեսնդրական պահանջներն «Ինտերնետ կապի կազմակերպիչներին» (այս դեպքում՝ Telegram ընկերությանը) և կոնկրետ այս գործքի քննության շրջանակներում ճանաչվեցին անհամաչափ։
2017 թվականի հուլիսի 12-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պահանջեց Telegram-ին տրամադրել տեխնիկական տեղեկատվություն օգտատերերի միջև հաղորդակցությունը վերծանելու նպատակով։ Telegram-ը հրաժարվեց կատարել բացահայտման հրամանը՝ պատճառաբանելով, որ տեխնիկապես անհնար է այն իրականացնել, քանի որ հրամանում նշված վեց օգտատերերը միացրել են «գաղտնի զրույցի» գործառույթը և հետևաբար օգտագործել են ծայրից ծայր գաղտնագրումը (End-to-end encryption)։ Տեղեկությունները չտրամադրելու հիմքով Telegram-ը տուգանվել է Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանի կողմից (12.12.2017): Այնուհետև, 2018 թվականի ապրիլի 13-ի վճռով Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել արգելափակել Telegram հավելվածը Ռուսաստանում:
Երկարատև բողոքարկման գործընթացում հայցվորները պնդում էին, որ ԱԴԾ-ի պահանջով գաղտնագրման բանալիների տրամադրումը հնարավորություն կտա վերծանել ոչ միայն քննվող գործի, այլև առավել լայն՝ օգտատերերի հաղորդակցության բովանդակությունները: Հետևաբար, այն կխախտեր իրենց անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքը: Բացի այդ, գաղտնագրման բանալիները ստանալուց հետո ԱԴԾ-ն կունենար բոլոր հաղորդակցություններին մուտք գործելու տեխնիկական հնարավորություն՝ առանց ռուսական օրենսդրությամբ պահանջվող դատական թույլտվության:
Գործի առնչությամբ ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս պարտավորությունները էական և լայնածավալ միջամտություն են անձնական կյանքի և նամակագրության հարգման իրավունքին և խախտում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը։ Դատարանը քննադատել է օրենսդրությունը՝ հստակ կանոնակարգերի բացակայության հիմքով, քանի որ այն ստեղծում է ոչ համարժեք երաշխիքներ պետական մարմինների կամայական միջամտությունից:
Հարկ է նշել, որ չնայած Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմանը, Telegram հավելվածը դեռ հասանելի է և գործում է Ռուսաստանում։
Հեղինակ՝ Ալեքս Մարտիրոսյան
___________
Այս նյութը պատրաստվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
Նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։