*#62# կոդի միջոցով հնարավոր չէ արձանագրել գաղտնալսումը

02 Փտր 2024

Սոցիալական մեդիայում, մասնավորապես Instagram, TikTok հարթակներում տարածվում են տեսանյութեր, որոնք պնդում են, թե *#62# կոդը հեռախոսով հավաքելով հնարավոր է հայտնաբերել, թե ովքեր են ձեզ գաղտնալսում։ Այս հարցով CyberHUB-AM ՏՏ աջակցության նախաձեռնության անդամներին են դիմել բազմաթիվ օգտատերեր՝ ճշգրտելու տեղեկատվության իսկությունը։

Փաստն այն է, որ *#62# կոդը թույլ է տալիս ստուգել բջջային օպերատորի կողմից հեռախսահամարին կցված այն համարը, որը նախատեսված է վերահասցեավորման համար։ Սա նորմալ պրակտիկա է հեռահաղորդակցության ոլորտում։ Երբ հավաքում եք նշված կոդը, ձեզ տեսանելի է դառնում վերահասցեավորման հեռախոսահամարը։ Ավելի պարզ լինելու համար դիտարկենք մեկ օրինակ։ Պայմանական, եթե դուք անհասանելի եք և այդ ընթացքում ստանում եք զանգեր, ապա դրանց վերաբերյալ ստանում եք ծանուցումներ SMS հաղորադգրության տեսքով։ Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե վերահասցեավորում՝ օպերատորի կողմից նախատեսված այլ համարին չլիներ։ Ընդ որում, այդ վերահասցեավորման համարները չեն պատկանում որևէ անհատի։

Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, ապա հարկ է նշել, որ բջջային բաց կապով ցանկացած հաղորդակցություն կարող է գաղտնալսվել ԱԱԾ-ի, ոստիկանության և այլ լիազոր մարմինների կողմից։ Եթե ցանկանում եք առավել ապահով և անվտանգ շփում, ապա զանգերն անհրաժեշտ է կատարել մեսենջերների միջոցով։ Է՛լ ավելի ապահով եղանակը՝ ծայրից-ծայր ծածկագրվող մեսենջերներն են, օրինակ Signal-ը, Telegram-ը, Messenger-ը և այլն։

Այս մասին կարող եք դիտել CyberHUB-AM ՏՏ աջակցության նախաձեռնության անդամ Սամվել Մարտիրոսյանի տեսաուղերձը Ֆեյսբուքում և Ինստագրամում։

Եղե՛ք իրազեկ և պաշտպանե՛ք ձեր անձնական տվյալներն ու տեղեկություններն անհարկի միջամտություններից։

___________
Այս նյութը պատրաստվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

Նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։