17 Դկտ 2023
Նախ, եկե՛ք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում CyberHUB-AM նախաձեռնությունը և ինչ է ֆիշինգը, այնուհետև, քայլերի հաջորդականությամբ ուսումնասիրենք՝ ինչպես պահպանել ֆիշինգային նամակները և փոխանցել CyberHUB-AM-ին՝ հետագա հետազոտման համար։
CyberHUB-AM
Հայաստանում գործում է CyberHUB-AM նախաձեռնությունը՝ կիբեր֊անվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմը և դրանց հետաքննության լաբորատորիան հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և անկախ լրատվամիջոցների համար։ Նախաձեռնության անդամներն իրականացնում են անվտանգության վերլուծություններ, ՏՏ անվտանգության աուդիտներ կազմակերպությունների համար և ՏՏ անվտանգության դասընթացներ ու հանրային իրազեկման աշխատանքներ։
Ֆիշինգ
Ֆիշինգը (phishing) գաղտնի և անձնական տեղեկատվության ձեռքբերման խարդախ գործընթաց է, իրականացվում է էլեկտրոնային նամակագրության միջոցով և շահագործում է մարդկային բնավորության թույլ կողմերը, ինչպիսիք են՝ վստահությունը, կարեկցանքը, անհարկի հետաքրքրասիրությունը, արագ արձագանքման հակումը և այլն։ Ֆիշինգի գործընթացը նմանեցվում է ձկնորսության հետ, իսկ օգտագործվող հնարքները՝ խայծի հետ: Ֆիշինգը կիբերհանցագործության տեսակ է, որտեղ հարձակվողը կեղծ հաղորդագրություն է ուղարկում, որը նախատեսված է զոհին խաբելու համար՝ ստանալու որևէ սոցիալական կայքի գաղտնի տվյալները, ծածկագիրը, ծածկանունը կամ բանկային տվյալները։ Դա կիբերհարձակումների ամենահին տեսակներից է, որը թվագրվում է 1990–ական թվականներին և մինչև հիմա ամենատարածվածներից մեկն է։
Ինչպես պահպանել ֆիշինգային նամակը․
Ֆիշինգային էլեկտրոնային փոստի պահպանումը կարևոր է դրանց ուսումնասիրության և վերլուծության նպատակներով: Ահա, թե ինչպես պետք է վարվել, երբ ստացել եք ֆիշինգային նամակ.
Gmail Ստացված նամակի վերևի աջ անկյունում սեղմում ենք երեք կետիկի վրա, այնուհետև ընտրում՝ «Download message» տարբերակը, որից հետո այն ավտոմատ ներբեռնվում է մեր համակարգչի մեջ։ |
Mail.ru
Ստացված նամակի վերևի աջ անկյունում սեղմում ենք երեք կետիկի վրա, այնուհետև ընտրում՝ «Скачать на компьютер» տարբերակը, որից հետո այն ավտոմատ ներբեռնվում է մեր համակարգչի մեջ։ |
Outlook Ստացված նամակի վերևի աջ անկյունում սեղմում ենք երեք կետիկի վրա, այնուհետև ընտրում՝ «Save as» տարբերակը, որից հետո այն ավտոմատ ներբեռնվում է մեր համակարգչի մեջ։ |
Ինչպես փոխանցել CyberHUB-AM-ին․
Ներբեռնված ֆայլը՝ լինի դա .pdf, .eml, .msg թե այլ ձևաչափի, անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Ծանցուցում ֆիշինգի մասին» կամ «Phishing Notification»։ Եթե ձեզ չի հաջողվել իրականացնել նամակպի պահպանումը համակարգչի մեջ՝ որպես ֆայլ, ապա ուղղակի վերահասցեագրեք այն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Մեր մասնագետները կիրականացնեն նամակի ստուգման աշխատանքներ և ձեզ կտեղեկացնեն հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։
___________
Այս նյութը պատրաստվել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
Նյութի բովանդակության համար պատասխանատու է միմիայն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։