Signal-ը` բաց կոդով, ապահով սուրհանդակ

Communication, Encryption, Messenger, Secure, Signal, Telegram, WhatsApp

12 Մրտ 2023

Ապահով հաղորդակցության Signal հավելվածը ստեղծվել է 2013 թվականին և ի տարբերություն նմանատիպ շատ ու շատ հավելվածների, այն գործում է շահույթ չհետապնդող կազմակերպության՝ Սիգնալ Հիմնադրամի ջանքերով։

Ընդ որում հիմնադրամի նախնական դրամագլուխը՝ 50 միլիոն դոլար, տրամադրել է WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Աքթոնը, ով ցանկանում էր օգնել իսկապես ապահով և մատչելի սուրհանդակի կայացմանը։ Պետք է նշել, որ Աքթոնը դժգոհ էր, որ Facebook (այժմ Meta) ընկերությունը, ձեռք բերելով WhatsApp-ը, մտադիր էր օգտատերերի տվյալները օգտագործել գովազդային նպատակներով և համարում էր, Signal-ը պետք է դառնա իրապես ապահով այլընտրանք։

Տարիներ շարունակ Signal-ը հաղորդակցության միջոց է ակտիվիստների, լրագրողների և շփման գաղտնիությունը կարևորող այլ մարդկանց համար։ Ուշագրավ է, Հայաստանում այս սուրհանդակից օգտվում են նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ և պետական ծառայողներ։

Արդյո՞ք Signal-ն իսկապես ապահովում է օգտատերերի գաղտնիությունը

Signal-ը անվճար, գաղտնությունն առաջնային համարող, հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցման հավելված է, որը կարելի է օգտագործել Apple ու Android սմարթֆոններով, ինչպես նաև համակարգիչով։ Ծառայությունում գրանցվելու համար հարկավոր է միայն հեռախոսահամար։ Ի տարբերություն համանման այլ հավելվածների, այստեղ շփումն իրապես գաղտնի է։ Signal-ն այնպես է նախագծված, որ հավելվածի կենտրոնական սերվերում օգտագործողների մասին նվազագույն քանակի տվյալներ են պահվում: Signal-ը չի պահում Ձեր կոնտակտները, խոսակցությունների ցանկը, գտնվելու վայրը, օգտատիրոջ ավատարը, օգտատիրոջ պրոֆիլի անվանումը։ Ձեր մասին Signal-ը հավաքում է երեք տիպի մետատվյալ՝ հեռախոսահամարը (որն օգտագործվում է որպես Ձեզ նույնացուցիչ), երբ եք ստեղծել հաշիվը և երբ եք վերջին անգամ ակտիվ եղել ցանցում։ Այլ կերպ ասած, եթե ոստիկանությունը թակի ընկերության դուռը՝ առաջարկելով իրեն փոխանցել օգտատերերի տվյալները, Signal-ը պարզապես չի կարողանա այդ անել, քանզի չունի տվյալներ։

Պատճառներից մեկը, թե ընկերությունը ինչու չի ժողովում իր օգատատերերի տվյալները, այն է, որ Signal-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, չունի գովազդ, ուստի շահագրռգված չէ հետևելու իր օգտատերերին։

Armenia -- Greaph showing what metadata various messengers are collecting, Yerevan, 12Mar2023

 

Արդյո՞ք Signal-ի հավելվածը ապահով է

Signal-ի միջոցով հաղորդակցությունը ծայրից ծայր գաղտնագրված է։ Սա նշանակում է, որ բացառապես տվյալ հաղորդակցության կողմերը կարող են ծանոթանալ իրենց շփման բովանդակությանը։ Անգամ ընկերությունը չի կարող այդ անել։ Ի դեպ, Signal-ում սթիքերները նույնպես գաղտնագրվում են։

Signal-ը ստեղծել է այնպիսի գաղտնագրման համակարգ (encryption protocol), որ այլ ընկերությունները, ներառյալ՝ WhatsApp-ն ու Skype-ը կիրառում են։ Կարճ ասած, այսօր Signal-ը գաղտնագրման բարձրագույն մակարդակ ապահովող սուրհանդակ է։

Signal-ն ընդդեմ WhatsApp-ի ու Telegram-ի

Ե՛վ Signal-ը, և՛ WhatsApp-ը օգտագործում են հաղորդագրությունը ծայրից ծայր գաղտնագրող տեխնոլոգիա, ինչը նշանակում է, որ ձեր ուղարկած նամակը կամ ձեր զանգի գաղտնիությունն ապահովված է։ Սակայն WhatsApp-ի սեփականատեր Meta ընկերությունը հավաքում է բազմաթիվ այլ տվյալներ, տեղեկություններ՝ իր հավելվածների օգտագործման վիճակագրությունը, մետատվյալներ (metadata) և այլն։

Ինչ վերաբերում է Հայաստանում տարածված մեկ այլ հավելվածի՝ Telegram-ին, պետք է փաստենք, որ այստեղ հաղորդագրությունները ի սկզբանե ծայրից ծայր չեն գաղտնագրվում, հետևաբար՝ դրանց բովանդակությունը կարող է հասանելի լինել թե՛ Teleram-ի, թե՛ երրորդ կողմերի համար։

 

Սարգիս Հարությունյան