Մեսինջերներ․ պատմությունը, ներկան ու դինամիկան

ICQ, IRC, Messenger, Signal, Telegram, WhatsApp

19 Փտր 2023

Նախորդ հինգ տարիներին մեսինջերներից (վիրտուալ սուրհանդակներ) օգտվողների քանակն աշխարհում ավելի արագ է աճել, քան ներկայիս համացանցի ամենազդեցիկ հատվածի՝ դասական սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը։

Այս տվյալներն են առկա համացանցի տարբեր հարթակների, գործիքների վիճակագրությամբ զբաղվող մի քանի աղբյուրների մոտ՝ SimilarWeb, Statista, OpenMarket:

Մի քանի պատճառ է նշվում՝

  • աշխարհաքաղաքական ընդհանուր լարվածության նշանակալի աճի ֆոնին՝ մարդիկ ավելի են կարևորում հաղորդակցության գաղտնիությունը, ինչն, օրինակ, հեռախոսազանգերի պարագայում բացառվում է,
  • աստիճանաբար ավելի շատ մարդ է նախընտրում հաղորդակցվելու տեքստային տարբերակը՝ հեռախոսազանգերից կամ տեսազանգերից, քանի որ տեքստային հաղորդակցությունը թույլ է տալիս ավելի ճկուն տնօրինել ժամանակը, տեքստային հաղորդագրություններն ավելի քիչ են շեղում, քան զանգերը և այլն,
  • պակաս կարևոր չէ անվճար լինելու հանգամանքը․ մեսինջերների հավելվածները թույլ են տալիս երկրի ներսում կամ արտերկիր կապ հաստատել առանց որևէ վճարի,
  • և վերջապես գործիքակազմը․ ժամանակի ընթացքում մեսինջերները համալրվում են նորանոր գործքներով, որոնք ոչ միայն լրացուցիչ հարմարություններ են ստեղծում պարզ շփման համար, այլև՝ արդեն իսկ տպավորիչ հնարավորություններ են ապահովում բիզնես վարելու, անձնակազմ ղեկավարելու և վաճառքներ իրականացնելու համար։

Ավելի քան կես դար մեսինջերների հետ

Armenia -- The History of the Instatnt Messengers, 20Feb2023Ընդունված է համարել, որ աշխարհում առաջին մեսինջերը 1961թ․ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում շարք մտած Ժամանակի բաժանման համատեղելի համակարգն էր (Compatible Time-Sharing System — CTSS), որը համարվում է ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու (instant messaging) հարթակների նախատիպը։ Համակարգի միջոցով հնարավոր էր իրական ժամանակում տվյալներ փոխանակել մինչև 30 ծրագրավորողների միջև։

Տասը տարի անց այդ գաղափարը լիովին այլ նպատակով օգտագործեց ամերիկացի մաթեմատիկոս ու ֆիզիկոս, Նյու Ջերսիի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Մյուրեյ Տյուրոֆը (Murray Turoff)՝ 1971թ․ ԱՄՆ կառավարության համար ստեղծելով Արտակարգ իրավիճակների կառավարման տեղեկատվական համակարգ և տեղեկատու ինդեքսը (Emergency Management Information System And Reference Index — EMISARI)։ Նպատակը՝ փորձագետներին ու պետական պաշտոնյաներին միմյանց կապելն էր արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավորինս արագ լուծումներ առաջարկելու համար։ EMISARI-ը՝ էլեկտրամեխանիկական տպագրող մեքենաների՝ հեռատիպերի (teletype) միջոցով միացված էր միջքաղաքային հեռախոսագծերին, որոնց օգնությամբ էլ աշխատում էր։ EMISARI-ին կիրառվեց մինչև 1986թ․։

Լայն հանրության համար առաջին մեսինջերը լինելու պատիվը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ֆին պրոֆեսոր Յարկո Օյկարինենի (Jarkko Oikarinen)` 1988թ․ ստեղծած Internet Relay Chat-ը (IRC)։ 1980-ական թթ․ համացանցում տեղեկատվության փոխանակումը հիմնականում կատարվում էր BBS-երի (bulletin board system — հայտարարությունների էլեկտրոնային տախտակ) միջոցով, որն ուներ սահմանափակումներ, օրինակ՝ տվյալ պահին համակարգի հետ կարող էր աշխատել միայն մեկ հոգի։ Այդ ժամանակ Ֆինլանդիայի Օուլույի համալսարանի (University of Oulu) ուսանող Օյկարինենի ստեղծած հարթակի միջոցով այլևս հնարավոր էր իրական ժամանակում խմբային շփումը (տեքստային) տարբեր ֆորումներում (դրանք կոչվեցին` ալիքներ — channels)։ Հնարավոր էր նաև մասնավոր շփումը երկու հոգու միջև։ IRC-ն թույլ էր տալիս տվյալներ կամ ֆայլեր փոխանակել։

 IRC-ն հայտնի դարձավ հատկապես 1991թ․ իրաքյան պատերազմի ժամանակ, երբ Իրաքի ղեկավար Սադդամ Հուսեյնի զորքերի բռնազավթած Քուվեյթում անջատված էին հեռուստատեսությունը, ռադիոն, հեռախոսը։ Մոտ մեկ շաբաթ դեռևս գործում էր IRC-ն, ինչը թույլ տվեց լայն հանրությանը տեղեկանալ Պարսից ծոցի այդ երկրում տիրող իրավիճակից։ 2009թ․ IRC-ի օգտատերերի քանակն հասավ կես միլիոնի, որից հետո անշեղորեն նվազեց։ 

Մեսինջերների ժամանակաշրջանը աշխարհ լայնորեն մուտք գործեց ICQ-ով։ 1996թ․ իսրայելական Mirabilis ընկերության ստեղծած ICQ-ն թույլ էր տալիս մարդկանց իրական ժամանակում շփվել միմյանց հետ, այդ թվում խմբային զրուցարանների (chat) միջոցով, փոխանակել ֆայլեր, որոնել համակարգում գրանցված օգտատերերի։ 2001թ․-ին ողջ աշխարհում հարթակից օգտվողների քանակը հասավ 100 միլիոնի։

ICQ-ից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների հսկաները սկսեցին մեկը մյուսի հետևից թողարկել իրենց մեսինջերները։ 1997թ․-ին ամերիկյան AOL-ը ներկայացրեց AOL Instant Messenger-ը, որի նորարությունն էր buddy list-ը կամ ընկերների ցանկը։ Հաջորդ երկու տարիներին շուկա մուտք գործեցին Yahoo! Messneger-ը և MSN Messenger-ը։

2003թ․ Skype-ը հնարավորություն տվեց օգատատերերին միմյանց հետ կապվել տեսազանգերի, ձայնային կապի ու տեքստային հաղորդագրությունների միջոցով։

MySpace սոցիալական ցանցը առաջինն էր, որ մեսինջերը կապեց ցանցին՝ 2006թ․-ին օգտատերերին առաջարկելով MySpaceIM մեսինջերը։

Երկու տարի անց իր մեսինջերը՝ Facebook Chat-ը ներկայացրեց սոցցանցերի հսկան։ 2014թ․-ին Facebook-ը առանձին հավելված պատրաստեց՝ թողարկելով Messenger-ը, ինչը թույլ տվեց վերջինիս ավելի արագ աճել։

2009թ․ շարք մտավ WhatsApp-ը, հաջորդ տարի՝ Viber-ը, 2011թ․-ին՝ SnapChat-ը և չինական հսկան՝ WeChat-ը, 2013թ․՝ Telegram-ը, 2014թ․՝ Signal-ը։

Անվտանգություն և գաղտնիություն

Մասնագիտական հրապարակումներում շարունակում է գերիշխող մնալ այն կարծիքը, որ սմարթֆոններում հաճախ օգտագործվող WhatsApp, Telegram ու Signal հավելվածներից ամենաապահովը վերջինն է՝ Signal-ը։

Ստեղծված լինելով շահույթ չհետապնդող Signal Foundation-ի կողմից՝ այս մեսինջերի հիմնական գործառույթը ծայրից ծայր գաղտնագրված հաղորդակցության՝  տեքստային, ձայնային, տեսաձայնային կապի ապահովումն է: Signal-ը գաղտնագրում է հաղորդագրությունը Ձեր սարքում և ապակոդավորում այն հասցեատիրոջ մոտ։ Սա թույլ է տալիս հաղորդագրությունը պահել գաղտնի, անգամ եթե այն «առգրավվել» է ճանապարհին։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ձեր հեռախոսահամարից բացի, Signal-ը որևէ այլ մետատվյալ տվյալ չի հավաքում։

Ի տարբերություն Signal-ի, ռուսաստանյան ВКонтакте սոցցանցի հիմնադիրներ Նիկոլայ ու Պավել Դուրովների կողմից ստեղծված Telegram-ը հավաքում է ավելի շատ տվյալներ՝ հեռախոսահամարը, ձեր անունը, ձեր ID-ին, կոնտակտները և IP հասցեն։ Նաև ի տարբերություն Signal-ի ու WhatsApp-ի, Telegram-ը ի սկզբանե (by default) չի գաղտնագրում հաղորդագրությունները։ Գաղտնագրելու համար Դուք պետք է հատուկ ընտրեք Start Secret Chat ռեժիմը։ Telegram-ի օգտատերերի տվյալները մի քանի անգամ «արտահոսել» են։ Վերջին նման լայնածավալ դեպքը 2020թ․ մարտին էր, երբ հրապարակավեցին Իրանում այդ ժամանակ արգելված Telegram-ի 42 միլիոն օգտատերերի տվյալները՝ հեռախոսահամարները, ID-ները։

Այս եռյակից ամենից շատ տվյալներ հավաքում է Facebook-ին պատկանող WhatsApp-ը՝ հեռախոսահամար, ձեր ու ձեր սարքի ID-ները, կոնտակտները, IP հասցեն, ինչ գնումներ եք կատարել, ինչ վճարումներ եք իրականացրել, տեղորոշման տվյալներ, էլ․փոստի հասցեներ և այլն։ Այս պարագայում ընկերության ներկայացուցիչներն ասում են՝ հարկ է տարանջատել անվտանգությունն ու գաղտնիությունը։ WhatsApp-ում հաղորդագրությունները նույնպես գաղտնագրվում են, ընդ որում՝ օգտագործելով նույն Signal Protocol-ը, որը կիրառվում է Signal մեսինջերի կողմից։

Որո՞նք են առաջատարները

SimilarWeb-ի տվյալների համաձայն, 2023թ․ հունվարի վերջի դրությամբ աշխարհում ամենից տարածված մեսինջերը WhatsApp-ն է՝ ամսական 1 միլիարդ 349 միլիոն ակտիվ օգտվողների քանակով։ Հաջորդը՝ Facebook Messenger-ն և Telegram-ը:

WhatsApp Facebook

Messenger

Telegram
Ամսական ակտիվ օգտվողների քանակը/միլիոն 1349 763 412,6
Օրական ակտիվ օգտվողների քանակը/միլիոն 1221 404,6 196
Տվյալ մեսինջերի օգտատերերի քանի՞ տոկոսն է ամեն օր օգտվում այս հարթակից 90,5 53 47,5
Օրվա ընթացքում օգտատերերը միջինում քանի՞ անգամ են օգտնվում այս մեսինջերից 22,9 9,9 8,7
Յուրաքանչյուր անգամ այս մեսինջերից օգտվելու միջին ժամանակահատվածը/րոպե 2,35 1,54 2,24
Յուրաքանչյուր օգտատիրոջ կողմից ամսվա ընթացքում այս մեսինջերից օգտվելու միջին ժամանակահատվածը/րոպե 59,32 18,53 20,56

Հայաստանում ի՞նչ պատկեր է

Armenia -- Most Popular Messengers in Armenia, Yerevan, 20Feb2023

SimilarWeb-ի տվյալների համաձայն, 2023թ․ հունվարի վերջին Հայաստանում Google Play Store-ից ու Apple App Store-ից ամենից շատ ներբեռնված մեսինջերների առաջին եռյակը ուներ հետևյալ տեսքը՝

  1. WhatsApp,
  2. Telegram,
  3. Viber:

Դինամիկա

Armenia -- Most Popular Messengers in the World, 20Feb2023

Տեսանելի հեռանկարում մեսինջերների շուկան միայն աճելու է։ Ըստ Statista-ի, եթե 2022թ․-ին աշխարհում վիրտուալ սուրհանդակներից օգտվում էր  3 միլիարդ 210 միլիոն մարդ, ապա այս տարվա վերջին այդ թիվը կկազմի 3 միլիարդ 320 միլիոն, 2024թ․՝ 3 միլիարդ 420 միլիոն, իսկ 2025թ․՝ 3 միլիարդ 510 միլիոն, 2026թ․՝ 3 միլիարդ 630 միլիոն։ Այսինքն, առաջիկայում տարեկան մոտ 100 միլիոն մարդով ավելանալու են մեսինջերներից օգտվողները։

Մեսինջերային հաղորդակցության ծավալն արդեն իսկ առաջ է անցել հեռախոսի և էլ․փոստի միջոցով իրականացվող շփումից։ Mobile Monkey-ի համաձայն, մարդկանց գրեթե 100%-ը, որոնք ստանում են մեսինջերային հաղորդագրություն, ծանոթանում են դրա հետ՝ ի տարբերություն, օրինակ, էլ․փոստի միջոցով ստացվող հաղորդագրությունների, որոնց ընթերցում է հասցեատերերի միայն 20%-ը։ Դեռ ավելին, մեսինջերային հաղորդագրություն ստացողների գրեթե 2/3-րդը ծանոթանում է բովանդակությանը հետագա հինգ րոպեների ընթացքում։ Պատճառը շատ պարզ է՝ մեսինջերային յուրաքանչյուր հաղորդագրություն ուղեկցվում է ընդունող սարքի ազդանշանով, որին գրեթե ռեֆլեքսորեն արձագանքում է հասցեատերը՝ աչքի անցկացնելով հաղորդագրությունը։

Արդյունքում, մեսինջերների դեպքում CTR-ը (Click-Тhrough Rate. ստացված հաղորդագրությունը (լինքը) մատով զարկելու, սեղմելու ցուցանիշ, որը հաշվարկվում է, թե առցանց ցուցադրված գովազդից քանիսն է սեղմվել հասցեատիրոջ կողմից) ամենաբարձրն է՝ թվային մյուս հարթակների համեմատ։

Պատահական չէ, որ Kommando Tech-ի համաձայն, 2022թ․ յուրաքանչյուր րոպե աշխարհում ուղարկվել է 41 միլիոն մեսինջերային հաղորդագրություն, իսկ մեսինջերային հավելվածներից օգտվողների թիվը շուրջ 20%-ով ավելին էր սոցցանցերից օգտվողների թվից։ Ըստ կանխատեսման, առաջիկայում այս երկու թվերը միայն աճելու են։

Այս ամենը, անշուշտ, չի վրիպել բիզնեսի աչքից, և մեսինջերային մարքեթինգը դառնում է թվային մարքեթինգի առաջամարտիկը։ Covid-19 համավարակը, իհարկե, իր դերն ունեցավ, երբ առցանց վաճառքները շեշտակի աճեցին, սակայն այդ փուլից հետո էլ մեսինջերային մարքեթինգը շարունակում է ամենից արագը աճել։ Գլխավոր պատճառները երկուսն են՝ հնարավոր հաճախորդների արձագանքման բարձր ցուցանիշը և ապրանք, ծառայություն առաջարկող ընկերության հետ երկխոսության մեջ մտնելու հնարավորությունը, ինչն անչափ կարևոր է սպառողների համար՝ որոշում կայացնելիս։

 

Պատրաստեց՝ Սարգիս Հարությունյանը