Կիբեռզենքերի և լրտեսական ծրագրերի օգագործումն Հայաստանում

16 Հնվ 2022

CyberHUB-AM-ի համահիմնադիրներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյանը, կիբեռանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի և media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ հյուրընկավել էին «Հետք»-ին՝ միասին քննարկելու Հայաստանի քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրերի օգտագործման մասին անցած տարի հրապարակված փաստերն ու հայտարարությունները։ Ստորև ներկայացնում ենք ամբողջական տեսանյութը, ինչպես նաև հրապարակումից որոծ հատվածներ։ «Հետք»-ի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

[…]

Հայաստանում Pegasus-ով հարձակումների մի քանի ալիք է եղել

Սամվել Մաիրտիրոսյան
Սամվել Մաիրտիրոսյան, CyberHUB-AM նախաձեռնության համահիմնադիր

«Սայբերհաբ» կազմակերպության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ Հայաստանում NSO Group-ի Pegasus ծրագրով հարձակումները եղել են մի քանի ալիքով, որոնից մեկը՝ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։

Սամվել Մարտիրոսյանը վկայակոչում է մեկ այլ տեղեկատվական անվտանգության փորձագետի, որը պատերազմի ժամանակ ուսումնասիրել է մի շարք անձանց հեռախոսներ և համոզված է, որ չորս հեռախոսներում կիրառվել է Pegasus, որոնց թվում եղել են ռազմական վերնախավի և կառավարության ներկայացուցիչներ։

«Կան դեպքեր, որտեղ վարակումները շատ ներքաղաքական բնույթ են կրում։ Կա դեպք, որ ես տեսել եմ ու համոված եմ, որ վարակում է եղել, նա արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող մարդ է և չի կարող հետաքրքրել ներքին պատվիրատուի։ Դրա համար իմ կարծիքը հետևյալն է․ եղել են վարակման մի քանի ալիքներ, որոնց հետեւում կանգնած են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանի հատուկ ծառայություները, որովհետև կան մարդիկ, որոնք Ադրբեջանին չէին կարող հետաքրքրել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Հայաստանը կիբերտիրույթում անպաշտպան է

Արթուր Պապյան
Արթուր Պապյան, CyberHUB-AM նախաձեռնության համահիմնադիր

Ամփոփելով քննարկումը՝ Արթուր Պապյանը նշում է, որ Հայաստանի օրեսնդրությունն ու վավերացրած միջազգային պայմանագրերն ապահովում են մարդու անձնական տվյալների գաղտնիությունը և լրագրողների աղբյուրների պաշտպանվածությունը, սակայն վերջին ժամանակներում այս իրավունքները Հայաստանում տարբեր ձևերով խախտվում են։ Եվ այն, որ ամենայն հավանականությամբ Ազգային անվտանգության ծառայությունն իր քաղաքացիների դեմ կիբերզենք է կիրառում, շատ լուրջ խնդիր է, որովհետև հասկանալի չէ, թե դա ինչ ընթացակարգով է արվում, արդյոք ինչ-որ դատարան լսում և թույլտվություն տալի՞ս է, թե՞ ոչ, որպեսզի սահմանափակվեն լրագրողի կամ քաղաքացու իրավունքները։

Արթուր Պապյանն ասում է, որ ոչ միայն քննարկված լրտեսական ծրագրերով, այլև տարիների ընթացքում Հայաստանում պետական այլ հաքերային խմբավորումներով թիրախավորվել են ՀՀ քաղաքացիները, հիմնականում լրագրողները, իրավապաշտպանները, քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները, և այդ հարձակումներն այսօր էլ շարունակվում են, սակայն այդ դեպքերով քննություններ, բաց լսումներ, դրանց համար պատասխանատուների պատիժ չի եղել։ Եվ եթե այս խնդիրները բարձիթողի վիճակում մնան, Արթուր Պապյանն ընդգծում է, որ Հայաստանը կիբերտիրույթում անպաշտպան է, և քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, որը մեծագույն խնդիր է, ինչն էլ իր հերթին ազդում է երկրի բնականոն գործունեության վրա։

«Հետք»-ի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։