ՏՏ անվտանգությունը տանն աշխատելիս․ խորհուրդներ և առաջարկներ

COVID-19, Internet, IoT, IT, security, WEP, WiFi, WPA2-PSK

21 Մրտ 2020

Ազգովի հաղթահարեցինք տնից աշխատելու, սովորելու առաջին շաբաթը։ Թերևս ժամանակն է խոսել եզրակացություններից, քաղած դասերից։

Էմոցիոնալ ֆոնի ազդեցությունը

Գնալով՝ մարդիկ ավելի ու ավելի դժվար էմոցիոնալ պայմաններում են գտնվելու, քանի որ մի կողմից շփման պակասը, անշարժությունը և այլ պայմանները, որոնք կապված են կարանտինային վիճակների հետ հանգեցնելու են դեպրեսիվ տրամադրությունների, մյուս կողմից՝ մամուլն ու սոցցանցերը առաջացնում են անընդհատ նոր տեղեկություններ ստանալու ցանկություն և տագնապալից վիճակներ։

Նման բարդ էմոցիոնալ ֆոնը մի կողմից ավելացնում է անզգույշ լինելու, սխալվելու հավանականությունը, մյուս կողմից՝ այս ամենից օգտվում են կիբեր-հանցագործները, որոնք լայնացրել են իրենց գործունեությունը՝ օգտվելով ծանր պահից։ Այնպես որ՝ թիվ մեկ ոչ-տեխնիկական պայմանը․ զգացմունքային գործողություններ ցանցում չկատարել, ամեն ինչին կրկնակի կասկածամտությամբ մոտենալ։

Կիբերանվտանգ տուն սարքելու առաջարկներ

Տնից աշխատելիս Դուք գործ ունեք անվտանգության նույն մարտահրավերների հետ, ինչ աշխատավայրում։ Դրանց գումարվում են հավելյալ բարդությունները՝ տանը սիսադմին կամ տեխնիկական աշխատող չկա, ով պարտավոր է հետևել Ձեր համակարգչի ու ներքին ցանցի անվտանգությանը, թարմացումներին… էլ չասած՝ տանեցիները, երեխաները, որոնք Աստված գիտե թե ուր են մտնում և ինչ ներբեռնում ընդհանուր համակարգիչների և/կամ ծնողների հեռախոսների մեջ։ 

Ի՞նչ անել

  • Թերևս իմաստ ունի սկսել տան WiFi սարքից (ժողովրդական բանահյուսության մեջ հայտնի է նաև ռաուտեր, TP link, ինտերնետ ցրող սարք և այլն)։ Շատ հաճախ ռաուտերների վրա տեղադրված է լինում գործարանային գաղտնաբառը, երբեմն էլ՝ եթե Ձեր տանը այն տեղադրել է հարևանի տղան կամ «ծրագրավորող» ընկերը, հարմարության համար փոխած֊դրած է լինում հնարավորինս պարզ գաղտնաբառ՝ ասենք Ձեր անունն ու ծննդան թիվը։ Պատասխանատու գործ սկսելուց առաջ արժե վերանայել այդ գաղտնաբառը, ինչպես նաև գործարանային ադմինիստրատիվ օգտահաշիվը (առավել հաճախ՝ admin կամ administrator)։ Լավ գաղափար է նաև Ձեր WiFi ցանցի գործարանային անունը փոխելը (SSID)։ Ընտրեք այնպիսի անվանում, որը անմիջականորեն չի «մատնի» Ձեր անունը, հասցեն, աշխատավայրը։ Ընտեք նաև WiFi գաղտնաբառի անվտանգության բավարար մակարդակ, օրինակ՝ WPA2-PSK (AES): Հնացած WEP համակարգը, օրինակ, հեշտությամբ կոտրվում է և չարժե օգտագործել։ Եվ, իհարկե, ընտրեք հուսալի գաղտնաբառ։
  • Տան ցանցի անվտանգությունը ապահովելուց հետո (կամ գոնե այդ ուղղությամբ գործողություններից հետո), հաջորդ քայլը ցանցում գտնվող մյուս սարքերի անվտանգությունն ապահովելն է։ Եթե Դուք տանը հին iPad ունեք, կամ Windows XP֊ով աշխատող «դեսկթոփ», որ երեխաները «մուլտիկ» նայեն, խելացի ժամացույց, Sony Playstation, ցանցային տպիչ և անվտանգության տեսախցիկ, մի մոռացեք, որ այդ սարքերը կարող են չարագործների համար մուտք ապահովել դեպի Ձեր ներքին ցանց։ Եթե այդ սարքերն ունեն մուտքանուն և գաղտնաբառ, համոզվեք, որ դրանք հուսալի են, կրկնվող չեն և գործարանայինը չեն։ Նաև համոզվեք, որ բոլոր սարքերի օպերացիոն համակարգերը, դիտարկիչները (browser) և հավելվածները թարմացված են։ Համակարգիչների, պլանշետների և հեռախոսների դեպքում՝ արժե այցելել անվտանգության կարգավորումները և ակտիվացնել ցանցային ֆիլտրները (firewall) և հակավիրուսային ծրագրերը։ Եթե այդ սարքերում ունեք օնլայն օգտահաշիվներ՝ Google Account, iCloud, Microsoft Account, Samsung Account, աշխատեք անպայման ակտիվացնել երկփուլային կամ բազմափուլային անվտանգությունը՝ դրանով իսկ կարևոր քայլ արած կլինեք Ձեր սարքերը պաշտպանելու համար։
  • Եթե երեխաներ ունեք, մտածեք նրանց համար առանձին համակարգիչ, պլանշետ կամ հեռախոս գնելու մասին։ Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ են քթները խոթում ամեն պատահած տեղ ու կարող են պատահաբար վիրուսով վարակել Ձեր աշխատանքային համակարգիչը։ Եթե այդ հնարավորությունը չունեք, ստեղծեք սարքի վրա երեխայի համար հատուկ հաշիվ, որպեսզի նա անզգուշությամբ Ձեր բոլոր տվյալները չոչնչացնի։
  • Մտածեք Ձեր արժեքավոր տվյալների ավտոմատ պատճեններ (backup) ունենալու մասին: Եթե Ձեր աշխատատեղում օգտագործվում է GSuite, Office 365, Dropbox կամ այլ «ամպային» ծառայություն, արժե կարևոր ֆայլերի կրկնօրինակները պահել այդ ծառայությունների տրամադրած օնլայն տարածքում, որպեսզի խնդիրների դեպքում կարողանաք վերականգնել։

Հ․գ․ Հիշեցնում ենք, որ CyberHUB-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել լրագրողներին և իրավապաշտպաններին՝ տնային պայմաններում անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու հարցում։ Դիմեք մեզ [email protected] հասցեով, մեր աջակցության պորտալում տոմս բացելով կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։