CyberHUB–ին հաճախ դիմում են մարդիկ, ովքեր ստացել են զանգ անհայտ համարից (հաճախ՝ օտարերկրյա՝ օրինակ +62՝ Ինդոնեզիա, +20՝ Եգիպտոս, +370՝ Լիտվա և այլն)։ Նրանք պատասխանել են, բայց լսափողի մյուս կողմում լռություն է եղել։ Մի քանի վայրկյան անց կա՛մ զանգն անջատվել է, կա՛մ լսվել է տարօրինակ աղմուկ, որից հետո կապը խզվել է։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես սխալ հավաքված համար է։ Սակայն շատ դեպքերում դա հաշվարկված մեխանիզմ է։
Ակտիվ համարների հավաստագրում
Խարդախ զանգերը վաղուց դարձել են զանգվածային բիզնես։ Նախքան կենդանի օպերատորի ներգրավումը, խարդախները փորձում են ավտոմատ կերպով պարզել՝
-
Արդյո՞ք համարը ակտիվ է
-
Արդյո՞ք պատասխանողը իրական մարդ է
-
Որ ժամերին է մարդը պատասխանում
Այս գործընթացը հաճախ իրականացվում է ավտոմատ զանգերի համակարգերով (robocall / autodialer)։ Լռությունը կարող է նշանակել, որ համակարգը պարզապես «ստուգում» է ձեր արձագանքը։
Եթե դուք պատասխանեցիք և գիծը ակտիվ մնաց նույնիսկ մի քանի վայրկյան՝ ձեր համարը կարող է նշվել որպես ակտիվ (վալիդացված)։
Ի՞նչ է տեղի ունենում «վալիդացված» համարի հետ
1. Վաճառք և վերավաճառք
Ակտիվ համարների բազաները բարձր արժեք ունեն «սև շուկայում»։ Ձեր համարը կարող է վաճառվել այլ խարդախ խմբերին՝
- ներդրումային կեղծ առաջարկների համար
- կեղծ բանկային զգուշացումների
- «ձեր հարազատը վթարի է ենթարկվել» սցենարների
- կեղծ առաքումների կամ մրցանակների մասին հաղորդագրությունների
2. Թիրախավորված հարձակումներ
Եթե համարը հաստատվել է, այն կարող է համադրվել այլ արտահոսած տվյալների հետ (էլ. հասցե, անուն, սոցիալական ցանցերի պրոֆիլներ) և օգտագործվել՝
- գաղտնաբառերի վերականգնման փորձերի համար
- երկփուլային նույնականացման շրջանցման
- SIM քարտի փոխարինման (SIM swap) խարդախության
- WhatsApp/Telegram հաշվի վերահսկողության փորձերի
Արդյո՞ք ձայնի կլոնավորումը իրական վտանգ է
Շատերը մտահոգվում են, որ նույնիսկ մեկ «ալո» ասելով՝ հնարավոր է ձայնի կլոնավորում։ CyberHUB-AM–ի փորձարկումները, ներառյալ ElevenLabs հարթակի միջոցով, ցույց են տվել, որ բարձրորակ ձայնային կլոն ստանալու համար անհրաժեշտ է ավելի երկար և հստակ ձայնային նմուշ։ Միայն մեկ բառը սովորաբար բավարար չէ։
Այնուամենայնիվ՝
- եթե դուք հանրային դեմք եք,
- եթե ձեր ձայնը հասանելի է բաց աղբյուրներում,
- կամ եթե խոսակցությունը ձայնագրվել է ավելի երկար,
- ռիսկը տեսականորեն աճում է։
Եզրակացություն՝ խուճապի կարիք չկա, բայց նվազագույն շփումը անհայտ զանգահարողների հետ ողջամիտ է։
Ինչպե՞ս վարվել
1. Պարզապես անջատեք
Եթե անհայտ համար է և լռություն, մի՛ սպասեք։ Եթե զանգը կարևոր է կամ պաշտոնական, նրանք կա՛մ նորից կզանգեն, կա՛մ հաղորդագրություն կթողնեն։
2. Պատասխանեք, բայց լռեք
Սա հետաքրքիր մարտավարություն է։ Եթե բարձրացնեք լսափողը, բայց ոչ մի ձայն չհանեք, խարդախների ավտոմատացված համակարգը կարող է ձեր համարը նշել որպես «ոչ ակտիվ» կամ «ռոբոտ» և հեռացնել ցուցակից։