Նախընտրական քարոզարշավը և ԱԲ-ով գեներացված իրական մարդիկ
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆոնին քաղաքական կուսակցություններն ակտիվորեն կիրառում են նոր տեխնոլոգիական լուծումներ՝ իրենց քարոզարշավն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Մասնավորապես, արհեստական բանականության գործիքների օգտագործումը նրանց հնարավորություն է տալիս ծախսարդյունավետ եղանակով ստեղծել մեծածավալ բովանդակություն, թիրախավորել տարբեր լսարաններ և կարճ ժամանակահատվածում հասնել լայն հանրությանը։
Սակայն նման գործիքների կիրառումը առաջացնում է ոչ միայն արդյունավետության, այլև իրավական և էթիկական լուրջ հարցեր՝ հատկապես այն դեպքերում, երբ օգտագործվում են իրական մարդկանց պատկերները։
Դեպքի նկարագրություն
2026 թվականի մարտի 3-ին CyberHUB-AM-ը ստացել է երեք քաղաքացու դիմում առ այն, որ քաղաքական կուսակցություններից մեկը ԱԲ գործիքներով մշակված տեսանյութերում օգտագործել է իրենց իրական լուսանկարների գեներացված տարբերակները։
CyberHUB-AM-ը իրականացրել է ներկայացված տեսանյութերի և քաղաքացիների իրական լուսանկարների տեխնիկական և վիզուալ համեմատական վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ կուսակցության կողմից պատրաստված հոլովակներում օգտագործվել են քաղաքացիների լուսանկարները, որոնք վերցված են համացանցում առկա հանրամատչելի աղբյուրներից, որտեղ դրանք հրապարակվել էին այլ նպատակներով։
Մեզ դիմած քաղաքացիները հայտնել են, որ՝
- իրենք որևէ առնչություն չունեն քաղաքական կուսակցությունների գործունեությանը և չեն զբաղվում քաղաքականությամբ,
- իրենցից որևէ մեկը չի տրամադրել համաձայնություն լուսանկարների օգտագործման համար՝ ԱԲ գործիքներով բովանդակություն ստեղծելու նպատակով,
- իրենք որևէ կերպ չեն տեղեկացվել իրենց պատկերների նման կիրառման մասին։
Քաղաքացիները իրենց պատկերների օգտագործման մասին տեղեկացել են միայն այն պատճառով, որ հոլովակներում ներկայացված կերպարները չափազանց նույնական են եղել իրենց իրական լուսանկարներին, և սոցիալական ցանցերում այլ օգտատերերը կարողացել են նույնականացնել դրանք։
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով մեզ դիմած քաղաքացիների լավագույն շահի սկզբունքով՝ CyberHUB-AM-ը չի հրապարակում կուսակցության անվանումը, կուսակցության կողմից գեներացված տեսանյութերի հղումները և լուսանկարների համեմատական վիզուալ արդյունքները։
ԱՏՊ օրենքի խախտումներ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները պետք է մշակվեն օրինական և որոշակի նպատակներով, և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով։
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե՝
- տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
- մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից։
Սակայն նույնիսկ հանրամատչելի աղբյուրներից տվյալների ձեռքբերումը ինքնին չի վերացնում դրանց հետագա մշակման օրինականության հարցը։ Լուսանկարների օգտագործումը քաղաքական քարոզչական բովանդակության ստեղծման նպատակով կարող է դիտարկվել որպես սկզբնական նպատակից էապես տարբերվող մշակում, ինչը պահանջում է հստակ իրավական հիմք և, առավելագույնս, տվյալների սուբյեկտի տեղեկացված համաձայնություն։
Տեխնոլոգիաների կիրառումը նախընտրական քարոզարշավում
Արհեստական բանականության կիրառումը քաղաքական գործընթացներում արդեն դարձել է համաշխարհային միտում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել վիզուալ և տեքստային բովանդակություն, սինթետիկ կերպարներ, ձայնային մոդելներ և նույնիսկ տեսանյութեր՝ առանց ավանդական նկարահանման և արտադրության ծախսերի։
Սակայն երբ ԱԲ գործիքներով ստեղծված բովանդակությունը հիմնվում է իրական մարդկանց պատկերների կամ տվյալների վրա՝ առանց նրանց գիտության և համաձայնության, առաջանում են մի շարք ռիսկեր․
- անձնական տվյալների պաշտպանության խախտում,
- մարդու պատվի և գործարար համբավի վնասման հավանականություն,
- ընտրողների մոլորեցում,
- հանրային վստահության նվազում ընտրական գործընթացների նկատմամբ։
Նման գործելակերպը կարող է նաև նպաստել խորացված մանիպուլյացիայի և ապատեղեկատվության տարածմանը, հատկապես ընտրությունների նախաշեմին, երբ հանրային ընկալումները առավել զգայուն են։
Ընտրական գործընթացների արդարությունն ու թափանցիկությունը պահանջում են ոչ միայն իրավական, այլև էթիկական պատասխանատվություն քաղաքական դերակատարներից։ ԱԲ տեխնոլոգիաների կիրառումը պետք է իրականացվի հստակ կանոնակարգման, ինքնակարգավորման մեխանիզմների և հանրային հաշվետվողականության պայմաններում՝ բացառելով իրական անձանց պատկերների կամ տվյալների չարտոնված օգտագործումը։
Հորդոր լրատվամիջոցներին
CyberHUB-AM-ը հորդորում է լրատվամիջոցներին՝ տվյալ թեման լուսաբանելիս առաջնորդվել «չվնասելու» սկզբունքով և զերծ մնալ քաղաքացիների անձնական տվյալների, լուսանկարների կամ նույնականացմանը նպաստող այլ տեղեկությունների հրապարակումից։
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է իրենց գիտությունից և համաձայնությունից դուրս օգտագործված պատկերներին, դրանց կրկնակի տարածումը լրատվական հրապարակումներում կարող է խորացնել արդեն իսկ առաջացած վնասը, նպաստել անձանց հանրային նույնականացմանը և առաջացնել լրացուցիչ հոգեբանական կամ սոցիալական հետևանքներ։
Լուսաբանման ընթացքում նպատակահարմար է․
- չհրապարակել քաղաքացիների անունները, լուսանկարները կամ սոցիալական մեդիայի էջերը,
- չվերարտադրել ԱԲ-ով գեներացված հոլովակների այն հատվածները, որոնք կարող են հանգեցնել նույնականացման,
- թեման ներկայացնել ընդհանրացված և համակարգային համատեքստում՝ առանց անհատականացման,
- անդրադառնալ խնդրի իրավական և էթիկական կողմերին՝ բացառելով սենսացիոն ձևակերպումները։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան