«Կրկնակի մեկուսացում» անվանում են այն իրավիճակը, երբ երեխան հայտնվում է մեկուսացման մեջ ոչ միայն բռնարարի գործողությունների, այլև՝ հասարակության և ընտանիքի անդամների մերժող և քննադատող արձագանքների հետևանքով։
Բռնի գործողությունը բռնարարի գիտակցված ընտրությունն է, ոչ թե տուժածի վարքագծի հետևանքը։ Սակայն հենց տուժածներն են հաճախ բախվում բացասական արձագանքներին՝ իրենց մտերիմների ու շրջապատի կողմից։
Բռնություն վերապրած մարդկանց իրենց կրած բռնության համար մեղադրելն ու ամոթանք տալը արժեզրկում է նրանց փորձառությունը և արդարացնում վնաս պատճառած անձի վարքագիծը։ Առցանց բռնության զոհ դարձած երեխաների ապաքինման ճանապարհը սկսվում է ոչ միայն տրավմայի, այլև հասարակական մերժման և դատապարտման հետևանքով առաջացած երկրորդային տրավմայի հաղթահարումից։
Կրկնակի մեկուսացումը դրսևորվում է հետևյալ մակարդակներով՝
Առաջնային մեկուսացում (բռնարարի մանիպուլյացիա). երեխան մեկուսանում է, կտրվում իր իրական աշխարհից բռնարարի կողմից իրականացվող վստահության չարաշահման ու շանտաժի հետևանքով։
Երկրորդային մեկուսացում (հասարակության արձագանք). երբ երեխան որոշում է բարձրաձայնել իր պատմությունը, կամ երբ դեպքը բացահայտվում է, նա բախվում է շրջապատի հարցերին և քննադատություններին՝ «ինչո՞ւ ես նկարել», «ինչո՞ւ ես ուղարկել», «ինչո՞ւ վստահեցիր նրան…»։ Այդ հարցերն ու դատողությունները երեխային ոչ միայն չեն աջակցում, այլ ավելի են խորացնում մեկուսացումը․ նա իրեն զգում է չհասկացված, մերժված և ամբողջ իրավիճակի միակ պատասխանատու։ Այս իրավիճակում մեծահասակների արձագանքն առանձնահատուկ ազդեցություն ունի․ հաճախ, չիմանալով ինչպես ճիշտ աջակցել` նրանք երեխային զրկում են շփումներից ու սարքերից, սահմանում տարբեր պատիժներ, ինչով է՛լ ավելի են խորացնում խնդիրը։
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված հետազոտության (31 դեկտեմբեր 2025)՝
- բռնության դեպքերի 71%-ը տեղի է ունենում առցանց,
- առավել հաճախ, 57% դեպքերում, բռնարարը երեխային ծանոթ մարդ է,
- կեսից ավելի՝ 53% դեպքերում, երեխաները չեն պատմում իրենց նկատմամբ բռնության մասին, իսկ պատմելու պարագայում հիմնականում դիմում են իրենց հասակակից ընկերներին։
Բռնարարի գործողությունների նկատմամբ վախից զատ, երեխաները նաև չեն հաղոդում եղածի մասին, քանի որ վախենում են հանրային քննադատությունից, և չգիտեն, որ կարող են այդ թեմաներով խոսել մեծահասակների կամ աջակցություն տրամադրող կազմակերպությունների և օրինապահ մարմինների հետ։ Հենց այս պատճառներով է, որ շատ կարևոր է երեխայի կյանքում վստահելի մեծահասակի ներկայությունը, ով նրան կլսի, կաջակցի և կպաշտպանի։
Որպես բռնության կանխարգելման միջոց, կարևոր է խոսել երեխայի հետ իր սահմանների մասին՝ թե ուրիշների կողմից որ editedվարքագծերն են անթույլատրելի, որ եթե «գաղտնիքը» տհաճ զգացումներով է զուգորդվում, ապա հարկավոր է դրա մասին հայտնել վտահելի մեծահասակի։
Բռնարարի մարտավարություն․ վստահությունից մանիպուլյացիա
Հակառակ տարածված կարծիքին՝ բռնարարի գործողությունները հազվադեպ են սկսվում բուն բռնի ակտից։ Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները` մեծահասակները, որոնք շահագործում են երեխաներին, հատուկ մարտավարություն են կիրառում՝
- Մտերմության ձևավորում. բռնարարը երկար ժամանակ կարող է մտերմություն ու վստահելի հարաբերություններ ստեղծել զոհի հետ։
- Մանիպուլյացիա և շանտաժ. երբ վստահությունը ձեռք է բերվում, բռնարարը սկսում է մանիպուլյացիաներ իրականացնել, որոնք կարող են ներառել գաղտնիքների պահանջ, նվերների տրամադրում, կամ շանտաժ՝ երեխայի կամ ընտանիքի անդամների հեղինակությանը վնասելու սպառնալիքով։
Այս ճանապարհը երեխային դարձնում է հուզապես կախյալ և անկարող ասելու «ոչ» կամ բացահայտելու «գաղտնիքները», քանի որ նա արդեն իսկ հայտնվել է ծուղակում։
Այսպիսով, մեղավորը միշտ բռնարարն է․ երեխայի ոչ մի գործողություն, այդ թվում նաև, ուղարկված նկարներ կամ տեսանյութեր, չեն արդարացնում հանցագործին և երեխային չեն դարձնում մեղավոր։
Բռնություն վերապրած երեխայի ճանապարհը բարդանում է, երբ՝
- Ծնողներն ունեն իրենց սեփական տրավմաները․ սեփական հոգեկան առողջության խնդիրների պատճառով ծնողը չի կարողանում արդյունավետ աջակցել երեխային, քանի որ դեռ չի հաղթահարել իր ցավը, կարող է շփոթվել, վախենալ կամ չիմանալ՝ ինչպես ճիշտ արձագանքել, և այդ պատճառով անգամ անգիտակցաբար հեռանալ երեխայից։
- Ծնողները չգիտեն, թե ում և ինչպես դիմել. բռնություն վերապրած երեխային աջակցելու համար հաճախ պետք է դիմել համապատասխան մարմիններին (ՆԳՆ ոստիկանություն ՔՈ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ՄԻՊ) կամ մասնագետներին (ԿիբեռՉատ)՝ իրավիճակն օրինական և գրագետ կերպով լուծելու համար, քանի որ ծնողները միշտ չէ, որ ունեն համապատասխան հմտություններ, ռեսուրսներ դրա համար։ Սակայն տեղեկացվածության պակասը այս հարցերում կարող է անորոշության մեջ գցել ծնողին՝ դրանով իսկ խոչնդոտելով երեխային աջակցելու գործընթացին։
- Համայնքային դատապարտում․ դպրոցը, բակը, նույնիսկ հարազատները կարող են գլուխ թեքել տուժողից՝ փորձելով «անվտանգություն» ապահովել իրենց մյուս երեխաների համար կամ պարզապես խուսափել «ամոթից»։ Արձագանքը դատող է․ մեղադրվում է բռնություն վերապրածը, և երեխան, բախվելով այդ մեղադրանքին, մերժվում է հասարակության կողմից։
- Մեղքի բեռը՝ տուժողի ուսերին․ հարցեր, ինչպիսիք են՝ «Ի՞նչու ես նկար ուղարկել», «Ինքդ ես չէ՞ գայթակղել», «Ինչու՞ ես նրան վստահել», պատասխանատվությունը փոխանցում են տուժածին։ Սա առաջացնում է կրկնակի տրավմա․ բռնության վնասին ավելանում է սոցիալական մերժումը և այն զգացողությունը, որ աշխարհում իրեն հավատացող և աջակցող մարդ չկա։
- Նյութերի անվերահսկելի տարածում․ երբ երեխայի սեռական շահագործման նյութերը հայտնվում են համացանցում, նա ենթարկվում է շարունակական մեկուսացման՝ ամեն անգամ, երբ այդ նյութերը դիտվում կամ տարածվում են։ Սա կարող է առաջացնել անզորության և անօգնականության զգացում, քանի որ նյութի գոյությունն ու տարածումը գրեթե անհնար է ամբողջությամբ վերահսկել կամ վերացնել։
- Դժվարին հարցաքննություններ․ քրեական գործերի ընթացքում բազմակի և ոչ պատշաճ հարցերը կարող են տուժողին փոխանցել մեղքի ու ամոթի զգացում։
- Անվստահություն և կասկածամտություն․ երբ իրավապահ կամ սոցիալական աշխատողները չունեն բավարար զգոնություն և գիտելիք, նրանց կասկածամիտ վերաբերմունքն ու անփորձությունը կարող են նպաստել երեխայի ինքնամեկուսացմանը՝ խաթարելով նրա վստահությունը մեծահասակների և աջակցության համակարգի նկատմամբ։
Ինչպես աջակցել բռնություն վերապրած երեխային
Ամենաուժեղ և կայուն պաշտպանությունը երեխայի կապն է ծնողի կամ վստահելի մեծահասակի հետ։ Այդ կապը երեխային տալիս է ներքին հենարան և ուժ՝ հաղթահարելու դժվարությունները։ Երբ երեխան զգում է, որ իրեն տեսնում, լսում և ընդունում են, նա ավելի հեշտ է օգնություն խնդրում և դուրս գալիս վտանգավոր իրավիճակներից։
Մեր ընտրած բառերը կարող են կա՛մ վնասել, կա՛մ բուժել։ Լեզվի ճիշտ ընտրությունը կարող է օգնել երեխային նվազեցնել միայնակության զգացումը և նրան առաջ շարժվելո վստահություն տալ։
- Լսե՛ք, հավատացե՛ք և ընդունե՛ք. տվե՛ք երեխային հնարավորություն՝ կիսվելու առանց ընդհատելու կամ դատելու։
- Հիշեցրե՛ք, որ բռնությունն իր մեղքը չէ. հիշեցրե՛ք երեխային, որ պատասխանատվությունը կրում է վնաս պատճառողը, ոչ թե ինքը։
- Աջակցե՛ք. հարցրե՛ք, թե ինչպես կցանկանար աջակցություն ստանալ, եղե՛ք նրա կողքին։
Կարող է դժվար լինել իմանալ, թե ինչպես արձագանքել, երբ լսում եք բռնության մասին պատմություն։ Հետևյալ արտահայտությունների վրա հենվելը կարող է օգնել նման իրավիճակներում դժվար զրույցների ժամանակ՝
- շնորհակալ եմ կիսվելու համար
- ես քեզ հավատում եմ
- շատ ցավում եմ, որ այսպիսի բան է քեզ հետ պատահել
- դու դրան արժանի չէիր
- դա քո մեղքը չէ
- դու մենակ չես
Շատ կարևոր է խոսելուց անկեղծ լինել։ Երբեմն «ես քո կողքին եմ, միասին կփորձենք լուծել այս խնդիրը» անկեղծ ասված խոսքերը բավական են, որպեսզի երեխան զգա աջակցություն ու անվտանգություն։
Յուրաքանչյուր զրույց հոգատարություն և աջակցություն ցուցաբերելու հնարավորություն է: Լսելով, հավատալով և ընդունելով՝ մենք կարող ենք ամոթը փոխարինել աջակցությամբ և հիշեցնել տուժածներին, որ նրանք միայնակ չեն: Չնայած բոլոր դժվարություններին՝ ճիշտ աջակցությամբ ապաքինումը հնարավոր է։
——
Անցե՛ք մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտե՛ք այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է Ձեր ներկա իրավիճակին և ծանոթացե՛ք տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում կամ հանդիպում եք խոչընդոտների, ապա կապվե՛ք մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն Ձեզ։
——
Բլոգը ստեղծվել է Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում CyberHUB-AM-ի հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Իզմիրլյան հիմնադրամի տեսակետները: