Թվային կամ առցանց բռնությունը տեղի է ունենում ինտերնետում և թվային տեխնոլոգիաների միջոցով։ Այն նպատակ ունի վնաս հասցնել մարդուն կամ վախեցնել նրան, ինչի հետևանքով կարող է առաջանալ հոգեբանական, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական վնաս։
ԿիբեռՉատի դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկներն ավելի հաճախ են դառնում առցանց բռնության թիրախ, հատկապես սեռականացված բնույթի դեպքերում։
Առցանց բռնության տեսակներից առավել հաճախ հանդիպում են՝
- Առցանց հետապնդում․ երբ ուղարկում են անցանկալի նամակներ, աուդիո/վիդեո/տեքստային հաղորդագրություններ, պարտադրող զանգեր են անում, հետևում են գտնվելու վայրին։
- Առցանց ոտնձգություն․ երբ ինտերնետում կամ անձնական նամակներով վիրավորում են, նվաստացնում, սպառնում կամ արժեզրկում։
- Կիբեռբուլինգ․ միավորում է առցանց հետապնդման և ոտնձգության ասպեկտները, առավել հաճախ հանդիպում է դեռահասների շրջանում և կատարվում է մի քանի մարդկանց կողմից։
- Քրիփշոթ և ափսքիրթինգ․ երբ կանանց և/կամ աղջիկների մարմնի ինտիմ մասերի լուսանկար կամ տեսանյութ են նկարում՝ առանց համաձայնության։
- Կիբեռգրումինգ․ երբ մեծահասակը փորձում է շահել երեխայի կամ դեռահասի վստահությունը՝ հետագայում սեռական հարաբերություններ հաստատելու նպատակներով։
- Սարքերի կոտրում. հեռախոսի, սոցիալական էջերի կամ այլ սարքերի մուտք առանց սեփականատիրոջ թույլտվության։
- Սեռականացված բռնություն հիմնված լուսանկարների կամ տեսանյութերի վրա․ երբ մարդու անձնական լուսանկարները կամ տեսանյութերը տարածվում են առանց նրա համաձայնության։ Կարևոր է հաշվի առնել, որ մարդը կարող էր համաձայն լինել նկարահանմանը, բայց ոչ տարածմանը։ Սա հաճախ բերում է մեղքի զգացման։ Այս խմբին են պատկանում նաև արհեստական բանականությամբ կեղծված պատկերները։
- Զրպարտություն․ երբ միտումնավոր տարածում են սուտ հայտարարություններ՝ վնասելով մարդու անունն ու հեղինակությունը։
- Սլաթշեյմինգ․ երբ մարդուն քննադատում կամ նվաստացնում են նրա արտաքին տեսքի կամ սեքսուալ վարքի համար։
Թվային բռնությունը կարող է լինել նույնքան տրավմատիկ, որքան բռնության այլ ձևերը։ Այն դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ, հաճախ դժվար է նկատել, քանի որ տեղի է ունենում ինտերնետում, և կրում է գլոբալ բնույթ` ակնթարթորեն տարածվելու իր ունակության պատճառով։ Նույնիսկ եթե բռնությունը դադարում է, դրա հետքերը կարող են երկար ժամանակ մնալ համացանցում։
Թվային բռնությունն ազդում է մարդու վրա երեք մակարդակում՝
անձնական՝ պատճառելով հուզական և հոգեբանական ցավ,
սոցիալական՝ ազդելով հարաբերությունների և հասարակության մեջ իրեն դրսևորելու վրա,
տնտեսական՝ ստեղծելով խնդիրներ ուսման մեջ, հանգեցնելով լրացուցիչ ծախսերի՝ կապված խնդիրների լուծման հետ։
Թվային բռնությունը կարող է շատ ծանր ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա։ Տուժողը կարող է զգալ անհանգստություն, տխրություն, վախ, ինքնագնահատականի անկում, կարող են սկսվել խուճապային գրոհներ, դեպրեսիա, ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրներ։ Շատ դեպքերում
տուժողը մեկուսանում է՝ զգալով մեղքի, ամոթի, միայնակության զգացում, վախ, որ իրեն չեն հավատա կամ որ առցանց բռնությունը կարող է վերածվել իրական կյանքում բռնության, եթե կան նման սպառնալիքներ։ Այս զգացողությունները բնական են նման իրավիճակներում, և աջակցության պարագայում դրանց հաղթահարումն ավելի հեշտ է լինում։
Ի՞նչ անել, եթե դարձել ես առցանց բռնության ականատես.
Եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը ենթարկվում է առցանց բռնության, քո արձագանքը կարող է կարևոր դեր խաղալ իրավիճակը մեղմելու կամ լուծելու մեջ։
- Փորձիր չմիանալ վիրավորանքներին կամ ծաղրանքներին, նույնիսկ «կատակով»։
- Կարող ես աջակցություն ցուցաբերել տուժողին անձնական հաղորդագրությամբ, քանի որ երբեմն նույնիսկ մեկ աջակցող խոսքը կարող է օգնել մարդուն չզգալ իրեն միայնակ։
- Կարևոր է բողոքարկել (report) վիրավորական կամ սպառնալիք պարունակող տեքստերը սոցիալական հարթակներում՝ նպաստելով դրանց հեռացմանը։
- Աշխատիր չտարածել վիրավորական կամ սպառնալիք պարունակող տեքստերը, նույնիսկ եթե նպատակդ «ուշադրություն հրավիրելն» է, դա կարող է կրկնակի վնաս հասցնել։
- Փորձիր աջակցել, օգնել տուժողին դիմել վստահելի մեծահասակի, մասնագետի կամ համապատասխան աջակցող ծառայությունների, օրինակ՝ ԿիբեռՉատին։
Օտարի հանդեպ ցուցաբերած աջակցությունը կարող է նվազեցնել բռնության ազդեցությունը և ստեղծել ավելի անվտանգ առցանց միջավայր բոլորի համար։
Ի՞նչ անել, եթե բախվել ես առցանց բռնության.
- Պարզապես հիշիր, որ մեղավորը դու չես, և օգնություն խնդրելը ճիշտ քայլ է։
- Խուսափիր լռելուց. պատմիր վստահելի մեծահասակի, ծնողի, ուսուցչի կամ մասնագետի։
- Նպատակահարմար է պահպանել ապացույցներ․ սքրինշոթներ արա, պահիր նամակները, տեսանյութերը, լուսանկարները, եթե պետք լինի, ապա ցույց տուր քեզ վստահելի մեծահասակի։
- Անհրաժեշտ է բողոքարկել բռնարարին սոցիալական հարթակներում։
- Պետք չէ պատասխանել վիրավորանքներին և սպառնալիքներին։
- Եթե զգում ես վախ կամ վտանգ, կարող ես դիմել աջակցության՝ համապատասխան աջակցող ծառայություններին կամ իրավապահ մարմիններին, կամ կարող ես կապվել նաև մեզ հետ, և մենք կուղղորդենք այս հարցում։
Առցանց բռնությունը իրական խնդիր է, բայց այն լուծելի է, երբ դրա մասին խոսում ենք և ժամանակին օգնություն ենք խնդրում։ Կարևոր է հիշել, որ ոչ մի երեխա չպետք է միայնակ մնա նման իրավիճակում։ Տեղեկացված լինելը, վստահելի մարդկանց աջակցությունը և մասնագետների օգնությունը կարող են օգնել հաղթահարել դժվարությունները և վերականգնել անվտանգությունն ու վստահությունը՝ թե՛ առցանց, թե՛ իրական կյանքում։
——
Անցի՛ր մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկա իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։
——
Բլոգը ստեղծվել է Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում CyberHUB-AM-ի հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Իզմիրլյան հիմնադրամի տեսակետները: