Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ տեղեկություններ կան ձեր մասին ինտերնետում։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ կապված է ինտերնետի հետ։ Մենք սովորում ենք, շփվում ենք, խաղում և անգամ մեր կյանքի կարևոր պահերով կիսվում ենք առցանց։ Բայց հաճախ չենք մտածում, որ այդ ամենի ընթացքում թողնում ենք մեր մասին տեղեկություններ՝ տվյալներ, որոնք կարող են պատմել, թե ով ենք մենք։
Այս տեղեկությունները կոչվում են անձնական տվյալներ, և դրանց պաշտպանությունը շատ կարևոր է, հատկապես երեխաների համար։
- Անձնական տվյալներ
Ի՞նչ եք կարծում՝ ձեր անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ հեռախոսահամարը անձնական տվյալնե՞ր են։ Միանշանակ՝ այո։
Եթե որևէ տեղեկություն բավարար է, որպեսզի դրան հասանելիություն ունեցող անձը հասկանա, թե ով եք դուք, կամ կարողանա այդ տվյալների միջոցով գործել ձեր անունից, ապա այդ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ։
Անձնական տվյալներ են համարվում ֆիզիկական անձին վերաբերող բոլոր այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ անձի նույնականացում։ Դրանք կարող են լինել՝
- անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ,
- հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե,
- կրթության, աշխատանքի և մասնագիտական գործունեության վերաբերյալ տվյալներ,
- գրանցման և փաստացի բնակության հասցե,
- անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ,
- բանկային և վճարային քարտերի տեղեկություններ,
- սոցիալական ցանցերի հաշիվներ և գաղտնաբառեր։
Որոշ դեպքերում անձին կարելի է նույնականացնել ուղղակիորեն։ Օրինակ՝ եթե ունեք մարդու լուսանկար, ապա նույնիսկ առանց հավելյալ տվյալների կարող եք ճանաչել նրան։
Մյուս դեպքերում նույնականացումը կարող է լինել անուղղակի։ Այսինքն՝ մեկ տվյալը ինքնին բավարար չէ, բայց այն կարելի է համադրել այլ տեղեկությունների հետ։ Օրինակ՝ միայն բջջային հեռախոսահամարը կամ ավտոմեքենայի համարանիշը դեռ չի ասում, թե ում է պատկանում այն, սակայն եթե գիտենք նաև անուն ազգանունը, բնակության հասցեն արդեն հնարավոր է պարզել անձի ինքնությունը։
- Անձնական տվյալների տեսակները և ինչու է վտանգավոր եթե դրանք կորցնեք
Անձնական տվյալները դասակարգվում են մի քանի տեսակների՝ կախված դրանց բնույթից և զգայունությունից։ Անձնական տվյալների կորուստը կամ չարաշահումը կարող է լուրջ վտանգներ առաջացնել, հատկապես երեխաների համար։
Անձնական կյանքի տվյալներ – Դու ընկերասեր ես կամ ամաչկոտ, սիրում ես շներ, բայց չես սիրում կատուներ, քանի հոգով եք ապրում ձեր տանը, որքան գումար են ստանում ծնողներդ աշխատանքի համար, սիրում ես նկարել, սովորություն ունես շուտ քնելու և նմանատիպ տվյալներ, որոնք պատմում են քո ներսի աշխարհի մասին՝ ինչ ես զգում, ինչ ես սիրում, ինչ ես մտածում։ Անձնական կյանքի տվյալներ են համարվում մարդու անձնական, ընտանեկան, ֆիզիկական, մտավոր և սոցիալական վիճակին վերաբերող տեղեկությունները։ Դրանք ներառում են մարդու ապրումները, կարծիքները, ձեռքբերումները, նախասիրությունները, սովորությունները, բնավորությունը, համակրանքներն ու հակակրանքները։ Այս տվյալների ապօրինի տարածումը կարող է խախտել անձի անձնական կյանքի իրավունքը։
Կենսաչափական (բիոմետրիկ) անձնական տվյալներ – Օրինակ՝ եթե ձեր ձայնը լսեն հեռախոսով կամ տեսնեն ձեր լուսանկարը, հնարավոր կլինի ձեզ ճանաչել։ Սրանք այն տվյալներն են, որոնք ցույց են տալիս, թե ով ես դու։ Կենսաչափական անձնական տվյալներն են մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները, ինչպիսիք են՝ մատնահետքը, աչքի ցանցաթաղանթը, լուսանկարը, ԴՆԹ կոդը, ստորագրությունը և ձայնը։ Այս տվյալները համարվում են զգայուն, քանի որ հնարավորություն են տալիս անսխալական նույնականացնել անձին։ Այդ պատճառով դրանք պետք է մշակվեն միայն խիստ անհրաժեշտ դեպքերում և ենթակա են հատուկ պաշտպանության։
Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ – Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը դպրոցում տեղեկատվություն է տարածում քո՝ ինչ-որ հիվանդություն ունենալու, կրոնական պատկանելիության կամ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։ Հատուկ կատեգորիայի տվյալներ են համարվում մարդու ռասայական, ազգային կամ էթնիկ պատկանելությանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, առողջական վիճակին և սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները։ Երեխաների դեպքում նման տվյալների մշակումը կարող է հանգեցնել խտրականության, ուստի դրանք թույլատրվում են միայն այն դեպքերում, երբ առկա է օրինական նպատակ և դա բխում է երեխայի լավագույն շահերից։
Հանրամատչելի անձնական տվյալներ – Եթե այսօր Instagram-ում մի լուսանկար տեղադրես, TikTok-ում՝ տեսանյութ, կամ խաղերում ու սոցիալական ցանցերում մեկնաբանություն գրես, իսկ 10 տարի հետո դառնաս բժիշկ կամ ուսուցիչ, ի՞նչ կլինի, եթե այդ հրապարակումները գտնվեն։ Հանրամատչելի անձնական տվյալներն այն տվյալներն են, որոնք մարդը ինքն է տեղադրում կամ կիսվում ուրիշների հետ, օրինակ՝ սոցիալական ցանցերում։ Համացանցում նման տվյալների տարածումը փաստացի հնարավոր չէ ամբողջությամբ վերահսկել, և դրանք կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ, հատկապես երեխաների ապագա կյանքի և հեղինակության վրա։
Ինտերնետում քո անձնական տվյալները պաշտպանելու ամենալավ ձևը զգույշ և մտածված վարքագիծ ունենալն է։ Ծնողներն ու այլ անձինք նույնպես պետք է մտածեն՝ ինչ ռիսկեր է կրում երեխայի մասին տեղեկությունների հրապարակումը, և ելնեն երեխայի լավագույն շահից՝ կանխելով նրա իրավունքների խախտումը։
Ինչպես պաշտպանել տվյալներն առցանց
Ահա մի քանի պարզ, բայց կարևոր կանոն ինտերնետում քո տվյալների պաշտպանության համար․
- Օգտագործի՛ր բարդ գաղտնաբառեր – Գաղտնաբառը պետք է լինի երկար և դժվար գուշակելի։ Լավ գաղտնաբառը պարունակում է մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ։
- Միացրու՛ երկփուլային նույնականացում (2FA) – Սա նշանակում է, որ գաղտնաբառից բացի պետք է հաստատես մուտքը ևս մեկ քայլով, օրինակ՝ հեռախոսիդ ուղարկված կոդով։ Դա ավելի անվտանգ է դարձնում քո հաշիվը։
- Մի՛ բացիր կասկածելի նամակներ ու հղումներ – Եթե նամակը կամ հղումը ուղարկված է անծանոթից կամ քեզ կասկածելի է թվում, մի՛ բացիր այն։ Դրանք կարող են վնասել քո սարքը կամ գողանալ տվյալներդ։
- Թարմացրու՛ ծրագրերը – Հեռախոսի և համակարգչի թարմացումները օգնում են պաշտպանվել նոր վտանգներից։
- Օգտագործի՛ր հակավիրուսային ծրագիր – Հակավիրուսը պաշտպանում է քո սարքը վիրուսներից և վնասակար ծրագրերից։
- Մի՛ կիսվիր անձնական տվյալներով – Մի՛ փոխանցիր քո գաղտնաբառերը, բանկային տվյալները կամ անձնական տեղեկությունները անծանոթ մարդկանց։
- Զգու՛յշ եղիր քո հրապարակումներից – Այն, ինչ տեղադրում ես ինտերնետում, կարող է մնալ այնտեղ երկար ժամանակ, նույնիսկ եթե ինչ-որ պահի ջնջես։
- Հանրային Wi-Fi-ից օգտվելիս զգուշացի՛ր – Հանրային ցանցերը միշտ չէ որ անվտանգ են։ Հանրային Wi-Fi ցանցերի դեպքում խորհուրդ է տրվում կիրառել VPN, որը պաշտպանում է փոխանցվող տվյալները երրորդ անձանցից։
- Պահպանի՛ր քո ֆայլերը – Կրկնօրինակի՛ր կարևոր լուսանկարներն ու փաստաթղթերը, որպեսզի չկորցնես դրանք։ Կարևոր տվյալները պետք է պահվեն ամպային ծառայություններում կամ արտաքին կրիչների վրա։
Եթե նկատում ես, որ ինչ-որ մեկը փորձում է խաբել քեզ կամ կոտրել քո հաշիվը, կարևոր է արագ գործել և օգնություն խնդրել վստահելի մեծահասակից։
——
Անցի՛ր մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկա իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։
——
Բլոգը ստեղծվել է Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում CyberHUB-AM-ի հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Իզմիրլյան հիմնադրամի տեսակետները: