Դոմենային անվանման կեղծումը որպես քաղաքական ապատեղեկատվության գործիք

15 Դկտ 2025

Հայաստանը շարունակում է մնալ ապատեղեկատվական արշավների ու կիբեռգրոհների ակտիվ թիրախ: Վերջին լայնածավալ ապատեղեկատվական քարոզարշավը, որը թիրախավորում էր Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները՝ կապված միջուկային թափոնների կեղծ լուրի հետ, ցույց է տալիս, թե ինչպես են չարագործները օգտագործում թվային ինքնության կեղծումը քաղաքական լարվածություն ստեղծելու նպատակով:

France 24-ի կեղծման մեխանիզմը

DFRLab-ի “How a forged France 24 report fueled a radioactive lie concerning France-Armenia relations” զեկույցի համաձայն միջադեպը հիմնված էր դոմենային անվան կեղծման վրա:

  • Տառասխալով դոմենի կիրառում. ապատեղեկատվական արշավը սկսվել է CourrierFrance24.fr նոր գրանցված դոմենի միջոցով:  Հարձակվողները ավելացնելով «Courrier» բառը՝ փորձել են նմանվել France 24 հեղինակավոր լրատվամիջոցին: Կայքի դիզայնը նույնպես ամբողջությամբ կրկնօրինակում էր France 24-ին:
  • Ապատեղեկատվության տարածում. հունիսի 25-ին Courrierfrance24.fr կայքը հոդված էր հրապարակել, ըստ որի Ֆրանսիական պետական «Orano» ընկերությունը միջուկային թափոններ է գաղտնի տեղափոխում Հայաստան, որոնք պահվելու են Դիլիջան ազգային պարկում։ Կեղծիքի հավաստիությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով հոդվածում օգտագործվել են լուսանկարներ, իրական լրագրողների անուններ՝ առանց նրանց գիտության, ինչը սովորական տեխնիկա է նման ապատեղեկատվական արշավներում:
  • Տարածում և ազդեցություն. Ապապատեղեկատվությունը լայնորեն տարածվել է X հարթակում: Չնայած ՀՀ կառավարության կողմից արագ հերքումներին, կեղծիքը տարածվեց հայկական մեդիա դաշտում՝ ժամանակավորապես ստեղծելով քաղաքական լարվածություն և ստիպելով մի շարք լրատվամիջոցների հետագայում հերքել սեփական հրապարակումները։

Դեպքի ուսումնասիրություն

Միջադեպին ուղղակիորեն արձագանքել է «Կանաչ Հայաստան» հայկական բնապահպանական կազմակերպության green-armenia.org կայքին նմանակող greenarmenia.org կեղծ կայքը, որը խստորեն դատապարտել է Ֆրանսիա-Հայաստան գործարքը և կոչ է արել Հայաստանի կառավարությանը չեղարկել կնքված համաձայնագիրը: 

DFRLab-ը պարզել է, որ 

  • 2019 թվականից մինչև 2021 թվականի մայիսը Greenarmenia.org դոմենը պատկանել է «Կանաչ Հայաստան» կազմակերպությանը։ 
  • 2021 թվականին նրանք կորցրել են կայքի հասանելիությունը և հետագայում գործարկել են նոր կայք՝ green-armenia.org հասցեով։ 
  • Greenarmenia.org կայքը ներկայումս շահագործվում է այլ անձանց կողմից, ովքեր առանց թույլտվության պատճենում են ընկերության իրական կայքի բովանդակությունը։ 

WHOIS տվյալները ցույց են տալիս, որ greenarmenia.org-ը գրանցվել է 2006 թվականի փետրվարին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնվող հասցեով: Սակայն դեռևս 2014 թվականին դոմենը հանվել է վաճառքի: Հետագայում դոմենի DNS գրանցումներում կատարվել են փոփոխություններ 2021 և 2025 թվականներին:

Տեխնիկական Խորհուրդներ. Դոմենային անվտանգության ապահովում

Շատ ՀԿ-ներ գործում են սահմանափակ բյուջեներով և փոքր թիմերով։ Դոմենի երկարաձգումը, DNS կառավարումը, հոսթինգի վճարումները և անվտանգության մոնիթորինգը հաճախ դիտվում են որպես տեխնիկական խնդիրներ, որոնք կարող են սպասել, սակայն դրանք կարող են ունենալ լուրջ հետևանքներ:

Սպառնալիքը հաճախ գալիս է ոչ թե կեղծ գրանցումներից, այլ դոմենի ժամկետանց լինելուց։ Եթե կազմակերպությունը դադարում է վճարել իր դոմենի թարմացման համար, այն կարող է հայտնվել չարագործների ձեռքում, ովքեր կփորձեն այն կիրառել որպես թիրախային ապատեղեկատվության գործիք, շահագործել կազմակերպության հեղինակությունն ու վստահելիությունը: Կարող են օգտագործել էլփոստի հասցեները ՝ ֆիշինգայինի հարձակումներ իրականացնելու համար:

Անվտանգության պարտադիր քայլեր 

  • Դոմենի կյանքի ցիկլի հսկողություն. հետևել դոմենի գրանցման վիճակին, ժամկետի ավարտին, DNS փոփոխություններին, ավտոմատացնել վճարումները։
  • Բազմագործոն մուտք (2FA). պարտադիր ակտիվացնել երկգործոն անվտանգությունը (2FA) դոմենի գրանցման վահանակի (Control Panel) համար։
  • Վերիֆիկացիա և իրազեկում. բարձրացնել անձնակազմի իրազեկվածությունը աղբյուրի կրկնակի ստուգման և թվային ինքնության խոցելիությունների նկատմամբ։ Ստուգել դոմենի անվան (URL հասցեի) յուրաքանչյուր նիշը։ Եթե հայտնի լրատվամիջոցի կողմից հրապարակվում է չափազանց զգայուն նյութ, այն պետք է փնտրել նաև նրանց կայքում կամ սոցիալական մեդիայի էջերում։
  • Կասկածելի դեպքերում պետք է ստուգել դոմենի գրանցման տվյալները (WHOIS) և DNS գրանցումներում արտասովոր փոփոխությունները:

Հայաստանի կիբեռտարածության մեջ, որտեղ ապատեղեկատվությունը զգալի քաղաքական և սոցիալական հետևանքներ է ունենում, ցանկացած կազմակերպության անտարբերություն դոմենի նկատմամբ կարող է դառնալ հարձակվողների զենքը։