12 Հկտ 2025
Վերջին օրերին մի շարք օգտատերեր կապ են հաստատել մեզ հետ՝ իրենց iPhone-ների էկրաններին կասկածելի «անվտանգության ծանուցումներ» տեսնելուց հետո: Առաջին հայացքից այս բացվող պատուհանները նման էին իրական համակարգային նախազգուշացումների, որոնք կոչ էին անում օգտատերերին անհապաղ միջոցներ ձեռնարկել «իրենց սարքը պաշտպանելու» համար:
Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում դրանք գովազդային ծանուցումներ էին, որոնք տեղադրված էին Meta հարթակներում (Facebook և Instagram) և թիրախավորում էին iPhone օգտատերերին: Գովազդի խաբուսիկ դիզայնը ճշգրտորեն ընօրինակում էր iOS համակարգի ծանուցումները և հաջողությամբ խաբում շատ օգտատերերի՝ հավատացնելով, որ հաղորդագրությունը ծագել է հենց Apple-ից:
Կեղծ նախազգուշացման հղումը բացելու դեպքում օգտատերերը ուղղորդվում էին Apple App Store, որտեղ նրանց առաջարկում էին բաժանորդագրվել VPN ծառայության՝ iosjoomgard[.]com տիրույթում։ Տվյալ հասցեի վերլուծությունը VirusTotal հարթակում ցույց է տալիս, որ այս դոմենը բազմաթիվ անգամներ սքանավորվել է սեպտեմբեր ամսվա ընթացքում տարբեր երկրներից, ինչը կարող է նշանակել, որ սա ուղղված չէ Հայաստանյան օգտատերերին, այլ ավելի ընդարձակ միջազգային արշավի մաս է կազմում։
Չնայած հղումը անմիջականորեն վնասակար ծրագիր չի տարածում, այս արշավը մտահոգիչ է, քանի որ մի շարք լրագրողներ հայտնել են, որ շփոթվել են և պատրաստ են եղել հետևել խաբեբաների կողմից տրված հրահանգներին։
Այս միջադեպը ընդգծում է քաղաքացիական հասարակության աճող խոցելիությունը սոցիալական ինժեներիայի և խաբուսիկ դիզայնի նկատմամբ՝ մարտավարություններ, որոնք շահագործում են օգտատերերի վստահությունը ծանոթ ինտերֆեյսների նկատմամբ, այլ ոչ թե տեխնիկական թերությունները։
Եզրակացություն. Նույնիսկ օրինական գովազդային հարթակները կարող են օգտագործվել մոլորեցնող բովանդակություն տարածելու համար։ Օգտատերերը, հատկապես լրատվամիջոցների և հանրային հաղորդակցության դերերում գտնվողները, պետք է զգոն լինեն անվտանգության թեմայով գովազդների նկատմամբ, որոնք ընդօրինակում են համակարգային ծանուցումները։ Միշտ ստուգեք աղբյուրը նախքան գործողություններ ձեռնարկելը, և հիշեք. Apple-ը երբեք անվտանգության մասին նախազգուշացումներ չի ուղարկում առցանց գովազդների միջոցով։