04 Հնս 2025
Ռուսաստանի ռազմական հետախուզության հաքերային ստորաբաժանումը 2022-2024 թվականներին բազմիցս թիրախավորել է Հայաստանի կառավարության կայքերը։
The Insider-ի հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ հաքեներն առնվազն չորս անգամ գրոհել են Հայաստանի Արտգործնախարարության և Առողջապահության նախարարության կայքերը։ Ըստ պարբերականի` ռուսաստանցի պետական հաքերները թիրախավորել են ԱԳՆ կայքը՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 22։51-ին, Առողջապահության նախարարության կայքը՝ 2023թ․ մայիսի 13-ին 21։40-ին, ԱԳՆ կայքը՝ 2023թ-ի մարտի 25-ին 01:45-ին և դարձյալ ԱԳՆ կայքը՝ 2024թ․ փետրվարի 2-ին 14։53-ին։
The Insider-ը կարողացել է մուտք գործել Ռուսաստանի զինուժի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության` ռազմական հետախուզության ներքո գործող հաքերային այդ խմբի սերվեր և համեմատելով այնտեղ առկա տվյալները արտահոսած, հանրամատչելի տվյալների հետ` վերականգնել է խմբի գործունեության պատկերը։ Ըստ պարբերականի` իրենց հաջողվել է բացահայտել ռուսաստանցի հաքերների թիրախների ամբողջական ցանկը՝ եվրոպական բազմաթիվ երկրներ` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Էստոնիա, Կատար, Ուկրաինա, Մոլդովա, Ուզբեկստան, Վրաստան և Հայաստան։