Դիտողություններ եւ առաջարկություններ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի վերաբերյալ․ CyberHub, dpHub

անձանակն, անվտանգություն, աշխատանքային, թվային, նախագիծ, պայմանագիր, պաշտպանություն, տվյալներ

13 Փտր 2025

Դիտողություններ եւ առաջարկություններ

«Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը եւ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ. CyberHub, dpHub

 

Նախագծի հիմքերը

2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումներ եւ փոփոխություններ (տես՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=201313), որոնցով, ի թիվս այլնի, ներդրվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետ նաեւ՝ թվային համակարգ): Թվային համակարգը տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝ ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաև դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը, ինչպես նաեւ աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:

Ըստ աշխատանքային օրենսգրքի 102.2-րդ հոդվածը 6-րդ մասի՝ «6. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

2025 փետրվարի 5-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանող որոշման նախագիծը (տես՝ https://www.e-draft.am/projects/8279/about):

Նախագծի խնդիրները

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ԱՏՊ օրենք)   4-րդ հոդվածը սահմանում է անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքը, որի համաձայն՝ անձնական տվյալները պետք է մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ, օրինական եւ որոշակի նպատակներով: Նույն օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ տվյալների մշակումն ի թիվս այլնի պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր, տվյալները պետք է մշակվեն օրինական նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով, արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Նախագիծը խնդրահարույց է ԱՏՊ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքների տեսանկյունից հետեւյալ պատճառաբանությամբ.

1. Նախագծի հավելվածի 8-րդ կետով սահմանվում են թվային համակարգում կնքվելիք աշխատանքային պայմանագրերի վավերապայմանները, որոնց համաձայն՝ աշխատանքային պայմանագրում ի թիվս այլնի պետք է լրացվեն.

  • աշխատողի ՀԾՀ-ն,
  • աշխատողի անձնագրային տվյալները,
  • աշխատողի հասցեն:

Նախագծում վերոնշյալ կետերը նշված են աստղանիշով եւ սահմանված է, որ աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

Աշխատանքային պայմանագրում լրացվելիք տվյալները սահմանվում է Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, որը (ինչպես 84-րդ հոդվածի գործող խմբագրությունը, այնպես էլ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող խմբագրությունը) չեն սահմանում աշխատանքային պայմանագրում աշխատողի ՀԾՀ, անձնագրային տվյալներ եւ հասցե լրացնելու պահանջ: Ավելին, Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը սահամնում է, որ աշխատանքային պայմանագրում այլ պայմաններ կարող են ներառվել կողմերի համաձայնությամբ:

Ըստ այդմ, Նախագիծը հակասում է

  • անձնական տվյալների մշակման օրինականությանը, այնքանով, որքանով աշխատանքային պայմանագրում պարտադիր լրացման ենթակա տվյալները պետք է սահմանվեն Աշխատանքային օրենսգրքով (օրենքով ուղղակիորեն), իսկ ՀՀ կառավարությունը չունի անձնական տվյալների նման մշակում սահմանելու լիազորություն,
  • հակասում է անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին այնքանով, որքանով Նախագծով աշխատանքային պայմանագրում պարտադիր լրացման ենթակա տվյալների թվարկումը սահմանազանցում է Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով աշխատանքային պայմանագրում լրացման ենթակա տվյալների շրջանակը:

2. Նախագծի համաձայն՝ թվային համակարգին հասանելիություն տրվում է երեք մարմնի՝

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ նաեւ՝ ՊԵԿ),
  • ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (այսուհետ նաեւ՝ Տեսչական մարմին),
  • ՀՀ ներքին գործերի նախարարությանը (այսուհետ նաեւ՝ ՆԳՆ):

Հաշվի առնելով թվային համակարգի՝ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանն աջակցելու նպատակը՝ թվային համակարգին ՊԵԿ-ի եւ Տեսչական մարմնի հասանելիությունը այդ մարմինների օրենսդրական գործառույթների եւ լիազորությունների տեսանկյունից հասկանալի է, այնինչ ՆԳՆ-ին նման հասանելիություն ապահովելը առնվազն հիմնավորված չէ ոչ Նախագծի տեքստով, ոչ դրա հիմնավորմամբ:

Այսպես, Նախագծում առանձին դրույթով նշվում է, որ թվային համակարգի միջոցով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանցում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին  եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին հասանելիություն տրվում է ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ իրականացվող հարկային հսկողության համար:

Նույն կերպ, Նախագծում առանձին դրությով նշվում է, որ թվային համակարգի միջոցով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանցում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին  եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին հասանելիություն տրվում է Տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար:

ՆԳՆ-ին թվային համակարգի տվյալների հասնանելիության պայմանները սահմանող որեւէ դրույթ Նախագծում առկա չէ: Այնինչ, Աշխատանքային օրենսգիրքը ՆԳՆ-ի դեպքում սահմանում է թվային համակարգի տվյալներին հասանելիության միայն մի սահմանափակ դեպք, մասնավորապես, ոչ թե ամբողջ ՆԳՆ-ին, այլ միայն ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը, ոչ թե բոլոր տվյալներին, այլ միայն օտարերկրյա աշխատողի տվյալներին, եւ ոչ թե ամբողջ ծավալով, այլ միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.amմիասնական էլեկտրոնային հարթակի (աշխատանքի թույլտվության համակարգի) միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:

Արդյունքում, Նախագիծը հակասում է.

  • անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին եւ տվյալների մշակման օրինականությանը այնքանով, որքանով պարզ չէ, թե ո՞ր օրենքով սահմանված լիազորության շրջանակում եւ ո՞ր օրենքով սահմանված նպատակներով է կառավարության որոշմամբ թվային համակարգին հասանելիություն տրվում ընդհանուր ՆԳՆ-ին՝ առանց հասանելիության պայմաններ նախատեսելու,
  • անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին այնքանով, որքանով կառավարության որոշմամբ թվային համակարգին ընդհանուր ՆԳՆ-ին առանց պայմանների հասանելիություն տրամադրելն առերեւույթ սահմանազանցում է թվային համակարգին ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հասանելիության վերաբերյալ այն կարգավորումները, որոնք սահմանված են Աշխատանքային օրենսգրքով:

3. Նախագծում թվային համակարգին ներկայացվող պահանջներն առհասարակ չեն ներառում տվյալների անվտանգության տեխնիկական եւ կազմակերպչական որեւէ միջոցառում, այն է՝ Նախագծում չկան թվային համակարգում մշակվող անձնական տվյալների անվտանգության պահանջներ/երաշխիքները, ինչը խնդրահարույց է տվյալներ մշակողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունն անօրինական միջամտությունից պաշտպանվածությունն ապահովելու՝ ԱՏՊ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականության տեսանկյունից: