23 Հնվ 2025
Անցած շաբաթ Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված փոխգործակցության համալիր համաձայնագրում զգալի տեղ է հատկացված համագործակցությանը ռազմական, անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում։ Մոսկվան ու Թեհրանը ստանձնել են պարտավորություններ խորացնել կապերն այդ ուղղությամբ։
Հայտնի է դարձել, որ համաձայնագրով նախատեսվում է համագործակցության խորացում նաև կիբեռանվտանգության և համացանցի կարգավորման ոլորտներում:
Նախկինում Ռուսաստանը նման ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ համաձայնելով կիսել փորձն ու գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային զարգացման ուղղությամբ:
Անցած ուրբաթ Մոսկվայում՝ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի կողմից ստորագրված համաձայնագրում նշված է, որ երկու երկրները «ընդլայնելու են համագործակցությունը հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմանը հակազդելու հարցում»:
Արդյո՞ք Ռուսաստանը ձգտում է վերահսկել համացանցի իր հատվածը՝ իրանական փորձի հիման վրա
Երկրները նաև պայմանավորվել են փորձի փոխանակում կատարել համացանցի ազգային հատվածները կառավարելու և թվային տարածության նկատմամբ ավելի ուժեղ վերահսկողության իրականացնելու նպատակով՝ կանոններ ստեղծելով միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար:
«Համացանցը թե՛ Ռուսաստանում և թե՛ Իրանում համարվում է անազատ՝ նաև գրաքննության, ապատեղեկատվության արշավների, հսկողության և առցանց խոսքի համար պատիժներ սահմանելու պատճառով»,- նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը փորձում է անջատվել գլոբալ ցանցից՝ համացանցի ռուսաստանյան հատվածի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար։ Նախորդ ամիսներին Կրեմլը ավելացրել է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ արգելափակելով հավելվածներ ու կայքեր, փորձարկելով երկրի, այսպես կոչված, «ինքնիշխան համացանց» ենթակառուցվածքը:
Այս ուղղությամբ, ինչպես հայտնի է, Թեհրանն ավելի հեռու է գնացել։
«Իրանը քայլեր է ձեռնարկել համաշխարհային համացանցի հասանելիությունն [իրանական օգտատերերի համար] ավելի դժվար ու թանկ դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև օգտատերերին ուղորդելու դեպի համացանցի ներքին՝ [իրանական] տարբերակ, որտեղ իշխանությունները կարող են ավելի արդյունավետ կերպով վերահսկել բովանդակությունն ու օգտատերերին»,- ասված է Freedom House-ի զեկույցում:
Ռուսաստանն օգնո՞ւմ է Իրանին կիբեռանվտանգության ապահովման գործում
Ըստ Carnegie Endowment վերլուծական կենտրոնի փորձագետների՝ ռուս-իրանական համաձայնագիրը, սակայն, կողմերից ոչ մեկի վրա ուղղակի պարտավորություններ չի դնում և պարզապես պաշտոնականացնում է Իրանի և Ռուսաստանի միջև առկա սերտ կապերը։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի համաձայնագրում անվտանգությանը վերաբերող դրույթները գրեթե նույնական են 2021 թվականի համաձայնագրում առկա տեքստին:
Անցած տարվա օգոստոսին ուժի մեջ մտած այդ համաձայնագիրը կենտրոնացած էր կիբեռանվտանգության և կիբեռհանցագործությունների կանխարգելման ոլորտներում համագործակցության վրա։ Նաև առկա էր պայմանավորվածություն կիբեռտարածությունում միմյանց վրա չհարձակվել։
2023 թվականի հուլիսին Ռուսաստանի թվային նախարարության, տեղական խոշոր տեխնոլոգիական ընկերությունների (Rostelecom-Solar, Positive Technologies) ներկայացուցիչները հանդիպել էին Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաներին՝ քննարկելու ռուսական տեխնոլոգիաների արտահանումն Իրան և համագործակցությունը կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտում:
Անցած տարվա հոկտեմբերին ռուսական Positive Technologies ընկերությունը, որի նկատմամբ դեռ 2021 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել, հրապարակեց մի զեկույց, որը վերլուծում էր իրանական թվային դաշտի առջև կանգնած կիբեռսպառնալիքները։ Սա վկայում է ընկերության և Թեհրանի միջև համագործակցության մասին:
Անցած տարի Իրանի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հետ զրույցում հայտարարել էր, թե «Ռուսաստանը նպաստում է Իրանի կիբեռանվտանգության ամրապնդմանը»:
Հրապարակման աղբյուրն է։