Ինչպես մուտք գործել և վերականգնել կոտրված Viber հաշիվը

26 Դկտ 2024

Վերջին շրջանում CyberHUB֊ի թիմը բազմաթիվ դիմումներ է ստանում Viber֊ի օգտատերերից, որոնցից խաբեությամբ կորզել են ակտիվացման կոդը և գողացել Viber֊ի օգտահաշիվը։Եթե բազմիցս փորձել եք մուտք գործել ձեր Viber հաշիվ, բայց ստանում եք հաղորդագրություն, որ այս հաշիվը գոյություն չունի, կամ պարզապես չեք ստանում PIN կոդը՝ SMS-ով կամ էլ․ փոստով, ապա անմիջապես դադարեցրեք օգտահաշիվ մտնելու փորձերը, այլապես կարող եք իրավիճակն ավելի բարդացնել։Եթե ցանկանում եք վերականգնել ձեր օգտահաշվի հասանելիությունը, ձեռնարկեք հետևյալ քայլերը․
  • կապվեք Viber-ի հետ հետևյալ հղումով՝ ⁦https://help.viber.com/en/contact,
  • բացվող ձևաթղթում ընտրեք Technical Issue, իսկ ներքևի դաշտում՝ Access Coden and Registration for Mobile, իսկ Subject դաշտում անպայման նշեք՝ My Viber account was hacked,
  • այնուհետև, ցանկալի է անգլերեն կամ ռուսերեն շարադրեք, թե ինչպես են գողացել օգտահաշիվը։ Եթե PIN կոդ եք ուղարկել հաքերին, ապա պետք է մանրամասն նշեք, թե ինչպես եք դա արել, և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։

Armenia -- Screenshot on Viber help page to restore hacked account, Yerevan, 26Dec2024

Սովորաբար Viber֊ը ձեր տրամադրած մեյլի հասցեով կապի է դուրս գալիս, տեղեկացնում, որ բոլոր մուտք եղած սարքերը հեռացրել է համակարգից և որ դուք կարող եք նորից փորձել գրանցվել։ Եթե խնդիրը չի լուծվում, ապա կապվեք նրանց հետ կրկին՝ պատասխանելով իրենց ուղարկած էլ․ նամակին, նշելով, որ դուք նույն խնդիրն եք ունենում։

Այս դեպքում Viber-ը կա՛մ կապաբլոկավորի ձեր հաշիվը, կա՛մ ձեզ կուղարկի եզակի կոդ SMS-ով, որը դուք կօգտագործեք համարը ապաբլոկավորելու և ձեր հաշիվ կրկին մուտք գործելու համար։