Pegasus-ի ստեղծող NSO Group-ը մեղավոր է ճանաչվել WhatsApp-ը «կոտրելու» մեջ

Pegasus, WhatsApp, Պեգասուս

23 Դկտ 2024

Անցած ուրբաթ ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել է Pegasus հայտնի լրտեսող ծրագրի ստեղծող իսրայելական NSO Group-ին՝ Meta ընկերությանը պատկանող WhatsApp մեսինջերը «կոտրելու» մեջ՝ նշելով, թե NSO Group-ը լրտեսող ծրագրի միջոցով կարողացել է ապօրինաբար հսկողություն իրականացնել մեսինջերի նկատմամբ։

Որոշումը կայացրել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի դատարանը։ Սպասվում է, որ այժմ դատաքննության առարկա է հնդիսանալու վնասի փոխհատուցման հարցը։

NSO Group-ը դեռ չի արձագանքել վճռին։

«Լրտեսող ընկերությունները պետք է հասկանան, որ անօրինական լրտեսությունը չի հանդուրժվի» WhatsApp-ի ղեկավար

WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարտը որոշումն անվանել է հաղթանակ։

«Հինգ տարի աշխատել ենք գործը ներկայացնելու ուղղությամբ, որովհետև համոզված ենք, որ լրտեսող ծրագրերի ստեղծող ընկերությունները չպետք է թաքնվեն անձեռնմխելիության հետևում կամ խուսափեն պատասխանատվությունից՝ իրենց անօրինական գործողությունների համար։ Լրտեսող ընկերությունները պետք է հասկանան, որ անօրինական լրտեսությունը չի հանդուրժվի»,- նշել է Քեթքարտը։

Կիբեռանվտանգության գծով միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունները ողջունել են դատարանի որոշումը։ Դեռ 2016 թվականին՝ առաջին անգամ NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրի մասին հրապարակավ տեղեկացրած կանադական հանրահայտ Citizen Lab-ի ներկայացուցիչ Ջոն Սքոթ-Ռեյլթոնը դատարանւի որոշումը կոչել է նախադեպային, որը կարող է «հսկայական հետևանքներ թողնել լրտեսող ծրագրերի ոլորտի համար»։

«[Լրտեսող ծրագրերի] ողջ արդյունաբերությունը ներկայացնում է այն պնդումները, թե ինչ էլ որ անեն իրենց հաճախորդները հաքերային գործիքների միջոցով, իրենք չեն պատասխանատու։ Այսօրվա որոշումը հստակ ցույց է տալիս, որ NSO Group-ը, փաստորեն, պատասխանատու է բազմաթիվ օրենքների խախտման համար»,- ասել է Սքոթ-Ռեյլթոնը։

WhatsApp-ը 2019 թվականին էր դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ՝ պահանջելով վնասի հատուցում: Meta-ին պատկանող ընկերությունը մեղադրում է իսրայելական կազմակերպությանը առանց թույլտվության WhatsApp-ի սերվերներ մուտք գործելու մեջ՝ «զոհերի» շարժական սարքերում Pegasus լրտեսող ծրագիր տեղադրելու միջոցով:

Ըստ WhatsApp-ի՝ նշված «ներխուժումը» թույլ է տվել գաղտնի հետևել, հսկել մոտ 1,400 մարդու, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և այլախոհների:

NSO Group-ը պնդում է, որ Pegasus ծրագիրը, իրականում, աջակցում է տարբեր երկրների իրավապահ և հետախուզական մարմիններին հանցավորության դեմ պայքարում և ազգային անվտանգության պաշտպանության գործում։

2020 թվականին ամերիկյան դատարանը մերժել էր NSO Group-ի հայցը՝ ընկերությանը «վարքագծի վրա հիմնված անձեռնմխելիություն» տրամադրել, որը տրամադրվում է օտաերկրյա պաշտոնյաներին՝ իրենց պաշտոնական լիազորություններն իրականացնելիս։

2021 թվականին Սան Ֆրանցիսկոյում վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նույնը՝ 2023 թվականին արել էր ԱՄՆ Գերագույն դատարանը՝ նման կերպ հնարավոր դարձնելով NSO Group-ի դեմ դատաքննությունը։

Pegasus-ի միջոցով Հայաստանում թիրախավորել են մի քանի հարյուր հոգու

Հիշեցնենք՝ հայաստանցի կիբեռանվտանգության մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականի ամռանից մինչև 2023-ի աշուն Pegasus լրտեսող ծրագրի միջոցով Հայաստանում թիրախավորվել էին մի քանի հարյուր հոգի, ներառյալ՝ պետական, քաղաքական, տնտեսական և հանրային գործիչներ, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ ու լրագրողներ։

 

Հրապարակման աղբյուրն է։