25 Նյմ 2024
Եթե նախընտրում եք խմբային զանգեր կատարել Signal-ով, բայց չեք ցանկանում ստեղծել խմբային չաթեր (զրուցարաններ) յուրաքանչյուր խմբի համար, ապա Signal-ի նոր լուծումը կարող է հետաքրքրել։
Հանրահայտ մեսինջերը օրերս գործարկել է զանգերի հատուկ հղումները, որոնք կարող եք կիսվել որևէ մեկի հետ Signal-ում, և նա ընդամենը մեկ հպումով կմիանա ձեր խմբային զանգին: Խմբային չաթի ստեղծման կարքին այլևս չկա։
Ի հավելումն՝ Signal-ը իր զանգերը հարստացրել է այլ գործառույթներով ևս՝զանգի ժամանակ կարող եք «ձեռք բարձրացնել», եթե խմբային խոսակցության ժամանակ ցանկանում եք ինչ-որ բան ասել։ Զանգի ժամանակ կարող եք նաև տարաբնյութ էմոջիներ (սմայլիկներ) ուղարկել և այլն։
Առաջին անգամ ամբողջավին գաղտնագրված զանգեր Signal-ը կարողացավ ապահովել 2014 թվականին: 2017 թվականին ավելացավ գաղտանգրված տեսազանգերի գործառույթը, իսկ 2020 թվականին շարք մտան խմբային տեսազանգերը:
Զանգի հղումներ
Նախկինում Signal-ում խմբային զանգ սկսելու համար նախ անհրաժեշտ էր ստեղծել խմբային չաթ, այնուհետև ավելացնել մարդկանց, և միայն դրանից հետո կարող էիք սկսել խմբային զանգը: Այժմ կարող եք, պարզապես, ստեղծել հղում, որը Signal-ում գտնվող յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել՝ զանգին միանալու համար՝ առանց միանալու խմբային չաթին:
Զանգի հղում ստեղծելու համար մուտք գործեք Signal հավելված, սեղմեք հեռախոս պատկերող նշանին և բացված պատուհանի ամենից վերևում կտեսենք «Ստեղծել զանգի հղում» (Create a Call Link) հղումը։ Սեղմեք այն՝ հղում ստեղծելու համար: Կարող եք որոշել՝ ցանկանո՞ւմ եք որևէ անուն տալ ձեր հղմանը (խմբային զանգին), վերահսկել այն մարդկանց մուտքը, ովքեր ցանկանում են միանալ, թե՞ որևէ մեկը կարող է միանալ առանց ձեր հաստատման:
Երբ ստեղծեք զանգի հղումը, կարող եք Signal-ում փոխանցել այն ում ցանկանաք։
Եթե որոշել եք նախապես հաստատել այն մարդկանց մուտքը, ովքեր ցանկանում են միանալ ձեր ստեղծած խմբային զանգին, ապա էկրանին կտեսնեք ցանկացողների հայտերը։
Ի դեպ, կարող եք նաև հեռացնել մարդկանց տվյալ խմբային զանգից կամ արգելափակել նրանց մուտքը, որպեսզի չկարողանան վերստին միանալ:
Զանգի հղումը կարող եք բազմիցս օգտագործել, այն մեկանգամյա չէ։ Այնպես որ, եթե ունեք ծրագրած մի քանի խմբային զանգեր, կարիք չկա ամեն անգամ զանգի նոր հղում ստեղծել:
Խմբային զանգերին կարող են միանալ Signal-ի մինչև 50 օգտատերեր:
Մանրամասների համար այցելեք այստեղ։
«Բարձրացնել ձեռքը» կոճակը և էմոջիների հնարավորությունը
Այլևս Signal-ի խմբային զանգերի ժամանակ կարող եք սեղմել «բարձրացնել ձեռքը» կոճակը՝ էկրանի ձեզ պատկերող հատվածի վերևի անկյունում կհայտնվի բարձրացված ձեռքի նշան՝ հուշելով մասնակիցներին, որ խոսք ունեք ասելու։
Անշուշտ, այս գործառույթը հարմար է՝ խոսելիս միմյանց չխանգարելու համար։
Բացի այդ՝ այլևս առկա է էմոջիների հնարավորություն, և տեսազանգի ընթացքում կարող եք արձագանքել խոսակցությանը։
Զանգերի գործառույթի բարելավում
Այժմ ձեր սմարթֆոնի էկրանի ներքևի մասում, իսկ Desktop հավելվածի էկրանի ձախ կողմում կարող եք տեսնել հեռախոսի նշանը, որին հպվելով՝ ձեր առջև կբացվի ձեր նախորդ զանգերի/տեսազանգերի ցանկը։
Desktop հավելվածի տեսազանգեր կատարելիս՝ հնարավորություններն ավելի լայն են։ Օրինակ, կարող եք ընտրել, թե ինչպես եք ցանկանում տեսնել ձեր խմաբային տեսազանգի մասնակիցներին՝ Grid, Sidebar կամ Speaker ձևաչափով։