Ինտերնետ Արխիվի վրա հարձակումների հետևանքով 31 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել

12 Հկտ 2024

Ինտերնետ Արխիվը՝ կարևոր գործիք հետազոտողների, փաստեր ստուգողների և հետաքննող լրագրողների համար, վերջերս ենթարկվել է մի շարք հարձակումների:

  • Հաքերները կոտրել և վաճառքի են հանել ավելի քան 31 միլիոն օգտատերերի հաշիվներ:
  • Արտահոսքը ներառում է էլ. փոստի հասցեներ, օգտանուններ և կոդավորված գաղտնաբառեր:
  • Կայքը նաև ենթարկվում է DDoS հարձակումների և ներկայումս չի աշխատում:

Անվտանգության խորհուրդներ

Կարևոր է հասկանալ, որ այս կայքում օգտահաշիվներ ստեղծում են հիմնականում հենց հետազոտողները և լրագրողները։ Տվյալների արտահոսքը ներառում է էլ. փոստի հասցեները, օգտանունները և bcrypt-ով կոդավորված գաղտնաբառերը։ Եթե դուք սովորություն ունեք նույն գաղտնաբառը օգտագործել մի քանի կայքերում և ծառայություններում, այսօր ճիշտ ժամանակն է գնալ և փոխել դրանք, եթե Ինտերնետ Արխիվում նույնպես տվյալ գաղտնաբառն օգտագործել եք։ Բացի այդ՝ անպայման ակտիվացրեք երկգործոն նույնականացումը բոլոր օգտահաշիվներում։

Ինտերնետ Արխիվի մասին

Ինտերնետ Արխիվը (Internet Archive) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանել և մատչելի դարձնել համացանցի և այլ թվային նյութերի պատմությունը: Այն ստեղծվել է 1996 թվականին և ներառում է մեծ քանակությամբ վեբ էջեր, գրքեր, տեսանյութեր, աուդիո նյութեր և ծրագրային ապահովում: Ինտերնետ Արխիվը նաև առաջարկում է ծառայություններ, ինչպիսիք են Wayback Machine-ը, որը թույլ է տալիս օգտատերերին դիտել կայքերի նախորդ տարբերակները: