ԱՄՆ-ում կարգելվի Կասպերսկի հակավիրուսային ծրագրի վաճառքը

26 Հնս 2024

Հունիսի 20-ին Բայդենի վարչակազմը հայտարարեց ԱՄՆ-ում ռուսաստանյան Կասպերսկի լաբորատորիայի կողմից մշակված հակավիրուսային ծրագրերի վաճառքն արգելելու նախաձեռնության մասին։ Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն նշել է Ռուսաստանի ազդեցությունը Կասպերսկիի վրա որպես անվտանգության զգալի սպառնալիք: Ծրագրաշարի մուտքը համակարգչային համակարգեր կարող է հանդիսանալ զգայուն տեղեկատվություն արտահոսքի պատճառ։ Մտահոգություններն իշխանությունների մոտ առավել մեծ են, քանի որ ԱՄՆ–ում Կասպերսկիի հաճախորդների թվում են կարևոր ենթակառուցվածքային ընկերություններ և պետական ​​կառույցներ:

«Ռուսաստանը ցույց է տվել, որ ունի կարողություն և մտադրություն՝ շահագործելու Կասպերսկիի նման ընկերությունները՝ ամերիկացիների անձնական տվյալները հավաքելու և սպառազինվելու համար», — հայտարարել է Ռայմոնդոն՝ ընդգծելով գործողությունների հրատապությունն ու անհրաժեշտությունը։

Ի պատասխան, Կասպերսկին պնդում է, որ ԱՄՆ-ի որոշման վրա ազդել են աշխարհաքաղաքական լարվածությունը, այլ ոչ թե իր արտադրանքի նկատմամբ օբյեկտիվ գնահատումը: Ընկերությունը նշել է, որ իր գործունեությունը որևէ կերպ չի սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և նախատեսում է իրավական ուղիներ փնտրել՝ ԱՄՆ-ում իր բիզնեսը պահպանելու համար:

Այս որոշման հիմքում Թրամփի վարչակազմի օրոք հաստատված լայն լիազորություններ են, որոնք թույլ են տալիս սահմանափակել ամերիկյան ընկերությունների և «օտարերկրյա հակառակորդ» երկրների ընկերությունների միջև գործարքները: Բայդենի վարչակազմի քայլը նպատակ ունի վերացնել պոտենցիալ կիբեռ ռիսկերը, որոնք բխում են Կասպերսկի ծրագրաշարից՝ լարվածության աճի և Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվող հակամարտությունների ֆոնին:

Նոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 29-ից, կարգելափակեն Kaspersky-ի արտադրանքի ներբեռնումները, թարմացումները, վերավաճառքը և լիցենզավորումը։

 

Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան

——————————

Սույն բլոգը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: