19 Մրտ 2024
Այս փետրվարի 17-ից ուժի մեջ մտավ Եվրամիության «Թվային ծառայությունների մասին» օրենքը (Digital Services Act), որը պարտավորեցնում է միության տարածքում գործունեություն ծավալող առցանց հարթակներին, որոնողական համակարգերին ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միջազգային հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը «պատմական» է որակել ակտի ընդունումը։
«Այլևս կարելի է խոսել մեծ տեխնոլոգիական ընկերությունների չկարգավորվող գործունեության ավարտի մասին, և որպեսզի օրենքը չմնա թղթի վրա, այն պետք է խստորեն կիրառվի։ Եվրամիության անդամ-երկրները և Եվրահանձնաժողովը պատասխանատու են լրացուցիչ պարտավորությունների [իրականացման] մշտադիտարկման և կիրարկման համար, որոնք վերաբերում են մեծ տեխնոլոգիական ընկերություններին (Big Tech): Նրանք պետք է կասեցնեն այդ ընկերությունների ցանկացած փորձ՝ թուլացնել ակտի կիրառումը և առաջնային համարեն մարդու իրավունքների պաշտպանությունը թվային հարթությունում»,- ասել է Amnesty–ի տեխնոլոգիական ստորաբաժանման՝ Amnesty Tech-ի հետազոտող Ալիա Ալ-Ղուսայնը։
Amnesty International-ի ներկայացմամբ, տեխնոլոգիական հսկաների կողմից համացանցում մարդու իրավուքնների ոտնահարումներն ամենևին էլ նորություն չեն։ Իրավապաշտպան կազմակերպությունն օրինականեր (Մյանմար, Եթովպիա) է բերում՝ ընդգծելով, որ նման վարքն անընդունելի է, և ընկերությունները պետք է պատասխանատվության ենթարկեն:
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, մարդու իրավունքներին վերաբերող ու սոցիհարթակներից բխող ռիսկերը նվազեցնելու համար՝ Եվրահանձնաժողովը պետք է լրջորեն զբաղվի այդ հարթակներից կախվածություն առաջացնող և, իրականում, վնասակար համակարգերով, որոնց հիման վրա գործում են նշված սոցհարթակները, որպեսզի դրանք «այլևս նախագծված չլինեն՝ ամեն գնով մարդկանց ներգրավելու համար»։
Եվրամիության «Թվային ծառայությունների մասին» օրենքի գլխավոր նպատակն է առցանց միջավայրը մարդու համար դարձնել անվտանգ, կանխատեսելի և վստահելի, ուր քաղաքացիների հիմնարար իրավունքները արդյունավետ կերպով պաշտպանված են:
Համեմատաբար վերջերս՝ Amnesty International-ը հանդես եկավ հատուկ զեկույցով՝ անդրադառնալով, թե տեխնոլոգիական հսկաներն ինչպես են կառուցում իրենց բիզնես-մոդելները՝ ոտնահարելով մարդու մի շարք իրավունքները՝ կապված անձնական տվյալների գաղտնիության պահպանման, խոսքի ազատության երաշխավորման և խտրականության բացառման հետ:
Սույն հրապարակման աղբյուրը։