26 Հկտ 2023
Թվային տեխնոլոգիաները փոխում են ամեն ինչ, այդ թվում՝ պատերազմ վարելու կանոններն ու մոտեցումները՝ ռազմական գործողությունների իրականացմանը աստիճանաբար ներգրավելով ավելի մեծ թվով քաղաքացիական անձանց։ Թեև վերջիններս հեռու են բուն ռազմական գործողությունների թատերաբեմից, երբեմն՝ անգամ դուրս են պատերազմող երկրներից, սակայն հաճախ նրանք են կանգնած են հակառակորդի դեմ իրականացվող կիբեռգործողությունների հետևում։
Բազմաթիվ դիտորդների խոսքով, այսօր նախևառաջ քաղաքացիական անձինք են դիտարկվում որպես կիբեռմարտիկներ, քանզի կիբեռանվտանգության ոլորտում գիտելիքի, փորձի, հմտությունների զգալի մասը հենց քաղաքացիական դաշտում է։
Զինված հակամարտությունների, պատերազմների ժամանակ քաղաքացիական հաքերների գործունեության օրինակները բազմաթիվ են (տե՛ս այստեղ, այստեղ կամ այստեղ)։ Թարմ օրինակներից է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ի հայտ եկած խումբը, որը ներկայանում է որպես Ուկրաինային աջակցող «համաշխարհային ՏՏ համայնք» և որի նպատակն է՝ «օգնել Ուկրաինային հաղթել [պատերազմում]՝ հարված հասցնելով ագրեսորի տնտեսությանը, արգելափակելով նրա կարևոր ֆինանսական, ենթակառուցվածքային և պետական ծառայությունները»։
Այս ուղղությամբ գործող բազմաթիվ խմբեր այլևս բաղկացած են հազարավոր հաքերներից, որոնց գործունեությունը համակարգվում է, որոնց տրամադրում են ավտոմատացված գործիքակազմեր։ Կարճ՝ պետությունների ու տարաբնույթ դերակատարների միջև զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական հաքերների ներգրավածությունը ողջ աշխարհում հասել է աննախադեպ աստիճանի և այդ միտումը շարունակվում է։
Թեման բնականաբար, նորություն չէ, սակայն այս հրապարակմամբ փորձենք ներկայացնել, թե ինչու պետք է նշված միտումն անհանգստացնի կառավարություններին ու հասարակություններին։ Միաժամանակ, փորձենք ձևակերպել միջազգային մարդասիրական իրավունքի վրա հիմնված այն սկզբունքները, որոնք կարող են յուրօրինակ «կարմիր գիծ» հանդիսանալ զինված հակամարտությունների ժամանակ գործունեություն ծավալող հաքերների համար։
Ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց ներգրավածությունը կիբեռգործողություններին իրապես մտահոգիչ է, և հիմնականում՝ հետևյալ պատճառներով։
Առաջին․ նրանք թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները։ Թեև, ըստ որոշ փորձագետների, քաղաքացիական հաքերների գործողությունների բնույթը հիմնականում բարդ չէ, սակայն նրանք ի վիճակի են լրջորեն վնասել որևէ երկրի կենսագործունեության համար կարևոր ենթակառուցվածքներ՝ բանկեր, տրանսպորատային ցանցեր, առողջապահական համակարգեր, պետական քաղաքացիական հաստատություններ և այլն։
Երկրորդ․ քաղաքացիական հաքերները վտանգում են իրենց և իրենց մերձավորներին, երբեմն՝ կյանքը։ Նրանք կարող են համարվել ռազմական գործողություններին անմիջական մասնակից (մանրամասն տե՛ս այստեղ և այստեղ), հետևաբար՝ թիրախավորվել, թե՛ կիբեռգործողությունների, թե՛ ուղղակի՝ ռազմական գրոհի միջոցով։
Երրորդ․ որքան շատ քաղաքացիական անձինք մասնակցություն ունենան ռազմական գործողություններին, այնքան ավելի է լղոզվում սահմանը, թե ով է քաղաքացիական, ով ռազմական անձ: Արդյունքում, մեծանում է պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանը թիրախավորելու վտանգը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքը։
Կիբեռտարածությունը օրենքից դուրս միջավայր չէ։ Անգամ պատերազմներն ունեն կանոններ:
Նույնիսկ եթե քաղաքացիական հաքերները որոշել են անտեսել երկրների օրենսդրությունները, գոյություն ունի միջազգային մարդասիրական իրավունք, որը նախատեսում է որոշակի վարքականոն նաև ռազմական գործողությունների ժամանակ, և որի նպատակն է պաշտպանել քաղաքացիական անձանց։ Պարզապես հիշեցնենք՝ այդ իրավունքի կոպիտ խախտումները ռազմական հանցագործություն են, որը կարող է արժանանալ քրեական պատասխանատվության ազգային կամ միջազգային մակարդակով:
Զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքն ամենևին չի արգելում զբաղվել հաքերությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց կիբեռ գործողություններ իրականացնել ռազմական օբյեկտների նկատմամբ, սակայն այն սահմանում է քաղաքացիական անձանց պաշտպանութան կարևորությունը՝ անկախ հակամարտության պատճառներից, նպատակների օրինականությունից (օրինակ, գործողությունն իրականացվել է պաշտպանությա՞ն, թե՞ հարձակման ժամանակ):
Եթե ընդհանրացնենք, միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ դրույթներից հարկ է առանձնացնել ութ կանոն և մեկ, այսպես ասած, նախազգուշացում՝ ուղղված այն քաղաքացիական անձանց, ովքեր ռազմական գործողությունների ժամանակ ներգրավված են կիբեռգործողություններում։
Նախազգուշացում․ զինված հակամարտության ժամանակ գործող քաղաքացիական հաքերները կարող են կիբեռ և ֆիզիկական հարձակումների թիրախ դառնալ, կամ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց զերծ պահել հարձակումներից, քանի դեռ նրանք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին:
Այս պարագայում, ռազմական կամ քաղաքացիական թիրախների դեմ կիբեռհարձակումները կարող են ընկալվել ու ներկայացվել որպես «մասնակցություն ռազմական գործողություններին», հետևաբար՝ վտանգել քաղաքացիական հաքերներին:
Ի հավելումն, եթե պետության զինված ուժերի անդամներն (ներառյալ կիբեռօպերատորների) ունեն որոշակի պաշտպանության իրավունք (օրինակ, գերի ընկնելիս նրանք դառնում են ռազմագերի), ապա քաղաքացիական հաքերների դեպքում նման կարգավիճակ չի կարող ենթադրվել։ Ուստի, նրանց կարող են վերաբերվել որպես հանցագործի, ահաբեկչի՝ համապատասխան քրեական հետապնդմամբ։
Քաղաքացիական օբյեկտները դուրս են ռազմական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքներից։ Նման օբյեկտները քաղաքացիական բնույթի ենթակառուցվածքներն են, հանրային ծառայության մատուցող հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական բնույթի տվյալները: Այնինչ, բնականաբար, ռազմական օբյեկտները պատերազմող կողմի զինված ուժերի ֆիզիկական և թվային ենթակառուցվածքներն են, որոնք, ի դեպ, կարող են ներառել քաղաքացիական օբյեկտներ, եթե վերջիններս օգտագործվում են զինվորականների կողմից:
Հարկ է զերծ մնալ, օրինակ, այնպիսի ծրագրերի գործածումից, որոնք կարող են ինքնաբերաբար տարածվել՝ անընտրաբար վնասելով ռազմական ու քաղաքացիական օբյեկտները:
Օրինակ, եթե նպատակ կա խափանել էլեկտրաէներգիայի մատակարարումը, կամ երկաթուղային հաղորդակցությունը, որն օգտագործվում է ռազմուժի կողմից, հարկ է խուսափել, կամ նվազագույնի հասցնել նման գործողությունների ազդեցությունը քաղաքացիական անձանց, օբյեկտների վրա: Անհրաժեշտ է ուսումնասիրել, հասկանալ ձեր գործողության հնարավոր ազդեցությունը: Ի վերջո, հարկ է դադարեցնել կիբեռհարձակումը, եթե այն չափազանց լուրջ վնաս է հասցնում քաղաքացիական անձանց ու օբյեկտներին։
Անչափ կարևոր է զերծ պահել հիվանդանոցները, մարդասիրական գործունեություն ծավալող կազմակերպությունները կիբեռհարձակումներից։
Միջազգային մարդասիրական իրավունքը վերջիններիս շարքում դասում է ամբարտակները, ջրանցքները, ատոմակայանները, քիմիական գործարանները և նմանատիպ այլ օբյեկտները։ Քաղաքացիական բնակչության գոյատևման համար անփոխարինելի են, օրինակ, խմելու ջրի կայանները, ոռոգման համակարգերը և այլն:
Օրինակ, արգելվում է ներխուժել կապի տարաբնույթ համակարգեր՝ քաղաքացիական բնակչության շրջանում սարսափ տարածելու համար՝ այդ թվում տեքստային, գրաֆիկական, տեսալսողական ձևաչափով բովանդակության տարածման միջոցով՝ նաև նպատակ հետապնդելով դրդել խաղաղ բնակչությանը լքել իր բնակության վայրը:
Զերծ մնացեք ձեր տրամադրության ներքո եղած տեխնիկական, թվային դետալների փոխանցումից, որոնք կարող են դյուրացնել քաղաքացիական հաստատությունների նկատմամբ կիբեռհարձակումները:
Պատասխան հարված հասցնելն արդարացում չէ՝ խախտելու միջազգային մարդասիրական իրավունքը:
Այնուամենայնիվ, պետությունները չպետք խրախուսեն կամ հանդուրժեն քաղաքացիական հաքերների գործունեությունը զինված հակամարտությունների ժամանակ։
Ինչպես նշեցինք, ռազմական գործողությունների ժամանակ որքան շատ քաղաքացիական հաքերներ ներգրավվեն հակառակորդի դեմ ուղղված կիբեռգործողություններում, այդքան մեծանում է վտանգը, որ անորոշ, լղոզված է դառնում քաղաքացիական անձանց ու զինվորականների միջև առկա սահմանագիծը։
Պատահական չէ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել պետություններին պատշաճ կերպով հաշվի առնել քաղաքացիական անձանց թիրախավորվելու վտանգը, եթե կառավարությունները խրախուսում, պահանջում են նրանց ներգրավվել ռազմական բնույթի կիբեռգործողություններում:
Նյութը հիմնված է Թիլման Ռոդենհաուսերի և Մաուրո Վիգնատիի հրապարակման վրա։