16 Մրտ 2023
Հաշված օրեր անց Twitter-ը պարտադրելու է Ձեզ կա՛մ ակտիվացնել վճարովի Թվիթերի Կապույտ ստուգանիշ (Twitter Blue) ծառայությանը, կա՛մ հարկադրված եք լինելու հրաժարվել SMS ծառայության միջոցով օգտահաշվի երկաստիճան վավերացման համակարգից։
Սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի և բազմաթիվ այլ հարթակներ՝ Facebook, Instagram, LinkedIn, Twitter, Gmail, Office 365 և այլն, գաղտնաբառից զատ առաջարկում են օգտահաշվի անվտանգությունն ապահովող լրացուցիչ տարբերակ՝ երկաստիճան վավերացման համակարգ (two-factor authentication / 2FA), որն իր հերթին ունի երեք տարբերակ՝
Իլոն Մասկը հետևողական է՝ վճարե՛ք շփման համար
Twitter-ի նոր սեփականատերը գրեթե մեկ ամիս առաջ չթաքցրեց իր դժգոհությունը հեռախոսային ընկերություններից՝ Twitter-ում գրառում թողնելով, թե SMS-ի միջոցով օգտատիրոջ իսկությունը ստուգող ծառայությունը ընկերությանը տարեկան արժենում է 60 միլիոն դոլար։
Գրեթե միաժամանակ Twitter-ը հայտարարություն տարածեց, թե հարթակի այն օգտատերերը, որոնք մարտի 20-ից հետո չեն անցնի Կապույտ ստուգանիշ ծառայությանը, կզրկվեն SMS-ի օգնությամբ երկաստիճան վավերացման համակարգից օգտվելու հնարավորությունից։
Հիշեցնենք՝ Կապույտ ստուգանիշ ծառայությունը ամսական 8 դոլարի դիմաց առաջարկում է մի շարք արտոնություններ, ներառյալ՝ SMS-ով վավերացումը։
Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերին Մասկի առաջարկած այս նորարարությունը, կարծես, աստիճանաբար, անցնում է այլ սոցհարթակներ։ Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն այս փետրվարին հայտարարեց, թե Meta ընկերությունը (որին պատկանում են Facebook-ն ու Instagram-ը) փորձարկում է Meta Verified ծառայությունը, որն ամսական 14,99 դոլարի դիմաց Facebook-ի և Instagram-ի ձեր օգտահաշիվների վրա կտեղադրի վավերականությունը հաստատող հայտնի կապույտ նշանը և մի շարք արտոնություններ կտրամադրի։
Ինչո՞ւ վճարել գրեթե 200 միլիարդ դոլար ունեցողին
Եթե հրաժարվեք ակտիվացնել Twitter Blue ծառայությունը, մարտի 20-ից SMS-ով երկաստիճան վավերացումը ձեր օգտահաշվի համար կանջատվի։
Ոլոտի փորձագետները մտահոգված են՝ սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ բազմաթիվ մարդիկ պարզապես կհրաժարվեն Twitter-ի օգտահաշվի երկաստիճան վավերացման համակարգից։
Ընդ որում, SMS-ի միջոցով երկաստիճան վավերացումը համարվում է ամենից խոցելին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ հաքերները կարողացել են սոցիալական ինժեներինգի միջոցով ստանալ որևէ օգտահաշվի SMS կոդը և այդ կերպ մուտք գործել տուժողի օգտահաշիվ։ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիի (Jack Dorsey) թվիթերյան օգտահաշիվը 2019թ․-ին «կոտրվեց» հենց այս եղանակով։
Ինչևէ, եթե որոշել եք ձեր 8 դոլարը ծախսել այլ կերպ, ունեք ընտրություն, կարող եք փոխել Twitter-ի ձեր օգտահաշվի երկաստիճան վավերացման համակարգի կարգավորումները, որպեսզի համակարգը սկսի աշխատել վավերացնող հավելվածի կամ անվտանգության բանալիի հիման վրա։ Այս տարբերակները շարունակելու են գործել նաև այն օգտատերերի համար, որոնց Twitter Blue ծառայությունը գրավիչ չի թվում։