22 Փտր 2021
Սոցցանցերի պատմությունը Հայաստանում
Մինչև 2010 թվականը Հայաստանում ընդհանրապես դժվար էր խոսել ինտերնետից օգտվողների թվի մասին․ դա բնակչության ընդամենը մի քանի տոկոսն էր։ 2010 թվականի ավարտին Հայաստանում հայտնվեց քիչ թե շատ մատչելի և այն օրերի համար արագ ինտերնետ կապ և հենց այդ ժամանակվանից էլ սկսվեց սոցցանցերի ակտիվ օգտագործումը երկրում։
Եթե մինչ այդ առաջնային հարթակ էր հանդիսանում Livejournal բլոգային պլատֆորմը, որն ուներ սոցցանցային տարրեր, ապա տասականների սկզբից հենց սոցիալական ցանցերը եկան առաջին պլան։
Հատկապես արագ տարածվեց ռուսաստանյան Odnoklassniki (ok.ru) ցանցը, որը մինչև 2017 թվականի առաջին կեսը Հայաստանում ամենատարածված սոցցանցային հարթակն էր՝ 1,5 միլիոնանոց լսարանով։
Similarweb պորտալի 2017 թվականի օգոստոսի տվյալները Հայաստանում ամենաայցելվող կայքերի վերաբերյալ ցույց են տալիս, թե ինչպես առաջին անգամ ok.ru-ն դիրքերը զիջում է YouTube-ին։ Հետագայում արդեն առաջին պլան դուրս կգա Facebook-ը, իսկ 2018 թվականի հեղափոխությունը առիթ կդառնա քաղաքականացված լսարանի միգրացիայի՝ ok.ru-ից Facebook։
Հանրային և տնտեսական բազմաթիվ օգտակար հնարավորություններից բացի սոցիալական ցանցերը իրենց հետ բերում են նաև վտանգներ ինչպես անհատների, այնպես էլ ողջ հասարակության համար։ Այդ վտանգներից են կիբեր-հարձակումները, որոնց հետևանքով մարդիկ կարող են կորցնել իրենց օգտահաշիվները սոցցանցերում, նրանց անձնական լուսանկարները կամ նամակագրությունը կարող են հանրայնացվել, նրանք կարող են ֆինանսական կորուստներ կրել։
Հարձակումներ իրականացնում են ինչպես միջազգային կիբեր-հանցագործ թիմերը, այնպես էլ անհատները։
Հայաստանում առավել հաճախ արձանագրվում են հարձակումներ, որոնք կապված են միջազգային զանգվածային կիբեր-խարդախությունների հետ, երբ թիրախավորվում են միլիոնավոր մարդիկ և հայաստանցիները այդ հարձակումների ընդամենը պատահական թիրախներից են։
Սակայն միջազգային կիբերկրիմինալը հաճախ իրականացնում է նաև տեղայնացված հարձակումներ։ Այսպես՝ բանկային քարտի տվյալների հափշտակման շատ տարածված ձև գոյություն ունի, երբ հայտնիների անունից իբր գումար են առաջարկում բոլոր նրանց, ով մեկնաբանություն կգրի տվյալ գրառման տակ։ Եվ այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են շահարկվում հայտնի հայերի անունները, նրանց լուսանկարներով ու հայերեն տեքստով տարածվում են կեղծ գրառումներ։ Ընդ որում նույնատիպ խաբեություն է իրականացվում նաև ուկրաինացիներին, վրացիներին թիրախավորելով։
Արձանագրվում են նաև դեպքեր, երբ խարդախությունը իրականացվում է հայաստանցիների կողմից։ Տարօրինակ զուգադիպությամբ, նման խաբեությունների մեծ մասը իրականացվում է Odnoklassniki սոցցանցի միջոցով։
Առանձին տեղ են գտնում Ադրբեջանի հաքերային խմբերի կողմից զանգվածային հարձակումները հայաստանցիների և ընդհանրապես հայ օգտատերերի դեմ, երբ ֆիշինգային հարձակումների միջոցով փորձում են կորզել էլեկտրոնային փոստերի և սոցցանցերի հաշիվների գաղտնաբառերը։ Տվյալ հարձակումները լինում են գրեթե միշտ և ուղղված են ռազմական գործողությունների ժամանակ տեղեկատվական պատերազմ վարելուն։
Արդեն 2012, 2015 թվականների հայ-ադրբեջանական սրումները հանգեցրել էին լուրջ հակամարտություն սոցիալական ցանցերում, որը հիմնականում դրսևորվում էր ատելության խոսքի տարածմամբ։ Սակայն Ապրիլյան պատերազմը և դրան հաջորդած սրացումները բերեցին լուրջ փոփոխությունների նաև այս ուղղությամբ։ Ապրիլյանի ժամանակ Ադրբեջանի կողմից առաջին անգամ զանգվածային կերպով կիրառվեցին կեղծ օգտահաշիվներ, որոնք ներկայանում էին որպես հայեր, սակայն կառավարվում էին ադրբեջանական կողմից և փորձում էին խուճապ առաջացնող տեղեկատվություն տարածել։
Հետագայում, արդեն 2017 թվականից, ադրբեջանական հատուկ ծառայությունների գործելաոճը փոխվեց․ հաքերային խմբերը նախ կոտրում էին հայկական օգտատերերի հաշիվները, իսկ հետո արդեն այդ մարդկանց անունից տարածվում էր ապատեղեկատվությունը։ Այս դեպքում կեղծիքը բացահայտելը դառնում է շատ ավելի բարդ, քանի որ ուսումնասիրողը տեսնում է, որ գործ ունի արդեն տարիներ գործող իրական հաշվի հետ, այլ ոչ թե վերջին օրերին բացված կեղծիքի։
Այստեղ մենք գործ ունենք հետաքրքիր դեպքի հետ։ Մի կողմից հաքերները կոտրել են Հայաստանում բնակվողի հաշիվը։ Բացի դրանից մեկ այլ անձի մոտից իր անձնական էլեկտրոնային փոստից կորզել են ռազմական բնույթի փաստաթուղթ։ Եվ արդեն դա են տարածել կոտրած հաշվի միջոցով, ինչը շատ ավելի վստահելի է դարձնում տվյալ աղբյուրը։
Ադրբեջանական հաքերների թիրախային հարձակումները հայ օգտատերերի համար շատ վտանգավոր տիրույթ են դարձնում սոցցանցերը՝ համեմատելով միջին համաշխարհային վիճակագրության հետ։
Ատելության խոսքը, անկասկած, այսօր խնդիր է բոլոր երկրների համար, քանի որ սոցցանցերը դարձել են հարթակ ամեն տեսակ ծայրահեղական խմբավորումների համար։ Հայաստանում ատելության խոսքի տարածումը սոցցանցերում դարձել է մտահոգության առիթ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիրների, թե՛ լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների համար։ Ներքաղաքական դաշտում ատելության խոսքը արդեն տարիներ շարունակ դարձել է քաղաքական հակառակորդին ճնշելու միջոց։
Ատելության խոսքը միշտ էլ եղել է սոցցանցերի անբաժան մասը, սակայն հայաստանյան ինտերնետային հատվածում ատելության խոսքը հիմնականում դրսևորվել է երեք ուղղություններով․
ա․ Ներքաղաքական լարվածություն` քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների թիրախավորումից մինչև գաղափարախոսությունների դեմ հարձակումներ։ Մասնավորապես՝ ծայրահեղ աջերի և լիբերալ հայացքների կրողների միջև հստակ առճակատումը, որը գնալով սաստկանում է ու հաճախ հենց շնորհիվ սոցցանցերի։
բ․ Հայ-ադրբեջանական հակամարտության շարունակությունը սոցցանցերում։ Սա ունի բազմաթիվ դրսևորումներ, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում սա ստացավ ծայրահեղ դրսևորումներ։ Այսպես, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատերազմի ընթացքում մի քանի անգամ ելույթ ունեցավ՝ նշելով հայ օգտատերերի դեմ հարձակումների դեպքերը, որոնց մեջ նկատվում էր նաև Ադրբեջանի պետական քաղաքականություն։ Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի առանձին ելույթներում նշել է ուղղորդված ատելության խոսքի տարածման մասին․ ա, բ, գ։ Անշուշտ, հայաստանյան օգտատերերը նույնպես տարածում են հակադարձ ատելության խոսք։
Գ․ Հայ-թուրքական հարաբերությունները նույնպես հանդիսանում են ատելության խոսքի տարածման պատճառ։ Վերջին տարիներին հաճախ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունները նույնացվում են օգտատերերի կողմից և բերում բազմակողմանի բախումների։