Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Google Օրացույցում SPAM միջոցառումների ավելացման դեպքերը, երբ օգտատիրոջ մոտ պարբերաբար հայտնվում են նյարդայնացնող հիշեցում-հաղորդագրություններ օրացույցից։ Միջոցառումները օրացույցում ավելացվում են Gmail-ով ուղարկվող նամակներից։ Ընդ որում, օգտվելով Google Օրացույցի առանձնահատկությունից, սփամերները կարողանում են այդ միջոցառումներն ավելացնել օգտատիրոջ օրացույցում, անգամ եթե նրանց ուղարկած նամակը ճանաչվել է որպես SPAM և տեղափոխվել համապատասխան պանակ։
Սրա դեմ պայքարելու համար նախ անհրաժեշտ է կատարել հետևյալ երեք քայլը․
- Google Օրացույցի էջի վերևում կտտացրեք պտուտակ-ի նկարին և ընտրեք «կարգավորումներ»:
- Ձախ ցուցակից ընտրեք «Իրադարձությունների կարգավորումներ»:
- Ցուցակի «Ինքնաբերաբար հրավերներ ավելացնելու» մենյուից ընտրեք «Ոչ, ցույց տուր միայն հրավերները, որոնց ես պատասխանել եմ»:

Այնուհետև պետք է արգելափակել Gmail-ից ավտոմատ կերպով միջոցառումներ ավելացնելու հնարավորությունը Օրացույցի նախընտրանքների բաժնից․
- Google Օրացույցի էջի վերևում կտտացրեք պտուտակ-ի նկարին և ընտրեք «կարգավորումներ»:
- Ձախ ցուցակից ընտրեք «Իրադարձություններ Gmail-ից» ենթաբաժինը:
- Ապաակտիվացրեք «Gmail-ից ինքնաբերաբար իրադարձություններ ավելացնել իմ օրացույցում» վանդակը:

Եվ վերջում Օրացույցից ջնջեք արդեն այնտեղ հայտնված և նյարդայնացնող իրադարձությունները։ Քանի որ դրանք սովորաբար ավելացվում են որպես կրկնվող իրադարձություն (recurring event), ջնջելիս հարկավոր է այնպես անել, որ հեռացնեք ամբողջ շարքը, այլ ոչ թե միայն մեկ իրադարձություն` ընտրելով Ջնջել — > Այս և հաջորդ իրադարձությունները տարբերակը։
