Ինտերնետի ազատության հիմնական խնդիրները Հայաստանում

29 Դկտ 2020

Մինչ բազմաթիվ ազատություններին վերաբերող միջազգային զեկույցներում և վարկանիշային ցուցակներում Հայաստանը հայտնվում է միջանկյալ դիրքերում և չի կարող փայլել կայուն, ինստիտուցիոնալ ժողովրդավարական առաջընթացի մասին խոսող ցուցանիշներով, ինտերնետի ազատությունները տարիներ շարունակ եղել են շատ ավելի բարվոք վիճակում։

Freedom House կազմակերպության ամենամյա Freedom on the Net ռեյթինգում Հայաստանը, բացառությամբ 2017 թվականի, ընդգրկվել է ազատ երկրների ցանկում, և միայն 2016 թվականին  ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային

ծառայության (ՊՊԾ) գնդի գրավումից հետո մոտ մեկ ժամով Ֆեյսբուք սոցիալական ցանցի արգելափակումը հանգեցրեց Հայաստանի վարկանիշի նվազեցմանը և երկիրը մեկ տարով հայտնվեց կիսազատ երկրների ցանկում, բայց արդեն հաջորդ տարի նորից վերականգնեց իր դիրքրերը։

Ինտերնետի ազատությունների տեսանկյունից Հայաստանում ծայրահեղ ծանր է եղել երկու ժամանակաշրջան։ Առաջինը դա 2008 թվականի մարտին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին հաջորդած արտակարգ դրության ժամանակաշրջան էր, որի ընթացքում արգելափակումներ մտցվեցին ինտերնետային տիրույթում։

Երկրորդ ժամանակատվածը մեկնարկեց 2020 թվականի մարտին, երբ COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որն իր հետ բերեց պաշտոնապես հայտարարված գրաքննություն։ Սրան զուգահեռ գործարկվեց համակարգ, որը բջջային հեռախոսների միջոցով և բջջային օպերատորների կողմից տրամադրվող տվյալների հիման վրա թույլ էր տալիս վերահսկել Հայաստանի ամբողջ բնակչության շարժը և սոցիալական կապերը։ Դրան գումարվեցին Արցախյան պատերազմի բերած գրաքննություն ու արգելափակումները, որոնք ուղեկցվում էին Ադրբեջանից և Թուրքիայից իրականացվող զանգվածային հաքերային հարձակումներով։

Այս բոլոր դեպքերը բացահայտում են այն հիմնական խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի համացանցում։

Մարտի մեկի հետ կապված դեպքերը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտարարվում է արտակարգ դրություն։

Արդեն մարտի 2-ին, ժամը 23-00 սահմաններում ինտերնետային ծառայություն մատուցող ընկերությունները (ըստ մեր ունեցած տվյալների՝ ԱԱԾ–ի ցուցումով) սկսեցին արգելափակել Հայաստանի այցելուների մուտքը մի շարք հայկական ԶԼՄ–ների և ընդդիմադիր կազմակերպությունների կայքեր։

Առաջին օրերի ընթացքում, չճշտված պատճառներով, ցանցից անհետացան նաև panorama.am և regnum.ru կայքերը, սակայն հետագայում դրանք գործեցին անխափան (հարկ է նշել, որ մի շարք բլոգերում և ֆորումներում հնչում էին կարծիքներ, որ այս երկու կայքերն նույնպես ենթարկվել էին արգելափակման):

Առաջին երկու օրվա ընթացքում ֆիլտրումը կատարվում էր քաոսային կերպով` տարբեր պրովայդերներ տարբեր ցուցակներով էին փակում կայքերը:

Մարտի 3-ին Հայաստանի ինտերնետային միությունը (ՀԻՄ) սկսեց արդեն դոմեյնների արգելափակումը, ինչի հետևանքով .am տիրույթում գտնվող արգելափակված կայքերը դարձան անհասանելի թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Այդ կայքերը ընթերցելու միակ հնարավորությունը դրանց իրական IP հասցեով այցելելն էր, օրինակ՝ a1plus.am կայքը հասանելի էր հետևյալ IP հասցեով՝ 75.125.179.218:

list_of_sites_blocked_in_March_2008

Քանի որ արտակարգ դրության ժամանակ այդ կայքերն իրենց խմբագիրների  կամքով չէին թարմացվում, ապա ամենայն հավանականությամբ ԱԱԾ–ն դիմել էր այս քայլերին, որպեսզի արտաքին աշխարհի այցելուների համար ինտերնետից հեռացվեին նույնիսկ արխիվային նյութերը։

Հայաստանի ինտերնետային միության խորհրդի նախկին անդամ Դավիդ Սանդուխչյանը մեզ հայտնեց, որ առաջին շրջանում այս գործողությունների մասին տեղյակ չեն պահել ՀԻՄ–ի խորհրդի անդամներին։

Մարտի 5-ին արգելափակվեց youtube.com կայքը, քանի որ այնտեղ ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր:

Քանի որ այս անգամ իշխանությունները սկսեցին ֆիլտրել ոչ հայկական կայքը, նրանց քայլը արձագանք ստացավ միջազգային լրատվամիջոցներում: Բլոգերում և ֆորումներում տարածվեց տեղեկություն, որ Միջազգային ինտերնետային միությունը (ISOC) դիմել է ՀԻՄ-ին, հայտնելով, որ այն խախտում է իր պարտավորությունները և կարող է զրկվել միջազգային անդամակցությունից:

Որպես հետևանք՝ հայկական կազմակերպությունը կզրկվեր .am տիրույթում դոմեյնների գրանցման իրավունքից։

Նույն օրը քաղաքացիները սկսեցին ձեռնարկել գործնական միջոցներ՝ ինտերնետային շրջապատումից ելքեր գտնելու համար։ Բացվեց azathayastan.googlepages.com բլոգը, որտեղ տեղադրվում էին նյութեր արգելափակված Armenia Today և «Ազատություն» ռադիոկայանի կայքերից:

«Ազատություն»-ը տեղադրում է իր նյութերը նոր հասցեով azatutyun.eu:

Մի քանի պրովայդերներ որոշ ժամանակով փակեցին ռուսական Regnum.ru գործակալության կայքը (ստուգվել են web.am, netsys):

Այս ընթացքում ինտերնետից օգտվողների շրջանում սկսեցին տարածվել տարբեր տեխնիկական միջոցներ, որոնք թույլ էին տալիս այցելել փակված կայքերը (անոնիմայզերներ, արտաքին պրոքսիներ):

Մարտի 8-ին ՀԻՄ-ն, ի վերջո պաշտոնապես հայտարարեց, որ մի շարք կայքերի զրկել է իրենց դոմեյնային անուններից (հայտարարությունը տեղադրվեց կազմակերպության կայքում):

Մարտի 19-ին մասնակիորեն արգելափակվեց xosqi-azatutyun.livejournal.com բլոգը, որտեղ հայերը արտասահմանից տեղադրում էին նյութեր Հայաստանում չբացվող կայքերից: Բլոգերների հետաքննությունը հայտնաբերեց, որ արգելափակումը կատարվում է միայն XTER.net պրովայդերի կողմից:

Մարտի 21-ին արգելափակումները վերացան: Օրվա առաջին կեսին «Հայկական Ժամանակ» կայքի հասցեում դեռևս տեղադրված էր թերթի հոսթինգը տրամադրող Web.am պրովայդերի կայքէջը:

Այս ամենը երկարաժամկետ հետևանքներ թողեց Հայաստանի վրա։ Տարիներ շարունակ այս դեպքերից հետո իշխանությունները խուսափում էին ինտերնետային արգելափակումներից, քանի որ վերջնական փորձը ցույց տվեց, որ հանրությունը շատ օպերատիվ գտավ շրջանցումների հնարավորությունները, իսկ այն տեղեկատվությունը, որը պետք է քողարկվեր, հակառակը՝ ավելի լայն տարածում ստացավ։

Փաստացի հաջորդ ինտերնետային արգելափակումը եղավ 2016 թվականի հուլիսին․ ՊՊԾ գրավման առավոտը Ֆեյսբուքը արգելափակվեց մոտ մեկ ժամով։ Ընդ որում արգելափակումը ազդել էր ոչ բոլոր օգտատերերի վրա։ Արգելափակումների անարդյունավետության փորձի առկայությունը հանգեցրեց նրան, որ նույնիսկ 2018 թվականի հեղափոխության օրերին փորձ չարվեց սահմանափակել համացանցը։

COVID-19 ազդեցությունները

2020 թվականի գարնանից մինչև աշուն գործող արտակարգ դրությունը և կարանտինը յուրահատուկ ազդեցություն ունեցան ինտերնետի վրա։

Արտակարգ դրության առաջին օրերից հայտարարվեց գրաքննություն, որը վերաբերում էր կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը․ այն չպետք է հակասեր պաշտոնականին։ Ընդ որում գրաքննության կանոնները վերաբերում էին ոչ միայն լրատվամիջոցներին, այլ նաև սոցցանցային օգատետրերին։ Ոստիկանությունը գործում էր ուժային և հաճախ անտրամաբանական մեթոդներով։ Օրինակ, Տիգրան Խզմալյանի տուն այցելել էին գիշերը, որպեսզի պահանջեն հեռացնել ֆեյսբուքյան գրառում, որը, իրականում, չէր հակասում ցենզուրայի կանոններին։

Գրաքննությանը գումարվեցին մարդկանց տեղաշարժը վերահսկելու փորձերը՝ կոնտակտավորներին բացահայտնելու համար։ Առաջնային փուլում հանրությանը առաջարկվեց ներբեռնել դրա համար ստեղծված հատուկ հավելված։ Այդ հավելվածի առաջին տարբերակը իր մեջ պարունակում էր վնասակար ծրագիր, ինչը կարելի է ստուգել առ այսօր։ Հետագայում այդ հավելվածը փոխարինվեց անվտանգով։

Ավելի ուշ գործարկվեց կենտրոնացված համակարգ, որը մեկ տեղում էր հավաքագրում բոլոր երեք բջջային օպերատորներից տվյալները բաժանորդների վերաբերյալ։ Հավաքագրվում էին օնլայն ռեժիմով հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների վերաբերյալ մետատվյալները։ Բացի դրանից ստացվում էին մարդկանց տեղաշարժի հետ կապված տվյալները՝ հիմնված բջջային հեռախոսների և կայանների կապի վրա։ Համակարգը գործեց մինչև սեպտեմբերի կեսը։ Այն վերահսկվում էր ԱԱԾ-ի կողմից, իսկ ստեղծվել էր անհայտ մասնավոր ընկերության կողմից։ Հանրության մի շարք հարցերի այդպես էլ պատասխաններ չտրվեցին․

  • Չտրվեց երաշխիք, որ համակարգը չի օգտագործվել այլ նպատակներով, օրինակ, կոնկրետ մարդկանց և իրենց կապերը բացահայտելու։
  • Այդպես էլ հստակություններ չմտցրեցին, թե ով է ստեղծել համակարգը։
  • Ըստ օրենքի արտակարգ դրության ավարտին համակարգով հավաքագրված տվյալները պետք է ոչնչացվեին։ Քանի որ ոչ մի անկախ վերահսկողություն համակարգի հանդեպ չի եղել, չկա ոչ մի երաշխիք, որ տվյալները ոչնչացվել են, ավելին․ որ համակարգը այլևս չի գործում։

Արցախյան պատերազմը և ռազմական դրությունը

Հայաստանում ռազմական դրությունը, որը հայտարարվեց Արցախյան պատերազմի սկսվելու պահից նաև լրջագույն ազդեցություն թողեց համացանցի վրա։

Անմիջապես հայտարարվեց գրաքննության ռեժիմ, որը գործում էր թե՛ լրատվամիջոցների, թե՛ սոցցանցերի օգտատերերի հանդեպ։ Գործում էր շատ կոշտ տուգանքների ռեժիմ։ Այսպես, օրինակ, Ոստիկանությունը հայտնում էր միջանկյալ արդյունքների մասին․ հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Ներդրված կանոնները բավականին խիստ էին։ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշմամբ սահմանվում էին հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք արգելքներ: Մասնավորապես, ՀՀ և ԱՀ ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը: Արգելվում է ՀՀ և ԱՀ պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։ Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։

Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։

Գործի դրվեցին նաև ինտերնետի հասանելության արգելափակումներ։ Առաջինը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, արգելափակվեց TikTok սոցցանցը։ Արգելափակումը մասնակի էր․ մի շարք օգտատերերի մոտ այն բացվում էր, չնայած դժվարությամբ։ Պաշտոնապես այդպես էլ չընդունվեց արգելափակման փաստը։ Քանի որ արգելափակումը լիարժեք չէր, ապա բարդ է նաև ֆիքսել, թե երբ այն դադարեց ամբողջությամբ գործել։ Ամենայն հավանականությամբ, արդեն հոկտեմբերի ավարտին սոցցանցը լիարժեք գործում էր ՀՀ տարածքում։

Հոկտեմբերի երկրորդ հատվածում ներդվեցին ավելի խիստ արգելափակումներ։ Հայաստանի տարածքում անհասանելի դարձան բոլոր .az և .tr դոմենային տիրույթի կայքերը։ Ո՞րն էր իմաստը արգելանքի տակ դնելու ողջ ադրբեջանական և թուրքական համացանցային տիրույթը հայտնի չէ․ այս դեպքում նույնպես պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արվել։ Պատերազմի ավարտից հետո արգելափակումները վերացվեցին։

Փաստացի, 2020 թվականի ամենաբարդ տարին է եղել Հայաստանի ինտերնետի պատմության մեջ։ Սահմանափակումների և արգելափակումների մի մասը օբյեկտիվ պայմաններից են բխել։ Սակայն պետությունը հաճախ չի ստեղծել հանրային վերահսկողության գործիքներ, իսկ որոշ դեպքերում պարզապես չի էլ իրազեկել հանրությանը սահմանափակումների մասին։ Եվ այս պահին դեռ հարց է՝ կհաջողվի քաղաքացիական հասարակությանը և իշխանություններին վերադարձնել Հայաստանը ազատ ինտերնետով երկրների շարք 2021 թվականին, թե այս հարցը կհետաձգվի մինչև ավելի բարենպաստ քաղաքական և հասարակական պայմաններ ստեղծվեն։