Արհեստական բանականությունն ու զանգվածային լրտեսումը

16 Փտր 2024

Բրյուս Շնայեր

Լրտեսությունն ու հսկողությունը տարբեր, բայց փոխկախպակցված երևույթներ են: Եթե, օրինակ, ես վարձեի մասնավոր մի խուզարկուի՝ ձեզ լրտեսելու համար, նա կարող էր ձեր տանը կամ մեքենայում տեղադրել գաղտնալսող սարք, կամ գաղտնալսել ձեր հեռախոսազրույցները։ Կարճ ասած՝ լսել, թե ինչ եք խոսում: Ի վերջո, կստանայի ձեր խոսակցությունների մասին հաշվետվություն։ Եթե վարձեի նույն մասնավոր խուզարկուին՝ հետևելու ձեզ, կիմանայի նաև, թե ուր եք գնացել, ում եք հանդիպել, ինչ եք գնել, ինչ արել և այլն:

Մինչ համացանցի ի հայտ գալը, ինչ-որ մեկին հսկողության տակ վերցնելը թանկ հաճույք էր և ամենակարևորը՝ ժամանակատար: Պետք էր «անձամբ» անել այդ գործը՝ նշելով, թե «օբյեկտը» ուր գնաց, ում հանդիպեց, ում հետ խոսեց, ինչ գնեց, ինչ կարդաց և այլն: Սակայն այդ աշխարհն այլևս գոյություն չունի:

Փոխարենը, մեր հեռախոսները՝ սմարթֆոնները անդադար մեր կողքին են ու․․․ աննկուն հետևում են մեզ։ Մեր բանկային քարտերը ամեն ինչ գիտեն մեր գնումների մասին: Բջջային հավելվածները հետևում են, թե ում հետ ենք խոսում։ Զննարկիչները (browser) քաջատեղյակ են՝ ինչ ենք կարդում: Համակարգիչները շարունակաբար ժողովում են տվյալներ, թե ինչ ենք անում իրենց օգնությամբ, և քանի որ տվյալների կուտակումն ու մշակումը էժանացել են, մեր մասին ավելի շատ տվյալ է պահպանվում ու օգտագործվում։

Այն, ինչ պետք է «անձամբ» ու ընտրողաբար արվեր, այժմ իրականացվում է զանգվածաբար ու, ըստ էության, ամենուր: Հսկողությունը դարձել է համացանցի աշխատանքի բիզնես-մոդելը, և խնդիրն այն է, որ չունենք որևէ ողջամիտ միջոց՝ հրաժարվելու դրանից:

Ինչ վերաբերում է լրտեսմանը, ապա, իհարկե, վաղուց է հնարավոր գաղտնալսել ինչ-որ մեկի հեռախոսազրույցները, կամ գաղտնալսող սարք տեղադրել նույն այդ անձի կամ նրա հարևանի բնակարանում, մեքենայի մեջ, սակայն, միևնույն է, հարկավոր էր և հարկավոր է, որպեսզի ինչ-որ մեկը լսի, վերլուծի այդ խոսակցությունները և հաշվետվություն կազմի:

Այո, իսրայելական «NSO Group»-ի նման լրտեսող ծրագրերի մշակող, արտադրող ընկերությունները օգնում են կառավարություններին «կոտրել» մարդկանց սմարթֆոնները, բայց, դարձյալ, ինչ-որ մեկը դեռ պետք է առնվազն տեսակավորի խոսակցությունները: Այս «խնդրին» գանք այլ տեսանկյունից․․․ օրինակ, Չինաստանում որոշել են գրաքննել սոցիալական մեդիայի գրառումները՝ արգելելով որոշակի բառերի կամ արտահայտությունների կիրառումը, հիմնվելով մեքենայական աշխատանքի վրա, բայց այն բավականին ընդհանրական է ստացվում, միգուցե՝ կոպիտ, ուստի դյուրին է շրջանցելը: Կարճ ասած՝ լրտեսելն ի վերջո ու անխուսափելիորեն հանգեցնում է մարդկային ռեսուրսի կիրառմանը:

Սակայն արհեստական բանականությունը՝ AI-ը (Artificial Intelligence), պատրաստվում է փոխել այդ իրավիճակը: Ժամանակակից գեներատիվ AI համակարգի մոտ ամփոփելը լավ է ստացվում: Տվեք նրան մեկ ժամ տևողությամբ հանդիպում, և հանդիպման բովանդակությունը AI-ը կշարադրի մեկ էջանոց ամփոփագրում: Խնդրեք AI-ին աչքի անցկացնել միլիոնավոր խոսակցություններ ու դասակարգել դրանք ըստ թեմաների, հաջողությամբ կանի: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ով և ինչի մասին է խոսում, կասի ձեզ։

Տեխնոլոգիաները կատարյալ չեն, որոշները պարզունակ են: Երբեմն կարևոր բաներ են «բաց թողնում», սխալ են հասկանում: Մարդիկ՝ նույնպես։ Բայց ի տարբերություն մարդկանց, AI գործիքները կարող են կատարելագործվել արագ տեմպերով: Արդեն հաջորդ տարի անհամեմատ ավելի լավն են լինելու, և այդպես անդադար:

Բարի գալուստ զանգվածային լրտեսման դարաշրջան։

Զանգվածային հսկողությունը հիմնովին փոխեց հսկողություն իրականացնելու բնույթը: Քանի որ բոլոր տվյալները պահպանված են, այն թույլ է տալիս «հետ գնալ» ժամանակի մեջ և աչքի անցկացնել ձեզ հետաքրքրող մարդու անցյալը։ Օրինակ, ասե՛ք ինձ, թե որտեղ էր այս մարդը անցած տարի, կամ թվարկե՛ք բոլոր կարմիր սեդանները, որոնք այս ճանապարհով անցել են անցած ամիս, նշե՛ք բոլոր այն մարդկանց, ովքեր անցած տարվա ընթացքում գնել են ռումբ պատրաստելու համար պիտանի հետևյալ բաղադրիչները, գտե՛ք բոլոր զույգ սմարթաֆոնները, որոնք անցած ամիս շարժվել են դեմ հանդիման, հետո՝ անջատվել են, հետո՝ մեկ ժամ անց, վերստին միացել՝ հեռանալով միմյանցից (կարող է լինել գաղտնի հանդիպման նշան):

Նմանապես՝ զանգվածային լրտեսումը կփոխի լրտեսման բնույթը: Բոլոր տվյալները կպահպանվեն, հնարավոր կլինի որոնումներ իրականացել այդ տվյալների մեջ, հասկանալ այդ տվյալները։ Ասեք, խնդրում եմ, ո՞վ է խոսել այս թեմայի մասին նախորդ մեկ ամսվա ընթացքում, ի՞նչ ընթացք են ունեցել նույն թեմայի շուրջ հետագա քննարկումները: Այս անձը սա է արել, խնդրում եմ, ստուգել՝ արդյո՞ք ինչ-որ մեկը կարգադրել էր նրան այդ անել։ Գտեք բոլորին, ովքեր այս թեմայի վերաբերյալ լուրեր են տարածում, կամ ծրագրում են մասնակցել քաղաքական բնույթի բողոքի ակցիաներին:

Հնարավորությունները շատ ավելին են։ Օրինակ, գաղտնազերծելու համար որևէ ընդհատակյա կազմակերպության կառուցվածքը՝ փնտրեք մեկին, ով նմանատիպ հրահանգներ է տալիս մի խումբ մարդկանց։ Այնուհետև, գտեք այն մարդկանց, որոնց իջեցվել են այդ կարգադրությունները: Գտնելու համար ձեր «թիրախների» վստահությունը վայելող մարդկանց, ում խորհուրդը նրանք լսում են, պարզեք, թե ում են նրանք պատմում իրենց գաղտնիքները: Կարող եք դետալավորված կերպով հետևել, թե ինչպես են ձևավորվում դաշինքներն ու քայքայվում: Այսինքն, կարող եք ամեն ինչ իմանալ, թե ինչի մասին խոսում են բոլորը:

Սակայն լրտեսումն այլևս չի սահմանափակվում մեր սմարթֆոններով, կամ այլ գաջեթներով: Ինչպես տեսախցիկների առկայությունը նպաստում է ամենուր տարածում ստացող զանգվածային հսկողությանը, այնպես էլ միկրոֆոնները կնպաստեն զանգվածային լրտեսմանը: Արդեն իսկ Siri-ն, Alexa-ն և Hey Google-ը միշտ լսում են խոսակցությունները։ Պարզապես՝ դրանք դեռ չեն պահպանվում:

Գաղտնիք չէ, որ մշտական հսկողությունը փոխում է մարդկանց վարքագիծը: Նրանք ձգտում են համապատասխանել «նոր նորմերին»։ Ի հայտ է գալիս կամ խորանում է ինքնագրաքննությունը, ինչը վտանգավոր հետևանքներ ունի: Եթե նման հսկողությունը դյուրացրել է հանրության նկատմամբ վերահսկողությունը, ապա զանգվածային լրտեսումը այդ առումով միայն կվատացնի իրավիճակը: Տարբեր երկրների կառավարություններ վաղուց իրականացնում են զանգվածային հսկողություն։ Կանցնեն նաև զանգվածային լրտեսմանը։

Բայց ոչ միայն կառավարությունները։ Կորպորացիաները նույնպես լրտեսելու են մարդկանց։ Զանգվածային հսկողությունը թույլ տվեց ստեղծել անհատականացված գովազդ։ Զանգվածային լրտեսումը էլ ավելի կընդլայնի այդ ոլորտը։ Տեղեկատվությունն այն մասին, թե ինչ են խոսում մարդիկ, նրանց տրամադրության, գաղտնիքների վերաբերյալ, ուղղակի ոսկի է մարքեթոլոգների համար: Տեխնոլոգիական հսկաները, որ արդեն այսօր բոլորիս մշտական հսկողության ներքո են պահում, դժվար թե հրաժարվեն այդ բոլոր տվյալների հավաքագրումից ու օգտագործումից:

Gmail-ի գոյության վաղ շրջանում Google-ում խոսում էին մարդկանց Gmail-ի բովանդակությունը օգտագործելու մասին՝ նրանց անհատականացված գովազդներ ուղարկելու համար: Ընկերությունը դադարեց այդ անել, որովհետև ժողովված տվյալներն այնքան աղքատիկ էին, որ օգտակար չէին մարքեթինգի համար։ Բայց սա կփովի։ Հնարավոր է՝ Google-ը առաջինը չլինի, ով գաղտնալսի իր օգտատերերին, բայց երբ մյուսները սկսեն, նրանք չեն կարող հետ մնալ: Նրանց իրական հաճախորդները՝ գովազդատուները, պարզապես կպահանջեն այդ անել՝ ավելի արդյունավետ տեղ հասցնելու իրենց ապրանքների ու ծառայությունների մասին տեղեկությունները:

Անշուշտ, կարող ենք այս ամենի «դեմն առնել»՝ արգելելով զանգվածային լրտեսումը։ Կարող ենք անցնել տվյալների գաղտնիությունն ապահովող խիստ կանոնների: Բայց փաստն այն է, որ ժամանակին ոչինչ չենք արել զանգվածային հսկողությունը թույլ չտալու կամ առնվազն սահմանափակելու համար։ Ինչո՞ւ պետք է այլ կերպ վարվենք զանգվածային լրտեսման պարագայում․․․

Բրյուս Շնայերը (Bruce Schneier) միջազգային ճանաչում ունեցող անվտանգության մասնագետ է տեխնոլոգիական ոլորտում։ Հարվարդի համալսարանի Բերքման Քլայնի անվան Համացանցի ու հանրության կենտրոնի աշխատակից, նույն համալսարանի Քենեդու անվան հանրային քաղաքականության դպրոցի դասախոս, Electronic Frontier Foundation-ի ու AccessNow-ի խորհրդի անդամ, նաև՝ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ։

 

Հրապարակման աղբյուրը։