25 Նյմ 2025
Գլոբալ թվային հարթակների թափանցիկության զեկույցները բացահայտում են, թե ինչ պարբերականությամբ և ինչ ծավալի հարցումներով են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել սոցիալական մեդիա ընկերություններին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու կամ բովանդակություն հեռացնելու նպատակով։
Հավաքագրել ենք 2020-2024 թվականներին Meta-ի, TikTok-ի, Google-ի, Apple-ի և Yandex-ի թափանցիկության զեկույցների տվյալները՝ բովանդակության և օգտատերերի արգելափակումից մինչև օգտատերերի և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ, ինտերնետի անջատումներից մինչև հակակառավարական և կառավարամետ մեդիա արաշվներ և Ռոսկոմնադզորի պահանջներ։
* Ծանուցում. սոցիալական մեդիա հարթակները տարեկան հրապարակում են երկու կիսամյակային զեկույցներ։ Այս հոդվածում արտացոլված տվյալները հաշվարկվել են տարեկան սկզբունքով իսկ տոկոսային տվյալներն արտացոլում են կիսամյակաին տվյալների համադրման իրական կշիռները։ Դրանք կարող են տարբերվել աղբյուրներում առկա կիսամյակաին տվյալներից։
Տիկտոկը թափանցիկության զեկույցների մի քանի ենթատեսակներ ունի, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին հինգ տարիների համար։
Հավաքագրել ենք թաքնված ազդեցության գործողությունների մասին տվյալները, որոնք կանխվել են հարթակի կողմից՝ թափանցիկությունն ու բարեվարքությունն ապահովելու նպատակով։
2024 թվականի հուլիս ամսին հարթակը զեկուցում է այն մասին, որ հայտնաբերել է Ադրբեջանում գործող և ադրբեջանական լսարանին թիրախավորող ցանցային թաքնված գործողությունների շարք։ Ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս ադրբեջանական վարչակարգի բարենպաստ պատմույթները։ Ցանցի անդամները, սովորաբար, իրենց հաշիվների նկարներում օգտագործել են Ադրբեջանի պետական զինանշանի պատկերները։ Ցանցի բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 51 հաշիվ՝ 31,090 հետևորդներով։
Մի քանի ամիս անց՝ 2024-ի հոկտեմբերին հարթակը բացահայտում է մեկ այլ ներքին թաքնված գործողությունների շարք՝ արդեն Հայաստանում, որը թիրախավորել է հայկական լսարանին։ Այս պարագայում ևս ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս վարչակարգին քննադատող պատմույթները։ Զեկույցում հարթակն ընդգծում է, որ ցանցը հաճախ իր հաշիվների նկարներում օգտագործել է Գարեգին Նժդեհի պատկերները։ Այս բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 132 օգտահաշիվ՝ 88,667 հետևորդներով։
TikTok-ի թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, թե ինչպես են կառավարությունները դիմում բովանդակության հեռացման կամ սահմանափակման հարցումներով։ Ընկերությունը նշում է, որ նման հարցումները գնահատում է՝ հիմնվելով իր համայնքային ուղեցույցների և տեղական (դիմորդ երկրի) օրենսդրության վրա։ Եթե բովանդակությունը հակասում է տվյալ երկրի օրենքներին, TikTok-ը կարող է սահմանափակել դրա հասանելիությունը միայն այդ երկրում։ Իսկ այն դեպքերում, երբ հարցումները չունեն իրավական հիմք կամ չեն խախտում հարթակի կանոնները, մերժվում են։
TikTok-ի թափանցիկության տվյալները վկայում են, որ վերջին տարիներին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակաբար դիմում են հարթակին՝ բովանդակության հեռացման կամ հաշիվների սահմանափակման պահանջներով։
Հայաստանի կառավարությունը 2023 թվականին ներկայացրել է 10 հարցում, որոնք վերաբերել են 1 միավոր բովանդակության և 8 օգտահաշվի՝ 100% բավարարման ցուցանիշով։ Իսկ 2024 թվականին հարցումների թիվը աճել է մինչև 21, որոնցում 45 միավոր բովանդակություն է նշվել, և 42-ը հեռացվել են հարթակի կանոնների խախտման հիմքով։ Հեռացման ընդհանուր ցուցանիշը կազմել է 90.8%, ինչը ցույց է տալիս, որ TikTok-ը հիմնականում բավարարում է Հայաստանի ներկայացրած պահանջները, երբ դրանք համապատասխանում են օրենքին և հարթակի ներքին ուղեցույցներին։
Ադրբեջանը պահպանել է հարցումների առավել բարձր ինտենսիվություն։ Եթե 2023-ին գրանցվել էր 50 կառավարական դիմում՝ շուրջ 196 միավոր բովանդակության և 63 հաշվի վերաբերյալ՝ ապահովելով 83.4% հեռացման ցուցանիշ, ապա 2024-ին հարցումների թիվը հասել է 131-ի, դրանցում նծշված բովանդակության ծավալը՝ 430 միավորի, իսկ հաշիվների ծավալը՝ 445-ի։ Բովանդակության առնչությամբ հեռացվել է 229 նյութ՝ հարթակի կանոնների խախտման հիմքով և 66 նյութ՝ Ադրբեջանի ներքին օրենսդրության հիմքով։ Հաշիվների պարագայում, հեռացվել է 248-ը՝ հարթակի կանոնների խախտման հիմքով և 69-ը՝ Ադրբեջանի ներքին օրենսդրության հիմքով։ Ընդհանուր առմամբ, տարվա հեռացման ցուցանիշը կազմել է մոտ 70%։
Ընդհանուր առմամբ՝ 5 տարիների ընթացքում Հայաստանը TikTok-ին ներկայացրել է 35 հարցում, որոնցում նշված է եղել 54 բովանդակություն և 48 օգտահաշիվ, մինչդեռ Ադրբեջանը ներկայացրել է 205 հարցում՝ նշելով 809 բովանդակություն և 600 օգտահաշիվ։
Այսպիսով, Ադրբեջանն ունեցել է 4 անգամ ավելի շատ հարցումներ, որոնցում նշել է 15 անգամ ավելի բովանդակություն և 13 անգամ ավելի հաշիվներ, քան Հայաստանը։ TikTok-ը Ադրբեջանի բովանդակության վերաբերյալ հարցումներին մերժել է 203 միավոր ծավալով, Հայաստանին՝ 3 միավորով, օգտահաշիվների պարագայում՝ համապատասխանաբար 163 և 3 միավորով։
[HTML File Title: TikTok1_Arm / TikTok1_Eng]
TikTok-ի հրապարակած «Տեղեկատվության հարցումների զեկույցը» վկայում է, որ հարթակը պարբերաբար ստանում է կառավարություններից և իրավապահ մարմիններից օգտատերերի տվյալների կամ բովանդակության բացահայտման, պահպանման և հեռացման պահանջներ։ Ընկերությունը պնդում է, որ նման հարցումներին արձագանքում է միայն այն դեպքում, երբ դրանք ունեն օրինական հիմք կամ առկա է անմիջական վտանգ մարդու կյանքի կամ անվտանգության համար։ Զեկույցը միաժամանակ ընդգծում է TikTok-ի հանձնառությունը՝ հավասարակշռելու պետական պահանջներն ու օգտատերերի գաղտնիության պաշտպանությունը՝ պահպանելով թափանցիկության և օրինականության սկզբունքները։
TikTok-ի օգտատերերի տվյալների վերաբերյալ կառավարական հարցումների տվյալները ցույց են տալիս զգալի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանը տվյալների ստացման հարցումներ մինչև 2022 թվականը ներառյալ չի ներկայացրել, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ներկայացրել է ընդմանեկը 1 հարցում։ 2023-ին երկու երկրների դեպքում տեսանելի է փոքր աճ, այնուհետև, 2024-ին Հայաստանը ներկայացրել է 13 հարցում, որոնք բոլորը եղել են տվյալների պահպանման հարցումներ՝ (preservation requests – իրավապահ կամ կառավարական մարմնի դիմում, որ հարթակը ժամանակավոր պահպանի օգտվողի տվյալները՝ առանց դրանք փոխանցելու, մինչև օրենքով սահմանված հաջորդ քայլը, օրինակ՝ դատական որոշում) ներառելով 26 միավոր օգտատիրոջ հաշիվ կամ որևէ այլ տվյալ։ Սա փաստում է, որ ուսումնասիրված ժամանակաշրջանի վերջին երկու տարիներին Հայաստանը սկսել է ավելի կառուցվածքային կերպով օգտագործել իրավական գործիքները՝ թվային ապացույցների պահպանման կամ իրավապահ նպատակներով տվյալների հայցման համար։
Նույն տարում Ադրբեջանն ունեցել է 27 հարցում, որոնցից 7-ը իրավական (ներառել է 13 հաշիվ), 19-ը արտակարգ իրավիճակների (ներառել է 20 հաշիվ), և 1-ը տվյալների պահպանման հարցումներ։ Հարթակի կողմից բավարարվել է միայն արտակարգ իրավիճակների վերաբերյալ հարցումների շուրջ 21%-ը, մնացած բոլորը մերժվել են։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից դիմումների զգալի մասը չեն եղել փաստաթղթավորված և հիմնավոր, ինչով պայմանավորված հարթակը մերժել է հայցված տվյալների տրամադրման դիմումները։
[HTML File Title: TikTok2_Arm / TikTok2_Eng]
Meta-ն նույնպես թափանցիկության զեկույցների մի քանի ենթատեսակներ ունի, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին 5 տարիների համար։ Այս տվյալները վերաբերում են ընկերության Facebook (Messenger) և Instagram ծառայություններին։
Whatsapp-ի համար առկա է առանձին զեկուցման ձևաչափ, որը կարգավորվում է ԵՄ Թվային ծառայությունների ակտով և վերաբերում է միայն ԵՄ անդամ երկրներին։ Իսկ Threads-ի թափանցիկության ենթակառուցվածքները դեռ ամբողջությամբ կարգավորված չեն։
Meta-ի թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, թե ինչպես են տարբեր կառավարություններ դիմում հարթակին՝ օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով։ Ընկերությունը նշում է, որ նման հարցումները ուսումնասիրվում են խիստ ընթացակարգերով՝ գնահատելով դրանց իրավական հիմնավորումը և համապատասխանությունը գործող օրենսդրությանը։ Meta-ն կարող է մերժել կամ հստակեցում պահանջել այն դեպքերում, երբ հարցումները չափազանց լայն են կամ անորոշ։
Այս զեկույցները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ոչ միայն հարցումների քանակի, այլև դրանց բավարարման աստիճանի մասին՝ ցույց տալով, թե որքան հաճախ է հարթակը մասնակի կամ ամբողջությամբ բավարարում պետական կառույցների ներկայացրած պահանջները։
Meta-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարբերաբար դիմում են հարթակին՝ օգտատերերի տվյալների բացահայտման կամ տրամադրման պահանջներով, սակայն դրանց բնույթն ու ծավալը էականորեն տարբեր են։ Հարցումներով պահանջված տեղեկությունները կրում են երկու հիմնական բնույթ՝ իրավական և արտակարգ իրավիճակների։
Հայաստանի կառավարությունը 2020-ից մինչև 2024 թվականները Meta-ին ընդհանուր առմամբ ներկայացրել է 139 հարցում, որոնցում նշվել են 230 օգտատերեր։ Ամենաակտիվ տարին եղել է 2020-ը՝ 37 հարցումով, սակայն հետագա տարիներին այդ թիվը նվազել և կայունացել է միջինում տարեկան 20–30-ի սահմաններում։ Հայաստանի հարցումների մեծ մասը կատարվել է իրավական ընթացակարգերով (օրինակ՝ դատական կամ քնչական մարմինների միջնորդությամբ), իսկ տվյալների տրամադրման տոկոսը տատանվել է 56%-ից մինչև 82% (իրական կշիռը 72,6%)՝ հատկապես բարձր լինելով 2021, 2022 և 2023 թվականներին։
Ադրբեջանի կառավարությունը նույն ժամանակահատվածում դիմել է Meta-ին՝ ընդհանուր առմամբ շուրջ 73 հարցումով, որոնք վերաբերել են 249 օգտատիրոջ կամ հաշվի։ Սակայն Ադրբեջանի դեպքում տվյալների տրամադրման ցուցանիշը նկատելիորեն ցածր է՝ մոտ 0–70% (իրական կշիռը՝ 26%), ինչը կարող է պայմանավորված լինել ոչ ամբողջությամբ իրավաչափ կամ չափազանց ընդհանրական ձևակերպված պահանջներով։
Այս թվերը վկայում են, որ Հայաստանի կառավարությունը Meta-ի հետ համագործակցում է ավելի կանխատեսելի իրավական ընթացակարգերով, մինչդեռ Ադրբեջանը՝ ավելի անկանոն և լայնածավալ հարցումների միջոցով։
[HTML File Title: Meta1_Arm / Meta1_Eng]
Meta-ի այս տվյալները ցույց են տալիս այն դեպքերը, երբ բովանդակությունը սահմանափակվել է միայն ազգային մակարդակում՝ տվյալ երկրի օրենսդրությանը հակասելու պատճառով։ Սա վերաբերում է այն հրապարակումներին, որոնք չեն խախտում Meta-ի ներքին կանոնները, սակայն հակասում են տեղական օրենքներին, և այդ պատճառով դառնում են անհասանելի միայն տվյալ երկրում։ Նման սահմանափակումների հիմք են դառնում ինչպես կառավարությունների և դատարանների, այնպես էլ կարգավորող մարմինների կամ քաղաքացիների հաղորդումները։
Վերջին հինգ տարիների համար Meta-ն Հայաստանից և Ադրբեջանից ստացել է մեկական դիմումներ՝ ազգային մակարդակում բովանդակության սահմանափակման ուղղությամբ։ Ըստ զեկույցի դիմումները ստացվել են Ադրբեջանի կողմից 2021-ի առաջին կիսամյակին, իսկ Հայաստանի կողմից՝ 2024-ի առաջին կիսամյակին։ Սակայն զեկույցը չի պարզաբանում թե ինչ բովանդակության մասին է խոսքը։
Այս զեկույցում ներկայացված են նաև մի շարք գլոբալ սահմանափակումներ, որոնք կիրառվել են Meta-ի ամբողջական տիրույթում՝ անկախ երկրից, որոնք առնչություն չունեն կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։
Meta-ի տվյալներով՝ ինտերնետի խափանումները դիտավորյալ սահմանափակումներ են, երբ պետական կամ այլ կառույցների գործողությունների հետևանքով քաղաքացիների մուտքը ինտերնետին կամ որոշ կայքերին ու հավելվածներին արգելափակվում է։ Այսպիսի դեպքերը ոչ միայն խոչընդոտում են մարդկանց՝ շփվելու և տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, այլ նաև բացասաբար են ազդում մարդու իրավունքների, բիզնեսների և մեդիա կազմակերպությունների գործունեության վրա։ Meta-ն պարբերաբար հետևում է իր հարթակների հասանելիությանը և հրապարակում հաստատված խափանումների վերաբերյալ տվյալներ՝ ապահովելով դրանց հրապարակային փաստագրումը։
Վերջին հինգ տարիներին Meta-ն չի արձանագրել Հայաստանում ինտերնետի խափանման կամ ֆեյսբուքի արգելափակման որևէ դեպք, մինչդեռ Ադրբեջանի կողմից 2020 թվականին արձանագրվել է երկու դեպք՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքներում՝ ընդհանուր 3 ամիս, 20 օր, 7 ժամ տևողությամբ։ Առաջին անջատումը տեղի է ունեցել Ադրբեջանի ազգային մակարդակում՝ սեպտեմբերի 27 — նոյեմբերի 11 ժամանակահատվածում (44 օր տևողությամբ), որն ամբողջությամբ համընկնում է ԼՂ երկրորդ՝ 44-օրյա պատերազմի օրերի հետ։ Երկրորդ անջատումը՝ ԼՂ տարածքում ընդգրկում է սեպտեմբերի 29 — դեկտեմբերի 3 ժամանակահատվածը (67 օր, 7 ժամ)։
[HTML File Title: Meta2_Arm / Meta2_Eng]
Google-ի պարագայում, թափանցիկության զեկույցները շատ ավելի մեծ ծավալներ ու դասակարգումներ ունեն, որոնք նաև ընդգծում են թե կառավարությունների ենթակայության կամ պետական այլ մարմինների ինչ ստորաբաժանումներ են դիմել տեղեկատվության ստացման համար։ Մենք այս ամենից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին 5 տարիների համար։
Այս բաժինը ներկայացնում է այն հարցումների քանակը, որոնք կարող ենք նույնականացնել որպես դիվանագիտական ընթացակարգերի միջոցով ներկայացված օգտատերերի տվյալների հարցումներ։ Դրանք ներառում են, օրինակ, այն դեպքերը, երբ որևէ երկրի կառավարություն դիմում է մեկ այլ երկրի կառավարությանը՝ փոխադարձ իրավական աջակցության պայմանագրի (Mutual Legal Assistance Treaty, MLAT) շրջանակում։
Ադրբեջանը Google-ի այս զեկույցում չունի որևէ տվյալ, մինչդեռ Հայաստանն ունի 36 դիմում՝ տարեկան միջինում 7,2 դիմում արդյունքով, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապուղիներով։
[HTML File Title: Google1_Arm / Google1_Eng]
Աշխարհի տարբեր երկրների դատարաններն ու պետական կառույցները պարբերաբար դիմում են Google-ին՝ խնդրելով հեռացնել որոշակի տեղեկատվություն ընկերության արտադրանքներից։
Մենք ուսումնասիրել ենք այդ հարցումների վերաբերյալ Google-ի թափանցիկության զեկույցները՝ ներկայացնելու, թե որքան հաճախ և ինչ հիմքերով են Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմինները դիմել նման պահանջներով։
Google-ն ուսումնասիրում է յուրաքանչյուր հարցում, որպեսզի որոշի՝ արդյոք բովանդակությունը պետք է հեռացվի օրենքի կամ ընկերության քաղաքականությունների խախտման հիմքով։
Google-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ բովանդակության հեռացման հարցումների ծավալով Ադրբեջանը զգալիորեն գերազանցում է Հայաստանին։ 2020–2024 թվականներին Ադրբեջանը Google-ին ներկայացրել է 105 հարցում՝ հիմնականում YouTube-ի բովանդակության առնչությամբ, որոնք հղում են արել զրպարտության, ազգային անվտանգության, կառավարության քննադատության, ատելության խոսքի և կեղծ նույնականացման հիմքերին։ Այս պահանջները արտացոլում են երկրի տեղեկատվական քաղաքականության վերահսկողական բնույթը, որտեղ առցանց բովանդակությունը հաճախ դիտվում է որպես անվտանգության կամ պետական վերահսկողության հարց։
Հայաստանի կառավարությունը նույն ժամանակահատվածում ներկայացրել է 7 հարցում, որոնք հիմնականում առնչվել են հեղինակային իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հիմքերին։
[HTML File Title: Google2_Arm / Google2_Eng]
Թափանցիկության զեկույցը առանձին դասակարգում է, թե պետական որ մարմիններն են դիմել տեղեկատվության հարցմամբ, դրանցում քանի բովանդակություն է եղել նշված և ինչ որոշում է կայացրել Google-ը հարցումների վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն իր 105 հարցումներով խնդրել է հեռացնել 1,301 բովանդակություն, Հայաստանը՝ 7 հարցումներով՝ 135 բովանդակություն։ Ադրբեջանի կողմից հարցումներ ներկայացնողների դասակարգման շտեմարանում տեղ են գտել կառավարական պաշտոնյաներ, տեղեկատվության և հաղորդակցության, ոստիկանական, դատական և այլ մարմիններ։ Հայաստանի պարագայում նշված են միայն կառավարական պաշտոնյաներ և տեղեկատվության և հաղորդակցության մարմիններ։ Ադրբեջանի պարագայում հատկանշական է, որ 2024 թվականի տվյալներում առկա է «Այլ» դասակարգման տակ գտնվող մարմիններից Google-ին ուղղված 2 հարցում, որոնցում նշված է եղել 999 բովանդակություն։