Pegasus-ը արտադրող NSO Group-ին պարտավորեցրել են 600 միլիոն դոլար վճարել Meta-ին

09 Մյս 2025

Meta-ն շահել է լրտեսող ծրագրեր արտադրող NSO Group-ի դեմ գրեթե վեց տարի տևած դատավարությունը, և իսրայելական կազմակերպությունը Մարկ Ցուկերբերգի ընկերությանը պետք է վճարի ավելի քան 600 միլիոն դոլար:

2023 թվականի դեկտեմբերին Meta-ն արդեն հաղթել էր դատավարությունում, և ըստ վճռի` NSO-ն անօրինական կերպով օգտագործել է WhatsApp-ի խոցելիությունը՝ օգտատերերի հեռախոսներում լրտեսող ծրագրեր տեղադրելու համար:

Այս երեքշաբթի Կալիֆոռնիայի դատարանը որոշում կայացրեց, որ NSO-ն պարտավոր է Meta-ին վճարել 444,7 դոլար որպես փոխհատուցում ու ևս 167,3 միլիոն դոլար՝ որպես տուգանք։

«WhatsApp-ի գործով այսօրվա վճիռը կարևոր քայլ է գաղտնիության և անվտանգության համար՝ որպես առաջին հաղթանակ լրտեսող անօրինական ծրագրերի մշակման և օգտագործման դեմ, որոնք սպառնում են բոլորի անվտանգությանն ու գաղտնիությանը»,- հայտարարել է Meta-ն։

Իր հայտարարության մեջ NSO-ն նշել է, թե «մանրակրկիտ կուսումնասիրի վճիռը և կձեռնարկի համապատասխան իրավական միջոցներ, ներառյալ հետագա դատավարություններն ու բողոքարկումը»։

Հիշեցնենք, որ միջազգային լայն հանրությանը NSO Group-ի մասին հայտնի դարձավ մոտ տասը տարի առաջ, երբ սկսեցին ի հայտ գալ ընկերության ամենից հայտնի՝ Pegasus լրտեսող ծրագրի կիրառման մասին առաջին հրապարակումները։

Իսրայելական ընկերությունը տևական ժամանակ պնդում էր, որ իր լրտեսող ծրագիրը օգտագործվում է բացառապես ահաբեկիչներին ու հանցագործնբերին հետևելու համար, սակայն տարիների ընթացքում հայտնի դարձան բազմաթիվ դեպքեր, երբ Pegasus-ը կիրառվել է այլախոհների, լրագրողների և իրավապաշտպանների դեմ աշխարհի տարբեր երկրներում։

WhatsApp-ի դատական ​​հայցին, որը ներկայացվել էր 2019 թվականին, ուշադիր հետևում էին ինչպես NSO Group-ի մրցակիցները, այնպես էլ իրավապաշտպանները, որոնք տարիներ է ինչ պայքարում են նման ծրագրեր արտադրող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար։

Երկու կողմն էլ հասկանում են, որ վճիռը կարող է նախադեպ դառնալ։

Դատավարության ընթացքում պարզվել է, որ NSO Group-ը ունի մոտ 140 հոգանոց հետազոտական բաժին՝ շուրջ 50 միլիոն դոլար տարեկան բյուջեով, որի նպատակն է շարունակական հետազոտությունների միջոցով խոցելիություններ հայտնաբերել տարաբնույթ սմարթֆոններում, որպեսզի ընկերության լրտեսող ծրագրերը հնարավոր լինի աննկատ տեղադրել թիրախավորված աձանց հեռախոսներում։

Հայտնի է, որ Ադրբեջանը ակտիվորեն կիրառել է Pegasus ծրագիրը հայաստանյան թիրախների դեմ՝ հատկապես 2020-2021 թվականներին՝ 44 օրյա պատերազմի ժամանակ և հաջորդած տարում։

Հրապարակման աղբյուրն է։