31 Մրտ 2025
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը խոստովանել է, որ Միացյալ Նահանգների արտաքին ու անվտանգային քաղաքականության վերաբերյալ կառավարական մակարդակով ու պետական գաղտնիք հանդիսացող քննարկումներ են արվել սովորական՝ քաղաքացիական սմարթֆոնների համար նախատեսված հայտնի Signal հավելվածի միջոցով, ինչը, փաստորեն, ոչ միայն խախտում է անվտանգության տարրական նորմերը, այլև ԱՄՆ օրենսդրությունը։
«Ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Ես եմ ստեղծել խումբը [Signal հավելվածում]։ Ամոթ է։ Կպարզենք եղելությունը»,- այս մարտի 25-ին ամերիկյան Fox News-ին ասել է Ուոլցը։
Հեղինակավոր The Atlantic պարբերականը այս մարտի 24-ին հանդես եկավ աղմկահարույց հրապարակմամբ, թե գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը օրեր առաջ սխալմամբ հրավեր է ստացել ու ընդգրկվել Signal հավելվածի խմբում, որտեղ, ինչպես հետագայում պարզվել է, ներառված են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում ԱՄՆ 18 բարձրաստիճան պաշտոնյաներ։
Օրեր շարունակ ամերիկացի պաշտոնյաները Signal հավելվածում քննարկել են Եմենի՝ հութիների դեմ ծրագրված հարձակումը, ներկայացնելով հետախուզական գաղտնի գործողությունների տվյալներ, սպառազինության տեսակներ, որոնցով պետք է հարվածներ հասցվեն և այլ՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
Ի վերջո, ԱՄՆ հարվածները Եմենին հասցվել են այս մարտի 15-ին՝ ըստ հութիների հանգեցնելով ավելի քան հինգ տասնյակ զոհերի։
Թեման չի իջնում ամերիկյան քաղաքական օրակարգից ու միջազգային լրատվամիջոցների էջերից, իսկ դիտորդներն էլ ընդգծում են՝ խախտվել են Միացյալ Նահանգների մի շարք օրենքներ։ Նախևառաջ, խոսքը «Նախագահական արձանագրությունների մասին» (Presidential Records Act) և «Դաշնային արձանագրությունների մասին» (Federal Records Act) օրենքների վերաբերյալ է, որոնք ուղղակի պահանջում են պաշտոնական հաղորդակցությունն իրականացնել պատշաճ կարգով՝ պահպանելով այն, նաև հաշվետվության նպատակներով: Այնինչ, Signal հավելվածի օգտագործման պարագայում խախատվել էր կարգը, իսկ, ըստ հրապարակման, խմբի ստեղծողը՝ Ուոլցը չաթի հյամար սահմանել էր գրառումների անհետացման ռեժիմ, որպեսզի օրեր անց հաղորդագրություններն ինքնուրույն ջնջվեն։
Տեղի ունեցածը խախտում է նաև ամերիկյան մեկ այլ օրենք՝ «Լրտեսության մասին» (Espionage Act), ըստ որի գաղտնի տեղեկատվության քննարկումը կամ փոխանցումը անապահով հարթակներում կարող է մեկնաբանվել որպես պետական գաղտնիքի չթույլատրված տարածում։
Եվ վերջապես, նման կարգի տեղեկատվության տարածումը ոտնահարում է անվտանգության պրոտոկոլները։ Պարզվում է, որ օրերս՝ մարտի 18-ին, Պենտագոնը զգուշացրել էր իր աշխատակիցներին չօգտագործել Signal հավելվածը։
Մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում հրապարակեց 2021 թվականի նոյեմբերին վերաբերող և Հայաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ իր նամակագրությունը, որը տեղի էր ունեցել WhatsApp հավելվածում։
Հրապարակման նպատակն այլ էր, սակայն շատերի ուշադրությունը գրավեց, որ, փաստորեն, Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերը՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկել է WhatsApp-ով։
Ամիսներ անց նշված կոնտեքստում հավելվածը ևս մեկ անգամ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ 2024 թվականի նոյեմբերին մամուլը գրեց, թե Փաշինյանը կառավարության անդամներին, բարձրաստիճան պաշտոյաներին առաջարկել է հրաժարականի դիմումներ գրել WhatsApp-ի հաղորդագրությունների միջոցով։
Հայաստանում գործում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, որը թարմացվեց վերջերս՝ 2023 թվականի մարտին, և որը կարգավարում է պետական գաղտնիքին առնչվող բազմաթիվ ասպեկտներ՝ դասակարգման, գաղտնագրման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, գաղտնազերծման, ոչնչացման հետ կապված։
Սակայն այդքանով հանդերձ օրենքը զուրկ է հստակությունից, օրինակ, արգելվո՞ւմ է վերը նշված հավելվածները կիրառել պետական գաղտնիք պարունակող կամ դրան առնչվող տեղեկությունների փոխանցման ժամանակ։
Օրենքը 7-րդ գոդվածի 14-րդ կետի համաձան՝ «կառավարությունը սահմանում է էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը»։ Բայց այդ կարգը գտնել չհաջողվեց։
Մեր զրուցակիցները, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունները, չբացառեցին, որ նման կարգ, իրականում, գոյություն ունի, սակայն այն նույնպես գաղտնի է՝ գաղտնի կերպով է կարգավորված, թե պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ինչպես պետք է փոխանակվեն էլեկտրոնային եղանակով։
Գուցե։ Սակայն անգամ այդ պարագայում դժվար թե այնտեղ նշված չլինի պետական գաղտնիքի հետ հարաբերվելիս՝ WhatsApp-ից կամ այլ հավելվածներից չօգտվելու մասին՝ հավելվածների, սմարթֆեննրի, սարքերին միմյանց կապող համացանցի խոցելիությունների պատճառով։