31 Մրտ 2025
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնաբերել է ապացույցներ, որ Սերբիայում գործող Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի (ԲՀԼՑ, Balkan Investigative Reporting Network) երկու լրագրողներ թիրախավորվել են Pegasus լրտեսող ծրագրով 2025 թվականի փետրվարին:
Amnesty International-ը մեղադրում է սերբական իշխանություններին լրտեսող ծրագրի միջոցով լրագրողներին, ակտիվիստներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին թիրախավորելու մեջ՝ հավելելով, թե ձեռք բերված ապացույցները գալիս են լրացնելու 2024 թվականի դեկտեմբերի թողարկած զեկույցը՝ «Թվային բանտ», ուր ներկայացված են Սերբիայի քաղաքացիական հասարակության անօրինական թիրախավորման բազմաթիվ դեպքեր՝ մի շարք լրտեսող ծրագրերի, այդ թվում՝ Pegasus-ի ու իսրայելական մեկ այլ ընկերության՝ Cellebrite-ի միջոցով։
Անցած երկու տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան արձանագրել է Pegasus-ի կիրառություն սերբական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ: 2023 թվականի նոյեմբերին Amnesty International-ն ու գործընկերները՝ Access Now-ն, SHARE Foundation-ը և Citizen Lab-ը փաստագրել էին, թե Սերբիայի քաղաքացիական հասարակության երկու անդամներ թիրախավորվել են լրտեսող ծրագրի միջոցով: Նման դեպք էր գրանցվել նաև 2023 թվականի հուլիսին։
Amnesty International-ը 2025 թվականի մարտի 14-ին գրություն է ուղարկել NSO Group-ին՝ թիրախավորումների նոր դեպքերի կապակցությամբ, և ընկերությունից արձագանքել են, թե չեն կարող մեկնաբանել առկա ու նախկին հաճախորդներին առնչվող տեղեկությունները:
2025 թվականի փետրվարին Pegasus լրտեսող ծրագրի միջոցով թիրախավորված երկու լրագրողները աշխատում են ԲՀԼՑ-ում և հաճախ են ենթարկվել սպառնալիքների, հարձակումների, նրանց դեմ դատական հայցեր են ներկայացվել Սերբիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Լրագրողները կասկածելի հաղորդագրություններ են ստացել անհայտ հեռախոսահամարից Viber հավելվածի միջոցով: Երկու հաղորդագրություններն էլ ուղարկվել են նույն՝ +381659940263 սերբական հեռախոսահամարից, որը պատկանում է Telekom Srbija-ին՝ սերբական պետական հեռահաղորդակցության օպերատորին:
Կասկածելով, որ այդ՝ Viber հաղորդագրությունները փորձ են իրենց հեռախոսներում լրտեսող ծրագրեր տեղադրել, լրագրողները աջակցություն ստանալու համար դիմել են Amnesty International-ի անվտանգության լաբորատորիային:
Տե՛ս նկար 1 և 2։
![]() |
![]() |
Թիրախավորված լրագրողներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր իրական անունը (նախընտրեց ներկայանալ Բոգդանա)՝ անվտանգության նկատառումից ելնելով, տարիներ շարունակ զբաղվում է Սերբիայում կազմակերպված հանցավոր խմբավորումների և պետական պաշտոնյաների միջև կապերի, կոռուպցիոն գործերի հետաքննությամբ։
2025 թվականի փետրվարի 14-ին Բոգդանան Viber հաղորդագրությունների հավելվածում ստացավ կասկածելի հաղորդագրություն անհայտ համարից: Հաղորդագրությունը, կարծես, ընկերական էր. «Տեղեկություն ունե՞ս, որ նա հաջորդն է: Լսել եմ բոլորովին այլ բան»։ Զետեղված էր նաև լրատվական մի հրապարակման հղում:
Այդ ժամանակ Բոգդանան աշխատում էր սերբական կառավարությանն առնչվող կոռուպցիոն մի դեպքի հետաքննության վրա, և հաղորդագրությունը ստանալու նախորդ օրը հանդիպել էր կարևոր աղբյուրների՝ ներառյալ կառավարությանը մոտ կանգնած անձանց:
Մտածեց, որ խորհրդավոր հաղորդագրությունը կարող է վերաբերել իր աղբյուրին, և ցանկությունը մեծ էր սեղմել հղումը՝ մուտք գործելու հրապարակում, սակայն տեղյակ էր հնարավոր վտանգների մասին։
Amnesty International-ի փորձաքննության համաձայն՝ նշված հղումը «բարձր հավանականությամբ» միջոց էր լրագրողի հեռախոսում տեղադրել Pegasus լրտեսող ծրագիրը:
Եվ այսպես, Բոգդանան հղումը չի սեղմել, և որևէ նշան, ապացույց չկա, թե Pegasus լրտեսող ծրագիրը հաջողությամբ տեղադրվել է լրագրողի հեռախոսում:
Amnesty International հետազոտողների կողմից անվտանգ միջավայրում բացելիս՝ այդ հղումը տարել է ոչ այն հասցեով կայքեջ, որն ի սկզբանե նշված է եղել անծանոթի կողմից ուղարկված հաղորդագրությունում (Amnesty International-ը փակել է այդ հասցեն, նկար թիվ 1), այլ ուղղորդել է բոլորովին այլ հասցեով կայքէջ՝ https://n1info.com։
Մոտ երկու տարի առաջ՝ 2023 թվականի հուլիսին, սերբական կառավարության դեմ բողոքի ակցիաների առաջնորդներից մեկը թիրախավորվել էր Pegasus-ով և հղումը նույնպես տարել էր նույն հասցեն՝ https://n1info.com, ինչի մասին շարադրված է «Թվային բանտ» զեկույցում։
Նշված հանգամանքը հիմք է տվել եզրակացնել, որ գործ ունենք թիրախավորող նույն կենտրոնի հետ։
NSO Group-ը շարունակաբար հայտարարել է, թե «NSO արտադրանքն օգտագործվում է բացառապես կառավարությունների կողմից հետախուզական [նպատակով] և իրավապահ մարմինների կողմից՝ հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարելու համար»:
Այս դեպքի առնչությամբ Amnesty International-ին ուղղված նամակում NSO Group-ը նշել է, թե «մեր համակարգերի բոլոր վաճառքները կատարվում են ստուգված՝ կառավարական վերջնական օգտագործողների համար»:
CyberHUB.Am-ի գնահատմամբ՝ Հայաստանում շարունակում է պահպանվել Pegasus-ով թիրախավորվելու վտանգը։ Իսկ որ հայաստանցի բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ, եղել են լրտեսող այդ ծրագրի թիրախներ, նորություն չէ։
Զարգացնելով իր կարողությունները՝ CyberHUB.Am-ը ևս ունակ է հայտնաբերել նմանօրինակ հարձակումները նաև Viber հավելվածի միջոցով, և հավատարիմ մեր առաքելությանը պատրաստ ենք անհրաժեշտ աջակցությունը ցույց տալ քաղաքացիական հասարակության ու լրագրողական համայնքի ներկայացուցիչներին։