21 Դկտ 2024
ФСБ-ն օգտագործել է Monokle լրտեսող ծրագիրը հակապատերազմական ակտիվիստ և մաթեմատիկոս Կիրիլ Պարուբեցի դեմ՝ ներթափանցելով նրա սմարթֆոն։ Այս մասին հաղորդում է արտերկրում գործող ռուսաստանյան Первый отдел իրավապաշտպան կազմակերպությունը։
Ըստ հրապարակման՝ լրտեսող ծրագիրը թաքնված է եղել սմարթֆոնի համակարգային հավելվածի քողի տակ և մուտք է ստացել Պարուբեցի սմարթֆոնի տվյալներ՝ ներառյալ զանգեր, նամակագրություն և թե տվյալ պահին որտեղ է գտնվում սմարթֆոնը (geolocation):
Первый отдел-ը պնդում է՝ առաջին անգամն է, երբ կարողացել են ապացուցել, որ ռուսաստանյան հակապատերազմական ակտիվիստների դեմ կիրառվել է Monokle ծրագիրը։
Monokle ստեղծել է Սանկտ-Պետերբուրգում գործող ռուսաստանյան «Հատուկ տեխնոլոգիական կենտրոն» (Специальный технологический центр) կազմակերպությունում, որը, ըստ հրապարակումների, կապված է ռուսական հետախուզական ծառայությունների հետ: Ծրագիրը կարող է կառավարել սարքը՝ ձայնագրել էկրանը, ակտիվացնել տեսախցիկը կամ խոսափողը, ճանկել ֆայլերը և գաղտնաբառերը։ Սմարթֆոն ներթափանցում է բջջային հայտնի հավելվածների միջոցով, որոնք մատուցում են տարաբնույթ ծառայություններ:
Կիրիլ Պարուբեցն աշխատել է Ուկրաինայում՝ որպես բիզնես վերլուծաբան, զբաղվել է կամավորությամբ։ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից առաջ նա օգնում էր Դոնբասի բնակիչներին դեղորայք ու սնունդ հայթայթել: 2022 թվականի ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Պարուբեցը չի կարողանում երկարաձգել Ուկրաինայում բնակության թույլտվությունը՝ Ռուսաստանի քաղաքացիության պատճառով և որոշում է հայրենադարձության ծրագրով ստանալ Մոլդովայի, ապա Ռումինիայի քաղաքացիություն։ Այդ նպատակով ստիպված էր վերադառնալ Ռուսաստան։ Կնոջ հետ Ռուսաստան է մուտք գործել Վերին Լարսի անցակետով, և Պարուբեցի խոսքով՝ խնդիրներ չէին ծագել։
Ամուսինները մոտ վեց ամիս Ռուսաստանում էին՝ նախապատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը, երբ 2024 թվականի ապրիլին վեց դիմակավորված անձինք ավտոմատներով ներխուժել են նրանց բնակարան, ծեծել են Կիրիլին ու հարցաքննել, թե «արդյոք գումար է փոխանցել ուկրաինացիներին»։ Այնուհետև, հավաքել են բնակարանի ողջ տեխնիկան, փաստաթղթերը ու տարել։
«Կարծես, նախկինում եղել էին [բնակարանում] կամ ինչ-որ գաղտնալսում է եղել. շատ արագ գտան, թե որտեղ է նոութբուքը, թեև այն սեղանին չէր, գտան սմարթֆոնը։ Գտան նաև Ուկրաինային վերաբերող փաստաթղթեր։ Պահանջեցին սմարթֆոնի գաղտնաբառը։ Չցանկացա ասել։ Սկսեցին ծեծել։ Կնոջս տրորում էին իրենց սապոգներով։ Կինս հետո պատմեց, որ ահավոր վախեցել էր»,- պատմում է Կիրիլ Պարուբեցը:
Նրան տարել են ոստիկանական բաժանմունք։ Շուտով մեղադրանք են առաջադրել ուկրաինական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար։ Կարճ ժամանակ անց առաջարկել են «համագործակցություն»։ Պարուբեցը «համաձայնել» է աշխատել ФСБ-ի համար։ Արդյունքում, 15 օր վարչական կալանքից հետո Պարուբեցն ու կինը ազատ են արձակվել։
Ռուսաստանցի ուժայինները վերադարձրել են զույգին պատկանող սարքավորումները՝ նոութբուքը, սմարթֆոնները, ինչից հետո զույգը կարողացել է մեծ դժվարությամբ հեռանալ Ռուսաստանից, իսկ Կիրիլի հեռախոսում հայտնաբերվել է Monokle լրտեսող ծրագիրը։
Monokle տրոյական ծրագրի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2018 թվականին։ Կիբեռանվտանգությամբ զբաղվող Lookout կազմակերպույունն այն 2019 թվականին նկարագրեց որպես «թիրախային հարձակումների գործիք»:
Փորձագետների խոսքով՝ Monokle-ն ունի լրտեսող ծրագրերին բնորոշ գործառույթներ, սակայն ունի նաև առանձնահատկություններ։ Օրինակ, կարող է կարդալ, թե ձեր սմարթֆոնում առավել հաճախ ինչ բառեր եք մուտագրել (մուտք ունի սմարթֆոններում առաջակվող «Կանխատեսվող տեքստ» / Predictive Text գործառույթին, ինչը տեքստ գրելիս՝ առաջարկում է օգտատիրոջն առավել հաճախ կիրառված բառերը՝ ձգտելով ժամանակ խնայել նրա համար)։ Նման գործառույթը թույլ է տալիս Monokle-ի օպերատորին եզրակացնել, թե ինչ է հետաքրքրում սմարթֆոնի տիրոջը։
Հրապարակման աղբյուրն է։