28 Նյմ 2019
Սոցիալական ցանցերը ստիպված են իրականացնել անընդհատ մոդերացիա, որպեսզի օգտատերերը չենթարկվեն հարձակումների, չտեսնեն արգելված բովանդակություն, չկորեն սպամի մեջ և այլն։ Մյուս կողմից, սոցցանցերի օգտատերերի թիվը և նրանց գրառումները, տեղադրած տեսանյութերը, նկարները, մեկնաբանությունները այսօր աստղաբաշխական քանակի են հասել, ինչը թույլ չի տալիս լիարժեք «մարդկային» մոդերացիա իրականացնել։ Այդ իսկ պատճառով շատ նմանատիպ գործողություններ իրականացվում են բոտերի, արհեստական բանականության կողմից։ Այս տարվա ընթացքում միայն Ֆեյսբուքը արգելափակել է մոտ վեց միլիարդ ֆեյք օգտատերերի։
Մոդերացիայի սկզբունքներից մեկը օգտատերերի օգնությունն է․ սոցցանցերը անընդհատ հիշեցնում և հորդորում են մեզ բողոքել ամեն անգամ, երբ տեսնում ենք արգելված բովանդակություն կամ կանոնները խախտող օգտատերերի։
Եվ այստեղ մենք մտնում ենք «մոխրագույն գոտի»։ Սոցցանցերի կանոնները այնքան էլ հստակ չեն և սահմանային բովանդակություն գոյություն ունի, որի մոդերացիան կարող է լինել շատ սուբյեկտիվ։ Բացի դրանից, սոցցանցերը անընդհատ փոփոխություններ են մտցնում իրենց մշակած վարքականոններում։ Անհայտ է, թե երբ, որ դեպքում, քանի բողոքից հետո համակարգը ուշադրություն կդարձնի կոնկրետ գրառման կամ օգտատիրոջ վրա։ Դրան գումարած այն հանգամանքը, որ շատ գործողություններ ավտոմատացված են, մենք ստանում ենք հարձակումների համար ուղղություն։
Զանգվածային ուղղորդված և թիրախավորված բողոքները կոնկրետ գրառումների, օգտատերերի կամ էջերի դեմ պարբերաբար հաջողության են հասնում։ Եվ քանի որ ավտոմատացված համակարգի հետ գործ ունենք, օգտատերը կամ էջը կարող է ոչ մի կանոն չխախտել, սակայն ընկնել սոցցանցի կողմից պատժամիջոցների տակ։ Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ նման մասշտաբային հարձակումները։ Հաշիվը սոցցանցում կարող է երկարաժամկետ արգելափակման տակ ընկնել, որոնց կրկնվելու դեպքում հաշիվը կարող է պարզապես հեռացվել։ Կարող է հեռացվել նաև կոնկրետ գրառում։ Սակայն լինում են ավելի բարդ գնահատվող հետևանքներ։ Օրինակ՝ օգտատիրոջ կամ էջի ցուցադրումները պարզապես ընկնում են․ սոցցանցի ալգոռիթմը նվազեցնում է կամ, նույնիսկ, զրոյացնում է տվյալ հաշվից տեղադրվող գրառումների դիտումները։ Այսինքն, հաշիվը արգելափակված չէ, սակայն գրառումները ոչ ոք չի տեսնում, կամ տեսնում են շատ սահմանափակ քանակի մարդիկ։ Մեկ այլ տարբերակով օգտատերը սկսում է ֆիլտրների կողմից դիտարկվել որպես սպամ տարածող և հղումների տարածումը արգելափակվում է կամ ամեն անգամ պահանջվում է CAPTCHA։
Այսպես, թե այնպես հետևանքները անկանխատեսելի են և պատժամիջոցների ազդեցության ժամկետը նույնպես հաճախ հասկանալի չէ։ Շատ դեպքերում նույնիսկ բողոքարկելու հնարավորություն չկա, քանի որ սոցցանցը չի էլ զգուշացնում, որ պատժիչ գործողություններ է իրականացնում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ թիրախավորված անձը կամ կազմակերպությունը հաճախ տեղյակ էլ չէ, որ հարձակման տակ է գտնվում, իսկ եթե նույնիսկ իմանում է դրա մասին, միշտ չէ, որ կարող է հասկանալ, թե ում կողմից են իրականացվում գործողությունները։
Նման հիբրիդային գործողությունները պարբերաբար լուրջ ազդեցություն են թողնում հայաստանյան հասարակության վրա։ Այսպես, օրինակ, 2017 թվականին ընտրությունների ժամանակ արգելափակվել էին մի շարք լրատվական և լրագրողական թվիթերյան հաշիվներ։ 2017 թվականից սկսված Ֆեյսբուքը մեծ քանակի օգտատերերի է արգելափակում՝ ելնելով ոչ միանշանակ կանոնների կիրառումից։
CIviCERT-AM-ի դիտարկումներով՝ տվյալ պահին նույնպես իրականացվում են նման զանգվածային բողոքների ակցիաներ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք տվյալ պահին ավելի շուտ ներքաղաքական բնույթ ունեն։ Ազդեցության տակ ընկնում են հիմնականում լրատվամիջոցների էջերը։ Նաև դիտարկվել է հասարակական գործիչների դեմ հարձակում Ֆեյսբուքում։
Վերջին ամիսներին մենք արձանագրում են նոր վեկտորի առաջացում․ հարձակման թիրախ են դառնում բնապահպան ակտիվիստները։ Ինչը մեծ հավանականությամբ նշանակում է, որ նման հարձակումները դառնում են գործիք ոչ միայն զուտ քաղաքական պայքարում, այլ արդեն տեղափոխվել են քաղաքացիական, տնտեսական, բնապահպանական ոլորտներ։
Այս ամենը շատ մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով, որ նման հիբրիդային տիպի հարձակումների դեպքում շատ դժվար է դրանց դեմ պայքարել։ CIviCERT-AM֊ը փորձում է իր միջազգային գործընկերների հետ արձագանքել նման դեպքերին և նվազեցնել ազդեցությունը։ Սակայն, հարձակումների թիվն աճում է, և այս պարագայում շատ ավելի կարևոր է, որպեսզի հենց սոցցանցերի ղեկավարությունները գիտակցեն խնդիրը և փորձեն ստեղծել ավելի ճկուն արձագանքման մեխանիզմներ։