12 Հկտ 2024
Ինտերնետ Արխիվը՝ կարևոր գործիք հետազոտողների, փաստեր ստուգողների և հետաքննող լրագրողների համար, վերջերս ենթարկվել է մի շարք հարձակումների:
Կարևոր է հասկանալ, որ այս կայքում օգտահաշիվներ ստեղծում են հիմնականում հենց հետազոտողները և լրագրողները։ Տվյալների արտահոսքը ներառում է էլ. փոստի հասցեները, օգտանունները և bcrypt-ով կոդավորված գաղտնաբառերը։ Եթե դուք սովորություն ունեք նույն գաղտնաբառը օգտագործել մի քանի կայքերում և ծառայություններում, այսօր ճիշտ ժամանակն է գնալ և փոխել դրանք, եթե Ինտերնետ Արխիվում նույնպես տվյալ գաղտնաբառն օգտագործել եք։ Բացի այդ՝ անպայման ակտիվացրեք երկգործոն նույնականացումը բոլոր օգտահաշիվներում։
Ինտերնետ Արխիվը (Internet Archive) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանել և մատչելի դարձնել համացանցի և այլ թվային նյութերի պատմությունը: Այն ստեղծվել է 1996 թվականին և ներառում է մեծ քանակությամբ վեբ էջեր, գրքեր, տեսանյութեր, աուդիո նյութեր և ծրագրային ապահովում: Ինտերնետ Արխիվը նաև առաջարկում է ծառայություններ, ինչպիսիք են Wayback Machine-ը, որը թույլ է տալիս օգտատերերին դիտել կայքերի նախորդ տարբերակները: