Գլոբալ թվային հարթակների թափանցիկության զեկույցները բացահայտում են, թե ինչ պարբերականությամբ և ինչ ծավալի հարցումներով են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել սոցիալական մեդիա ընկերություններին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու կամ բովանդակություն հեռացնելու նպատակով։
Հավաքագրել ենք 2020-2024 թվականներին Meta-ի, TikTok-ի, Google-ի, Apple-ի և Yandex-ի թափանցիկության զեկույցների տվյալները՝ բովանդակության և օգտատերերի արգելափակումից մինչև օգտատերերի և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ, ինտերնետի անջատումներից մինչև հակակառավարական և կառավարամետ մեդիա արաշվներ և Ռոսկոմնադզորի պահանջներ։
* Ծանուցում. սոցիալական մեդիա հարթակները տարեկան հրապարակում են երկու կիսամյակային զեկույցներ։ Այս հոդվածում արտացոլված տվյալները հաշվարկվել են տարեկան սկզբունքով իսկ տոկոսային տվյալներն արտացոլում են կիսամյակաին տվյալների համադրման իրական կշիռները։ Դրանք կարող են տարբերվել աղբյուրներում առկա կիսամյակաին տվյալներից։
TikTok
Տիկտոկը թափանցիկության զեկույցների մի քանի ենթատեսակներ ունի, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին հինգ տարիների համար։
Թաքնված ազդեցության քարոզչական գործունեություն (Covert Influence Operations)
Հավաքագրել ենք թաքնված ազդեցության գործողությունների մասին տվյալները, որոնք կանխվել են հարթակի կողմից՝ թափանցիկությունն ու բարեվարքությունն ապահովելու նպատակով։
2024 թվականի հուլիս ամսին հարթակը զեկուցում է այն մասին, որ հայտնաբերել է Ադրբեջանում գործող և ադրբեջանական լսարանին թիրախավորող ցանցային թաքնված գործողությունների շարք։ Ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս ադրբեջանական վարչակարգի բարենպաստ պատմույթները։ Ցանցի անդամները, սովորաբար, իրենց հաշիվների նկարներում օգտագործել են Ադրբեջանի պետական զինանշանի պատկերները։ Ցանցի բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 51 հաշիվ՝ 31,090 հետևորդներով։
Մի քանի ամիս անց՝ 2024-ի հոկտեմբերին հարթակը բացահայտում է մեկ այլ ներքին թաքնված գործողությունների շարք՝ արդեն Հայաստանում, որը թիրախավորել է հայկական լսարանին։ Այս պարագայում ևս ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս վարչակարգին քննադատող պատմույթները։ Զեկույցում հարթակն ընդգծում է, որ ցանցը հաճախ իր հաշիվների նկարներում օգտագործել է Գարեգին Նժդեհի պատկերները։ Այս բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 132 օգտահաշիվ՝ 88,667 հետևորդներով։
Կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների զեկույց (Government Removal Requests Report)
TikTok-ի թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, թե ինչպես են կառավարությունները դիմում բովանդակության հեռացման կամ սահմանափակման հարցումներով։ Ընկերությունը նշում է, որ նման հարցումները գնահատում է՝ հիմնվելով իր համայնքային ուղեցույցների և տեղական (դիմորդ երկրի) օրենսդրության վրա։ Եթե բովանդակությունը հակասում է տվյալ երկրի օրենքներին, TikTok-ը կարող է սահմանափակել դրա հասանելիությունը միայն այդ երկրում։ Իսկ այն դեպքերում, երբ հարցումները չունեն իրավական հիմք կամ չեն խախտում հարթակի կանոնները, մերժվում են։
TikTok-ի թափանցիկության տվյալները վկայում են, որ վերջին տարիներին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակաբար դիմում են հարթակին՝ բովանդակության հեռացման կամ հաշիվների սահմանափակման պահանջներով։
Հայաստանի կառավարությունը 2023 թվականին ներկայացրել է 10 հարցում, որոնք վերաբերել են 1 միավոր բովանդակության և 8 օգտահաշվի՝ 100% բավարարման ցուցանիշով։ Իսկ 2024 թվականին հարցումների թիվը աճել է մինչև 21, որոնցում 45 միավոր բովանդակություն է նշվել, և 42-ը հեռացվել են հարթակի կանոնների խախտման հիմքով։ Հեռացման ընդհանուր ցուցանիշը կազմել է 90.8%, ինչը ցույց է տալիս, որ TikTok-ը հիմնականում բավարարում է Հայաստանի ներկայացրած պահանջները, երբ դրանք համապատասխանում են օրենքին և հարթակի ներքին ուղեցույցներին։
Ադրբեջանը պահպանել է հարցումների առավել բարձր ինտենսիվություն։ Եթե 2023-ին գրանցվել էր 50 կառավարական դիմում՝ շուրջ 196 միավոր բովանդակության և 63 հաշվի վերաբերյալ՝ ապահովելով 83.4% հեռացման ցուցանիշ, ապա 2024-ին հարցումների թիվը հասել է 131-ի, դրանցում նծշված բովանդակության ծավալը՝ 430 միավորի, իսկ հաշիվների ծավալը՝ 445-ի։ Բովանդակության առնչությամբ հեռացվել է 229 նյութ՝ հարթակի կանոնների խախտման հիմքով և 66 նյութ՝ Ադրբեջանի ներքին օրենսդրության հիմքով։ Հաշիվների պարագայում, հեռացվել է 248-ը՝ հարթակի կանոնների խախտման հիմքով և 69-ը՝ Ադրբեջանի ներքին օրենսդրության հիմքով։ Ընդհանուր առմամբ, տարվա հեռացման ցուցանիշը կազմել է մոտ 70%։
Ընդհանուր առմամբ՝ 5 տարիների ընթացքում Հայաստանը TikTok-ին ներկայացրել է 35 հարցում, որոնցում նշված է եղել 54 բովանդակություն և 48 օգտահաշիվ, մինչդեռ Ադրբեջանը ներկայացրել է 205 հարցում՝ նշելով 809 բովանդակություն և 600 օգտահաշիվ։
Այսպիսով, Ադրբեջանն ունեցել է 4 անգամ ավելի շատ հարցումներ, որոնցում նշել է 15 անգամ ավելի բովանդակություն և 13 անգամ ավելի հաշիվներ, քան Հայաստանը։ TikTok-ը Ադրբեջանի բովանդակության վերաբերյալ հարցումներին մերժել է 203 միավոր ծավալով, Հայաստանին՝ 3 միավորով, օգտահաշիվների պարագայում՝ համապատասխանաբար 163 և 3 միավորով։