Այսօր, երբ մենք շատ ժամանակ ենք անցկացնում համացանցում՝ սոցիալական կայքերում, խաղային հարթակներում ու թեմատիկ խմբերում, կարևոր է իմանալ, թե ինչ է կիբեռբուլինգը և ինչպես կարելի է դրանից պաշտպանվել։
Կիբեռբուլինգն իրականացվում է թվային հաղորդակցության գործիքների միջոցով (սոցիալական ցանցեր, մեսենջերներ, առցանց խաղային հարթակներ, էլեկտրոնային փոստ և այլն)՝ անձին ծաղրելու, նվաստացնելու, վիրավորելու, հետապնդելու, հոգեբանական ճնշման ենթարկելու, սպառնալու կամ ահաբեկելու եղանակով։
Կիբեռբուլինգ է, երբ այլ անձինք վիրավորական մեկնաբանություններ կամ մեմեր են թողնում քո լուսանկարի և գրառումների ներքո, բամբասանք կամ սուտ տեղեկություն են տարածում քո մասին, փորձում են սպառնալ՝ մասնավոր նամակներով, ծաղրելու և ցանկացած վնաս հասցնելու նպատակով տարածում են քեզ վերաբերող անձնական տվյալները՝ առանց քո թույլտվության, դուրս են թողնում սոցիալական տարբեր խմբերում ներգրավելու հնարավորությունից և այլն։
Սովորաբար, նման դեպքերում ունենում ես տրամադրության, ինքնագնահատականի անկում, պակասում է սովորելու, մարդկանց հետ շփվելու ցանկությունը, նկատում ես քնի որակի վատթարացում, անգամ մարսողության խանգարում։
Կարևոր է իմանալ՝ դու մեղավոր չես և չպետք է ամաչես կամ վատ զգաս մի բանի համար, որում մեղավորություն չունես։
Ի՞նչ անել, եթե կիբեռբուլինգի ես ենթարկվում
- Մի պատասխանիր վիրավորանքին․ կիբեռբուլինգ անողի ցանկությունը հենց դա է, որ դու արձագանքես և քո նկատմամբ ծաղրն ու նվաստացումը շարունակվի։
- Պահպանիր ապացույցներ․ սքրինշոթներ արա, պահիր նամակները, տեսանյութերը, լուսանկարները, եթե պետք լինի, ապա ցույց տուր քեզ վստահելի մեծահասակի։
- Շփվիր վստահելի մարդու հետ․ խոսիր ծնողի, ուսուցչի, ավագ եղբոր/քրոջ կամ հոգեբանի հետ։ Անհրաժեշտության դեպքում կարող ես կապվել նաև մեզ հետ։
- Արգելափակիր քեզ կիբեռբուլինգի ենթարկողներին․ սոցիալական ցանցերում կարելի է արգելափակել օգտատիրոջը կամ խախտումների դեպքում այդ մասին տեղեկացնել խմբի ադմիններին։ Մասնավոր դարձրու քո օգտահաշիվը։ Ծանոթացիր կիբեռնուլինգի դեմ պայքարելու մեր խորհուրդներին։
- Մի մնա մենակ․ հիշիր՝ շատերը բախվել են նման իրավիճակների, դու միայնակ չես, և օգնություն միշտ կա։
Ինչպես կանխարգելել կիբեռբուլինգի հավանականությունը
- Առցանց միջավայրում մի կիսվիր քո անձնական տվյալներով (հասցե, հեռախոս, գաղտնաբառ)։
- Սահմանափակիր, թե ով կարող է գրել քեզ կամ տեսնել քո հրապարակումները։
- Միշտ մտածիր՝ արժե՞ արդյոք որևէ բան տեղադրել, մինչև դա անելը։
- Ինքդ մի մասնակցիր կիբեռբուլինգի․ նույնիսկ հումորով մեկնաբանությունները երբեմն ցավեցնում են ուրիշին։
- Լավ ընկեր եղիր․ եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկին կիբեռբուլինգի են ենթարկում՝ աջակցիր նրան:
——
Անցի՛ր մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկա իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։
——
Այս բլոգը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Բլոգում արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: