24 Ապր 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ Միացյալ Նահանգների պետական դաշնային կառույցներին արգելվել է օգտագործել մասնավոր լրտեսական համակարգչային ծրագրեր, որոնք «սպառնալիք են մարդու իրավունքներին և [ԱՄՆ] ազգային անվտանգությանը»։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, որոշումը նախևառաջ վերաբերում է իրավապահ մարմիններին, պաշտպանության նախարարությանը և հետախուզական տարաբնույթ գործակալություններին։ Թե կոնկրետ ինչ լրտեսական որ ծրագրերի մասին է խոսքը՝ ԱՄՆ կառավարությունը չի մանրամասնում։
Հաղորդվում է, որ Բայդենի վարչակազմը նման որոշման է հանգել, երբ հաստատվել է՝ ԱՄՆ կառավարության տարբեր օղակների մի քանի տասնյակ պաշտոնյաների բջջային հեռախոսներ թիրախավորվել են նմանատիպ ծրագրերի կողմից։
Նախագահ Բայդենի որոշման հիմքում նաև քաղաքական պատճառ կա։ Ամերիկյան պարբերականների ներկայացմամբ, ԱՄՆ-ում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ դեմոկրատների կառավարությունը ցանկանում է շահել մասնավոր կյանքի գաղտնիությունը (privacy) կարևորող ամերիկացիների քվեները, իսկ միջազգային ասպարեզում՝ Վաշինգտոնը նպատակ ունի դառնալ մասնավոր լրտեսական ծրագրերի դեմ պայքարի առաջամարտիկը՝ նոր չափանիշներ սահմանելով ազատ աշխարհի համար։
Ի՞նչ կարող են անել այդ ծրագրերը
Համակարգչային լրտեսական ծրագրերի միջոցով հնարավոր է ներթափանցել բջջայիններ, համակարգիչներ, այլ սարքեր և գաղտնալսել, ձայնագրել մարդկանց խոսակցությունները, կարդալ հաղորդագրություններն ու նամակները, գողանալ տարաբնույթ ֆայլեր, իրական ժամանակում տեղորոշել սարքը և այլն։
Նման ծրագրեր արտադրող ընկերություններից վերջին շրջանում հատկապես աչքի են ընկել իսրայելական NSO Group-ն (Pegasus լրտեսական ծրագիր) ու Candiru-ն, իտալական Hacking Team-ը, բրիտանա-գերմանական Lench IT Solutions-ը (FinFisher լրտեսական ծրագիր) և մակեդոնական Cytrox-ը։ Թեև վերջիններս պնդում են, որ նմանատիպ ծրագրերը ծառայում են հօգուտ ազգային անվտանգության և անփոխարինելի միջոց են, օրինակ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, սակայն հանրահայտ են դեպքերը, երբ տարբեր, հատկապես՝ բռնապետական երկրներում գործող լրագրողներ, իրավապաշտպաններ, հանրային գործիչներ թիրախավորվել են նման ծրագրերի միջոցով։
Համակարգչային լրտեսական ծրագրերի օգտագործման դեպքեր գրանցվել են թե՛ ժողովրդավարական պետություններում (Գերմանիա, Իսպանիա, Էստոնիա և այլն), թե՛ բռնապետական (Ադրբեջան, Սաուդյան Արաբիա, Ղազախստան և այլն) երկրներում։
Հայաստանը բացառություն չէ․ այստեղ գրանցվել են նմանատիպ ծրագրերով հեռախոսների թիրախավորման մի քանի տասնյակ դեպքեր։ Ընդ որում, թիրախավորվել են նաև պետական նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների, հանրային ու քաղաքական գործիչների բջջայիններ։
Ավելի քան հարյուր տարի գործող ամերիկյան հեղինակավոր Carnegie Endowment for International Peace վերլուծական կենտրոնի օրերս հրապարակած մի զեկույցի (Why Does the Global Spyware Industry Continue to Thrive? Trends, Explanations, and Responses) համաձայն, օրինակ, Ադրբեջանի կառավարությունը օգտվել է NSO Group-ի և Hacking Team-ի լրտեսական ծրագրերից, իսկ «Հայաստանի կառավարության աջակցությունը վայելող կառույցները»՝ Cytrox-ի։
Օգտագործվել են TechCrunch, The Washington Post, Mashable պարբերականների նյութերը։