16 Մրտ 2023
Վերջին շրջանում CyberHUB-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մարդկանց գողանում են WhatsApp-ի հաշիվները կամ երբևէ WhatsApp չունեցող մարդու հեռախոսահամարով գրանցում են նոր օգտահաշիվ։ Ընդ որում, վերջին դեպքը շատ հաճախ է հանդիպում, պարզվում է, որ մարդը երբևէ WhatsApp-ում չի գրանցվել, առհասարակ անգամ սմարթֆոն չի ունեցել, և օգտագործել է պարզունակ հեռախոս՝ այսպես կոչված ՊՆ Nokia, և ահա նրա հարազատների WhatsApp-ի կոնտակտների լիստում հայտնվում է տվյալ անձը՝ ինչ-որ այլ անունով և անծանոթ նկարի տակ։
Նման օգտահաշիվները հետ բերելու փորձերը հաճախ ձախողվում են, քանի որ հաքերները կոտրելուց հետո նաև երկփուլային վավերացում են ակտիվացնում։
Այդուհանդերձ, CyberHUB-ը պարզել է, որ երբ Դուք փորձում եք գրանցել նման հաշիվ և ստանում եք կոդ WhatsApp-ից, թեև այդ պահին չեք կարողանում մուտք գործել օգտահաշիվ՝ քանի որ չունեք երկփուլային վավերացման կոդը, այդուհանդերձ՝ երկփուլայի վավերացումը կասեցվում է և եթե 7 օր հետո դուք նորից եք փորձում գրանցվել և հետ բերել օգտահաշիվը, դա արդեն հնարավոր է դառնում։
Եթե Ձեր WhatsApp օգտահաշիվը կոտրել են, կոչ ենք անում անպայման օգտվել վերոհիշյալ քայլերից և հետ բերել այն, քանի որ հանցագործները ամենյան հավանականությամբ փորձելու են Ձեր հեռախոսահամարով գրանցված WhatsApp-ն օգտագործել հետագա հաքերային հարձակումների համար։
Նշենք, որ այս պահին CyberHUB-ը հետաքննում է այս հարձակումները, որովհետև WhatsApp-ների օգտահաշիվները կոտրելու մեխանիզմը այս պահին դեռևս ամբողջությամբ պարզ չէ։ Այս ուղղությամբ նոր տեղեկատվության դեպքում անպայման կտեղեկացնենք։