04 Հկտ 2019
Այսօր հայաստանյան կազմակերպությունները և անհատները ենթարկվում են կիբեր֊հարձակումների մի քանի հիմնական ուղղություններով․
ա․ Ադրբեջանական հաքերային խմբերը իրականացնում են ամենօրյա հարձակումներ։ Թիրախ են հանդիսանում ինչպես անհատների սոցցանցային հաշիվները և էլեկտրոնային փոստերը, այնպես էլ՝ կազմակերպությունների հաշիվները և կայքերը։ Հարձակվողների համար կարևոր է միայն, որ թիրախը ազգությամբ հայ է։ Տվյալ խմբերին աջակցում են նաև մի շարք թուրքական ազգայնական հաքերային խմբեր։
բ․ Միջազգային կիբեր֊կրիմինալը, որը թիրախավորում է հայաստանցիներին այնպես, ինչպես մյուս բոլոր երկրների քաղաքացիներին կամ կազմակերպություններին։
գ․ Հայաստանում սրվում է ներքաղաքական պայքարը, որը բերում է նաև հակամարտության ցանցային տիրույթում։ Այստեղ ավելի շատ տարածված են զանգվածային բողոքների ակցիաները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում արգելափակել կամ ժամանակավոր նվազեցնել ցուցադրումները հակառակորդ ճամբարի օգտատերերի և էջերի։ Նման հարձակումները դժվար վերծանելի են և միշտ չէ, որ հնարավոր է հասկանալ աղբյուրները և մասշտաբները։
Ադրբեջանական հաքերային խմբերի հարձակումների իրականացվում են հիմնականում երկու վեկտորով։ Մեկը դա կայքերի վրա հարձակումներն են, որտեղ հիմնականում հաքերները օգտվում են չթարմացվող CMS ունեցող կայքերի խոցելիություններից։ Նման հարձակումների հաջողված թիվը տարեց տարի նվազում է, քանի որ շուկայում ավելի լուրջ են սկսում վերաբերել կայքերի թարմացումներին։ Հենց հիմնականում ադրբեջանցի հաքերների շնորհիվ։
Երկրորդ ուղղությունը ֆիշինգն է, որի շնորհիվ հաջողվում է կոտրել հազարավոր պրոֆիլներ ինչպես սոցցնացերում, այնպես էլ էլ․ փոստերում։ 2019 թվականի ընթացքում հաքերների կողմից մի քանի խոշոր հարձակում է իրականացվել հայաստանյան օգտատերերի դեմ, տուժել է մոտ 10 հազար սոցցանցային օգտատեր։
Կիբեր կրիմինալի կողմից իրականացվող հարձակումները նույնպես հիմնականում հիմնված են ֆիշինգի վրա։ Վերջերս շատ տարածված տեսակ է հանդիսանում շահումների ֆիշինգը, որտեղ մարդ տարբեր կայքերի վրա տեսնում է հայտարարություն այն մասին, որ ինքը անվճար կստանա հեռախոս, կամ գումար է շահել, և դրա դիմաց պետք է լրացնի իր անձնական տվյալները՝ ներառյալ բանկային քարտի բոլոր տվյալները։
Տարիներ շարունակ լուրջ վտանգ է կազմակերպությունների մակարդակով կրիպտովիրուսների տարածումը։ Կազմակերպությունների մակարդակով նաև գնալով աճում է նամակագրության հափշտակումը, երբ հարձակվողներին հաջողվում է ներթափանցել բիզնես նամակագրության մեջ։ Որպես հետևանք հաքերներին հաջողվում է փոփոխել գործընթացային վերջին նամակը, որտեղ նշված է բանկային հաշիվը, ուր գործընկերը պետք է փոխանցում կատարի։ Որպես հետևանք գումարը հայտնվում է հաքերների բանկային հաշվի վրա։
Տվյալ հարձակումները բավականին լուրջ վնաս են հասցնում հայաստանյան բիզնեսներին։ Սակայն, քանի որ չկա պաշտոնական հրապարակային վիճակագրություն, բացի դրանից բիզնեսներից շատերը պարզապես չեն դիմում իրավապահ մարմիններին, ապա դժվար է հստակ գնահատական տալ, թե ինչ մակարդակի վնաս է հասցվում տնտեսությանը։