11 Հնվ 2026
Daily Dark Web կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հաքերային ֆորումներում վաճառքի է հանվել հայաստանի կառավարության էլ–փոստային նամակագրության և ծանուցումների համակարգի հետ կապ ունեցող մեծտածավալ տվյալների բազա։ Ըստ հրապարակման՝ տվյալների ենթադրյալ հավաքածուն մոտ 8 միլիոն գրառում է ընդգրկում, որոնք առնչվում են պաշտոնական հաղորդագրություններին՝ ներառյալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ), Պարեկային ծառայության և դատական մարմինների ծանուցումները: Վաճառողը տվյալների բազան գնահատել է 2 500 ԱՄՆ դոլար։ CyberHUB-AM թիմին առայժմ չի հաջողվել ձեռք բերել տվյալների բազան կամ դրա փորձանմուշը, որպեսզի գնահատի դրանց իսկությունը։
Հայաստանի կառավարությունը հրապարակային հերքում է տարածել, պնդելով, որ պետական էլ–փոստային ենթակառուցվածքը չի կոտրվել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, թե վաճառքի հանված ֆայլերը ենթադրաբար «կորզվել» են cabinet.armlex.am հարթակից։
«Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։Նախնական ուսումնասիրության արդյունքում, կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել ենէլեկտրոնային քաղաքացիական դատավարությանcabinet.armlex.am հարթակից։Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով։»
Թեև առայժմ հասկանալի չէ, թե ի վերջո որտեղից են հայտնվել այս տվյալները, նման տվյալների արտահոսքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի քաղաքացիների վրա։ Պետական ծանուցումներին առնչվող տվյալները սովորաբար ընդգրկում են անուններ, կոնտակտային տվյալներ, գործերի համարներ, տուգանքների կամ հարկադիր կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն: Եթե այդպիսի տվյալները դուրս են եկել վերահսկողությունից, ապա դրանք կարող են օգտագործվել թիրախավորված ֆիշինգային հարձակումների, խարդախության, շանտաժի կամ ապակողմնորոշող «պաշտոնական» հաղորդագրությունների տարածման համար: