28 Նյմ 2025
Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքում վիրուսային տարածում է գտել գայթակղիչ, բայց վտանգավոր խաղարկություն։ Կեղծ էջերը, ներկայանալով որպես հայտնի սուպերմարկետներ, խոստանում են նվիրել թանկարժեք մեքենաներ։
Եթե տեսել եք նման գրառում և մտածել մասնակցելու մասին, կանգ առեք։ Սա դասական «ֆիշինգ» (phishing) հարձակում է։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք՝ ձեր տվյալներն ու գումարը պաշտպանելու համար։
Խարդախները ստեղծում են կեղծ էջեր, օրինակ՝ «yerevan City.» (ուշադրություն դարձրեք կետին) կամ «Carrefour fans» ։ Սխեման գործում է երեք պարզ քայլով.
1. Խայծը. խարդախները տեղադրում են Volkswagen Tiguan R-Line մեքենայի նկարներ և հայտարարում, թե Սուրբ Ծննդյան առթիվ որոշել են ուրախացնել մարդկանց՝ նվիրելով մեքենաներից մեկը։ Գրառման տակ նրանք խնդրում են գրել «@» և սեղմել «highlight» (ընդգծել), խոստանալով, որ եթե մեկնաբանությունը «կապույտ դառնա», դուք կմասնակցեք խաղարկությանը ։ Սա արվում է Ֆեյսբուքի ալգորիթմը խաբելու և գրառումը ավելի շատ մարդկանց ցուցադրելու համար։
2. Կեղծ հաղթանակը. հենց դուք մեկնաբանություն եք թողնում, վայրկյանների ընթացքում ստանում եք նամակ (Messenger-ով)։ Բոտը էջի անունից, շնորհավորում է ձեզ՝ ասելով, որ դուք պաշտոնապես ընտրվել եք հաղթող։
3. Թակարդը. այստեղ սկսվում է վտանգավոր մասը։ Նամակում ասվում է, որ ժամանակը սահմանափակ է (օրինակ՝ ունեք 10 րոպե), և պետք է արագ գրանցվել՝ մրցանակը ստանալու համար ։ Հղումը սեղմելիս դուք հայտնվում եք կասկածելի կայքում, որտեղ ձեզնից պահանջում են՝
Բանկային քարտի տվյալներ. Խաբեբաները պնդում են, թե դա միայն «անվճար ստուգման» համար է, բայց իրականում կարող են գողանալ ձեր գումարը։
Ներբեռնել անհայտ հավելվածներ. Որոշ դեպքերում համակարգը պահանջում է ներբեռնել VPN ծրագրեր (օրինակ՝ Mix VPN) կամ ուղարկել վճարովի SMS հաղորդագրություններ։
Եթե ուշադիր լինեք, կնկատեք մի քանի ակնհայտ նշաններ.
Վատ հայերեն. Տեքստերը թարգմանված են Google Translate-ով։ Օրինակ՝ «եթե ձեր մեկնաբանությունը դառնա կապույտ» կամ «մենք որոշեցինք ուրախություն պարգևել բոլորին» արտահայտությունները բնական չեն հնչում։
Էջի որակը. Էջերը նոր են ստեղծված, չունեն իրական հետևորդներ կամ գնահատականներ (Not yet rated) ։
Շտապեցում. Խարդախները միշտ փորձում են ստիպել ձեզ գործել արագ (օրինակ՝ «մինչև միջոցառման ավարտը», «ժամանակը սահմանափակ է»), որպեսզի չհասցնեք մտածել։
Կասկածելի հղումներ. Նրանք օգտագործում են tinyurl.com կամ blogspot.com տիրույթի հղումներ՝ պաշտոնական կայքերի փոխարեն։
Մի՛ մեկնաբանեք. մի՛ գրեք «@highlight», դա միայն օգնում է խարդախներին տարածել գրառումը։
Մի՛ բացեք հղումները. եթե ստացել եք «հաղթանակի» մասին նամակ, մի՛ անցեք հղումով։
Բողոքարկեք (Report). սեղմեք էջի կամ գրառման վրա և ընտրեք «Report» -> «Fake Page» կամ «Scam» տարբերակը։
Տեղեկացրեք ընկերներին. կիսվեք այս տեղեկատվությամբ, որպեսզի ձեր մտերիմները ևս չընկնեն թակարդը։
Հիշեք՝ սուպերմարկետները մեքենաներ չեն նվիրում Ֆեյսբուքի մեկնաբանությունների դիմաց։ Եղե՛ք զգոն։
