25 Հնս 2025
Ինտերնետային սպառնալիքներն այսօր կարող են նույնքան վտանգավոր լինել, որքան իրական կյանքի մարտահրավերները։ Ծանոթ կամ անծանոթ անձի կողմից ստացված սպառնալիք, սոցցանցում հրապարակված վիրավորական և նվաստացնող հրապարկում կամ անձնական նկարների, տեսանյութերի ու այլ տվյալների տարածում․ այս ամենը կարող է թողնել լուրջ հետևանքներ ոչ միայն հոգեբանական մակարդակում, այլ նաև իրավական դաշտում։ Շատերը չգիտեն, որ թվային հարձակումներն օրենքով դատապարտելի են։
Եթե քո նկատմամբ իրականացվել է թվային հարձակում, առաջին բանը, որ պետք է անել, փաստաթղթավորելն է (տես՝ հոդվածը)։ Սքրինշոթեր, ձայնագրություներ, պահպանված նամակներ՝ դրանք ապացույցներ են, որոնք կարող են օգտագործվել ինչպես իրավապահների, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ քո պաշտպանությունը կազմակերպելու համար։
Հայաստանի օրենսդրությամբ՝ նման գործողությունները կարող են դիտարկվել որպես անձնական տվյալների խախտում, շանտաժ, վիրավորանք կամ նույնիսկ՝ քրեական հանցագործություն՝ կախված իրավիճակից։ Այստեղ կարևոր է չուշանալ․ շատ դեպքերում ժամանակն է որոշում, թե արդյոք հնարավոր կլինի պաշտպանել ձեր իրավունքները։
Եթե չգիտես՝ ում դիմել, սկսիր քո շրջապատից․ վստահելի հասարակական կազմակերպություններ, իրավաբաններ, լրագրողներ կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Միշտ կա հնարավորություն պայքարելու արդարության համար։ ԿիբեռՉատը նույնպես կարող ես դիտարկել քեզ աջակցելու հնարավոր տարբերակների ցուցակում։ Մենք պատրաստենք օգնել հնարավոր երեք ուղղություններով՝ տեխնիկական, հոգեբանական և իրավական։
Կախված քո տարիքից՝ իրավական լուծումները տարբեր են։ Որոշ դեպքերում գուցե անհրաժեշտ լինի ծնողի ներգրավվածությունը՝ որպես քո իրավական ներկայացուցչի։
Թվային միջավայրը պետք է լինի ապահով բոլորիս համար։ Ձեր պատմությունն ու արձագանքը կարող են նաև պաշտպանել մյուսներին՝ նույն իրավիճակում հայտնվելուց։
——
Անցի՛ր մեր կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը, գտի՛ր այն դեպքի նկարագրությունը, որը համապատասխանում է քո ներկա իրավիճակին և ծանոթացի՛ր տեխնիկական, հոգեբանական և իրավական լուծումներին։ Եթե դժվարանում ես կամ հանդիպում ես խոչընդոտների, ապա կապվի՛ր մեզ հետ և մեր մասնագետները կաջակցեն քեզ։
——
Այս բլոգը մշակվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Բլոգում արտահայտված կարծիքները պատկանում են ԿիբեռՉատի հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ: