CyberHUB-AM թիմը ուսումնասիրում է AC19 հավելվածը

AC19, Android, App, Armenia, COVID-19, iOS

25 Մրտ 2020

CyberHUB-AM թիմի Թվային սպառնալիքների լաբորատորիան ուսումնասիրում է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի ներկայացրած AC19 հավելվածը, որը, փոխվարչապետի խոսքով, հնարավորություն է տալիս, պատասխանելով հարցաշարին, «հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Ձեր առողջական վիճակի վերաբերյալ»։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի խոսքով, հավելվածի ծրագրային կոդը հայկական կողմին տրամադրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այնուհետև, հայաստանյան մասնագետներն այն թարգմանել և փոփոխել են։

Մեր նախնական գնահատմամբ, տեղադրվելուց հետո հավելվածը կապ է հաստատում և տեղեկատվություն է փոխանակում իր հայաստանյան սերվերի և Google Firebase բջջային պլատֆորմի հետ։ Այն նույնականացնում է օգտատերերին հեռախոսահամարներով, հավաքում է մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հասցե, աշխարհագրական դիրք։ Հաշվի առնելով COVID-19-ի համավարակի և արտակարգ դրության հետ կապված մարտահրավերները՝ մենք չենք բացառում, որ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ և օգտակար լինել, պայմանով, որ  իշխանությունները առավելագույնս թափանցիկ լինեն և այս տեղեկատվությունը օգտագործեն բացառապես համավարակի տարածումը կանխելու և մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նշենք նաև, որ հավելվածը այս պահին գրանցված չէ Google Play-ում կամ App Store-ում, հետևաբար այն հնարավոր է տեղադրել միայն ուղիղ հղմամբ։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ հավելվածը ESET-NODE32 հակավիրուսային համակարգի կողմից նույնականացվում է որպես իրանական վնասաբեր ծրագիր, առիթ է հանդիսացել մեր կողմից հավելյալ ուսումնասիրություններ սկսելու համար։ Ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք, երբ դրանք հասանելի կլինեն։

ԼՐԱՑՈՒՄ. Մեր այս հայտարարության տարածումից մեկ օր անց հավելվածը հրապարակվեց Google Play Store֊ում, ինչը նշանակում է, որ այն համապատասխանել է Google֊ի անվտանգության  նախնական պայմաններին։